Ձերբակալված Գարիկ Գալեյանին քննիչի մոտից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց․ փաստաբան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով տեղափոխում են «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Այս մասին ասաց Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։
«Նա երկու շաբաթ առաջ տարել էր սրտի վիրահատություն, հինգ ստենդ է տեղադրված եղել, և հիմա տեղափոխում են ԲԿ»։

Ինչ վերաբերում է նրան առաջադրված մեղադրանքին, փաստաբանն ասաց, որ այն աղերս չունի իրավաբանության հետ․«Մեղադրանք է առաջադրվել նրան՝ անձի համազգեստը քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքաշելով անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ։ Քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց»։

Փաստաբանն ասաց, որ ընթացակարգով կալանքի միջնորդություն են ներկայացնելու, և դիմեց Դատախազությանը․«Դիմում եմ Դատախազությանը, քանի որ իրենք ունեն շանս ցույց տալու իրենց վճռականությունը և հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը, որը ներկայացվել է, կամ ներկայացվելու է»։

Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հայտնում է, նախնական տվյալներով, 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերևույթ բռնություն գործադրած և ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, ովքեր Գարիկ և Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաև՝ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը:

Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է և ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Վարույթն իրականացնող մարմինը Արթուր Գալեյանին ձերբակալելու որոշում է կայացրել, որը կատարման նպատակով ուղարկել է հետաքննության մարմնին: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ նրան հայտնաբերելու և նախաքննական մարմնին ներկայացնելու ուղղությամբ:




Լրահոս