Արմավիրի բանտի պաշտոնյայի դատապարտյալը կաշառք է տվել. ինչ գործարք են կատարել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Ռաֆիկի Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա, 2021 թվականի դեկտեմբերի 30-ից զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգի և իր՝ քրեակատարողական ծառայության պաշտոնի N 23.17 անձնագրով սահմանված լիազորությունների բերումով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթ իրականացնող, ինչպես նաև՝ նույն ՔԿ հիմնարկի ճաշարանում իր ենթակայությամբ աշխատանքներ իրականացնող անձանց, գործիքների, նյութական արժեքների հաշվառման, հսկման, աշխատանքների կազմակերպման լիազորությունների բերումով՝ պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլ պարտականությունների՝ պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկելու դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից Հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում արգելված առարկաներ հանձնելու դեպքերը բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները և պայմանները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաև՝ բացառելու կալանավորների կամ դատապարտյալների կողմից իրավախախտում կատարելու հնարավորությունները, ի հակառակը դրանց՝ դատապարտյալից ստացել է կաշառք՝ կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար:

Մասնավորապես.
Հայկ Այվազյանը, զբաղեցրած պաշտոնի հետ մեկտեղ՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թիվ 36/3-4 հասցեում տեղակայված ավտոլվացման կետում իրականացնելով ավտոլվացողի աշխատանքներ, շահագրգիռ լինելով հիշյալ սպասարկման կետի հաճախորդների և շրջանառության ավելացմամբ, «Արմավիր» ՔԿ հիմնարկում 2022 թվականի փետրվարի 18-ի հերթապահության ընթացքում ընդունել է իր ենթակայության տակ տնտեսական աշխատանքներ իրականացնող` նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Վադիմ Կարենի Օհանյանի կողմից իրեն ներկայացված՝ առավելություն ստանալու, այն է՝ ավտոլվացման կետ քիմմաքրման համար երեք հաճախորդ ուղարկելու դիմաց քրեակատարողական հիմնարկներում արգելված առարկա հանդիսացող՝ երեք բջջային հեռախոսներ ՔԿ հիմնարկում Վ.Օհանյանին հանձնելու առաջարկը:
Ի կատարումն ձեռք բերված համաձայնության՝ Հ.Այվազյանը, 2022 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անհայտ անձից ստանալով երեք բջջային հեռախոսները, դրանք 2022 թվականի փետրվարի 22-ին փորձել է մտցնել <<Արմավիր>> ՔԿ հիմնարկի արգելված գոտի և հանձնել Վ.Օհանյանին, սակայն հիշյալ երեք բջջային հեռախոսները նույն հիմնարկի հսկիչ անցագրային կետում ժամը 09.20-ին կատարված Հ.Այվազյանի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են:
Այսպիսով, Հայկ Ռաֆիկի Այվազյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով:
2. Վադիմ Կարենի Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանում, որ նա հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր օգտին գործողություն կատարելու համար նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Ռաֆիկի Այվազյանին տվել է կաշառք: Մասնավորապես.

Տեղյակ լինելով, որ Հայկ Այվազյանը, զբաղեցրած պաշտոնի հետ մեկտեղ՝ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թիվ 36/3-4 հասցեում տեղակայված ավտոլվացման կետում իրականացնում է ավտոլվացողի աշխատանքներ և շահագրգիռ է հիշյալ սպասարկման կետի հաճախորդների ու շրջանառության ավելացմամբ, «Արմավիր» ՔԿ հիմնարկում 2022 թվականի փետրվարի 18-ի հերթապահության ընթացքում նրան խոստացել է առավելություն, այն է՝ առաջարկել է երեք բջջային հեռախոսներ բերելու և ՔԿՀ-ում իրեն հանձնելու դիմաց ավտոմեքենայի քիմմաքրման համար երեք հաճախորդ ուղարկել նրա կողմից շահագործվող ավտոլվացման կետ, որպիսի առաջարկն ընդունվել է Հայկ Այվազյանի կողմից:

Ի կատարումն Հ.Այվազյանի և Վ.Օհանյանի ձեռք բերված համաձայնության՝ 2022 թվականի փետրվարի 20-ին Հ.Այվազյանը, ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անհայտ անձից ստացել է երեք բջջային հեռախոսներ, ապա 2022 թվականի փետրվարի 22-ին դրանք փորձել է մտցնել «Արմավիր» ՔԿ հիմնարկի արգելված գոտի և հանձնել Վ.Օհանյանին, սակայն հիշյալ երեք բջջային հեռախոսները նույն հիմնարկի հսկիչ անցագրային կետում ժամը 09.20-ին կատարված Հ.Այվազյանի զննությամբ հայտնաբերվել և առգրավվել են:
Այսպիսով, Վադիմ Կարենի Օհանյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:




Լրահոս