
Մայիսի 19-20-ը երկօրյա պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Լիտվայի Հանրապետության նախագահ Գիտանաս Նաուսեդան տիկնոջ՝ Դիանա Նաուսեդենեի հետ:
Հայաստանի Հանրապետության նախագահի նստավայրում մայիսի 20-ին նախատեսված դիմավորման պաշտոնական արարողությունից հետո տեղի կունենա նախագահներ Վահագն Խաչատուրյանի և Գիտանաս Նաուսեդայի առանձնազրույցը, որին կհաջորդի երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով հանդիպումը:
Հայաստանի և Լիտվայի նախագահներն այնուհետև հանդես կգան մամուլի համար հայտարարությամբ:
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, նաև շրջայց կկատարի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:
Պաշտոնական այցի շրջանակում նախատեսվում են Լիտվայի նախագահի հանդիպումները վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գիտանաս Նաուսեդային կհյուրընկալի Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը:
Լիտվայի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան: