ԲԵՆԻԿԻՑ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԴԺԳՈՀԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չնայած մեր երկիրն է, բայց էսօրվա դրությամբ այդքան վատ փորձառություն ունենալուց հետո որեւէ մեկին չեմ կարող կոչ անել այդտեղ ներդրում անել»,-«Ժողովուրդ»-ին տված հարցազրույցում ասաց ԱՄՆ քաղաքացի Նունե Սերոբյանը: Հիշեցնենք, որ Նունեն ավելի վաղ մեր թերթին պատմել էր, որ ՀՀ կուրորտաբանության եւ ֆիզիկական բժշկության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն, ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական Բենիկ Հարությունյանը, իրենց խաբելով, գումարներ է վերցրել, հիմա էլ հրաժարվում է տալ: Ու թեեւ մենք ներկայացրել էինք նաեւ Բենիկի պարզաբանումները, այնուամենայնիվ, նա որոշեց վիրավորվել եւ «Ժողովուրդ»-ին դատի տալ:Մենք կրկին զրուցեցինք Նունեի եւ Բենիկի մյուս գործընկերոջ` Սթիվի (Արմեն) հետ` արդեն ավելի մանրամասն ներկայացնելու, թե ինչ է տեղի ունեցել, որպեսզի մեր ընթերցողը հասկանա, թե ինչից է վիրավորվել Բենիկ Նիկոլայիչը:  -Բենիկ Հարությունյանն իրեն վիրավորված եւ զրպարտված է զգում: Իրո՞ք այդքան անհիմն բաներ էիք ասել մեր թերթին:Սթիվ. Երբ ինքը մեր դեմ հայց էր բացել, մենք ոչ թե միայն Հայաստանին մեջ այդ հայցին պատասխանեցինք, այլեւ ամերիկյան դատարանին դիմեցինք եւ մեր փաստաթղթերը ցուցինք` էդ 205 հազարը, եւ դատարանը պաշտոնապես ընդունեց, որ ինքը (Բենիկը-Ա.Դ.) ստացած է (գումարը-Ա.Դ.), եւ ինքն ի՞նչ ըրավ: Անձնական նամակ մը գրեց դատավորին` ըսելով, որ դատավորն իրավունք չունի էդ հարցն էստեղ արծարծելու, որովհետեւ ինքը ԱՄՆ քաղաքացի չէ: Նունե. Իհարկե, դատավորը հաշվի չառավ եւ վճիռ դրեց: Ասելով, որ օքեյ, այսքան տարի դուք էսքան ներդրում եք արել, էդ գումարները պաշտոնական իրենց տոկոսներով կազմում են 295 հազար դոլար: Ասեմ նաեւ, որ Բենիկ Նիկոլաեւիչը մեզ երբեք թղթեր չի ներկայացրել, բայց միլիոններ է ուզել, մեր գրպանից տվել ենք` լսելով, որ էսինչ բանը չկա, այնինչ բանը կկորցնենք: Ե՛ւ փոխանցումներ ենք արել,  ե՛ւ հենց էդտեղ` Հայաստանում ենք տվել (կանխիկ-Ա.Դ.): Բայց մենք հավատում էինք, որ նա մեզ համապատասխան թղթեր կներկայացնի: Երբ մենք թղթեր էինք ուզում, ինքն այդ ժամանակ օգտագործում էր այսօրվա պարոն նախագահի` Սերժ Սարգսյանի անունը` ներկայացնելով որպես եղբոր նման, այն բանի համար, որ ապահով զգանք մեզ: Ինքը շատ էր գործածում էդ անունը, որ… գիտես ինչպես է… երեւի Հայաստանում: Այստեղից անգամ ներդրող ենք ուղարկել, որին ոչինչ ցույց չեն տվել, եւ որը պատրաստ էր հինգ միլիոնի ներդրում անել ոսկու հանքերի մեջ: Մյուս գործընկերը` Ավետ Արզոյանը, ասել է` «հինգ միլիոն պետք չի, մի հիսուն հազար լինի, կգնանք Արգենտինա, քեֆ կանենք»:-Ինքն, օրինակ, հայտարարում է, որ իրեն Նունեն մոտ 35 հազար դոլար է տվել, որն էլ ծախսել է որպես պետական տուրք` բաժնետոմսեր գնելու համար: Եւ նույնիսկ դատարան է դիմել, որպեսզի այդ գումարները ձեզ վերադարձնեն:Նունե. Ուղիղ 130 հազար գնացել է իր այդ նեֆելինային սիենիտների արտադրության, իսկ 75 հազարը` ոսկու այդ հանքերի վրա:Սթիվ. Եթե այդպես է, ինչո՞ւ վերջին անգամ իմ տունը կհեռաձայներ եւ կասեր, որ 125-130 հազար դոլար կուտամ, դու հարցը գոցե: Ասի` մենք քեզի 205 հազար փաստաթուղթով կրնանք փաստել, որ քեզի էդքան դրամ ղրկած ենք: -Դուք պատրա՞ստ եք այդ ստացականները ներկայացնել: Իրենք ձեզ նաեւ մեղադրում են, թե ինչու եք անընդհատ տարբեր գումարների մասին խոսում, մեկ 130 հազարի մասին, մեկ այլ:Նունե. Այո՛, ամեն ինչ ունենք: Իսկ գումարները երկու բանի համար է գնացել`  նեֆելիանային սիենիտների, 75 հազարը` ոսկու հանքերի: Ոչ գիտենք` ինչքան ոսկի են արտահանել, ոչ գիտենք` ինչ են անում, մյուս փարթներն ասում էր` էսքան գրամ, թե կիլո ոսկի ենք արտահանել, ո՛չ էդ ոսկու գույնը մեզ ցույց տվեցին, ո՛չ էլ…-Իրենց պատասխանն այն է, որ դուք զգուշացված եք եղել, որ եթե չբերեք այդ ներդրողներին, ապա ըստ պայմանագրի` ձեր գումարները չեն վերադարձվելու: Բայց դուք էլ ասում եք, որ ներդրող եք ուղարկել, եւ ձեր հայաստանյան գործընկերների պահվածքի պատճառով գործարքները չեն կայացել: Ես ձեզ ճի՞շտ հասկացա:Նունե. Մենք օդի մեջ այդ փողն ինչո՞ւ էինք տալու (նախնական գումարը-Ա.Դ.), եթե վստահ չլինեինք, որ էդ ֆինանսավորումն անելու ենք, բայց եթե մեզ չեն տվել (թղթերը), ո՞վ միլիոններ կտա միայն նրա համար, որ գիտեք, մենք հանքեր ունենք, էսքան ոսկի  կա էդ հանքերում, բայց փաստաթղթեր չունենք:-Այսինքն` ընդունում եք, որ նման կետ եղել է պայմանագրում:Սթիվ. Պայմանով, որ իրենք պաշտոնական ֆինանսական թղթերը ներկայացնեին, բացատրեին, թե ինչ են անում, քանի աշխատող ունեն, ոչ թե ասեն, որ 170 տոննա ունեն, եւ պարզվի, որ միայն 14 տոննա կա:Նունե. Ես չգիտեմ, թե արժե այդքան անկեղծանալ, բայց լսել եմ, եւ բոլորը գիտեն, որ Բենիկ Հարությունյանը  կաշառելու, մարդկանց վախեցնելու շատ մեծ կարողություն եւ ընդունակություն ունի, ու դա մենակ մեր կարծիքը չէ: Էստեղ նման բան չկա: Մենք պետքարտուղարությունով, մամուլով ամեն ինչ անելու ենք: Ինձ եւ Սթիվին մի բան է պահել, որ մեր երկիրն է, չենք ուզում, ոնց որ ասած, մեր ներքին խոհանոցն ԱՄՆ-ում տարածել: Բայց Բենիկի նմանների դեմ ուրիշ ճար չկա:-Արդեն կանխեցիք հարցը, թե որոնք են լինելու ձեր հետագա քայլերը: Ի՞նչ կոչ կանեիք մեր իշխանություններին, որոնք գալիս են ԱՄՆ եւ խնդրում ներդրումներ անել:Նունե. Ես չափազանց հարգում եմ երկրի նախագահին էլ, սփյուռքի նախարարին էլ,  կառավարությանն էլ, մեր երկիրն էլ: Էդ գումարով կարող էինք ուրիշների նման շենք սարքել, վաճառել: Բայց նպատակն էն էր, որ հայրենիքում մնա հարստությունը, էստեղի ժողովուրդն աշխատի, ինչ խոսք, մենք էլ կօգտվենք: Ժողովրդին էլ օգուտ կլինի, երկրին էլ, որը, ցավոք սրտի, Բենիկ Նիկոլաեւիչի նմանները չեն հասկանում, քանի որ իրենց միայն գրպանն է հետաքրքիր: Էսօրվա դրությամբ այդքան վատ փորձառություն ունենալուց հետո որեւէ մեկին չեմ կարող կոչ անել այդտեղ ներդրում անել: Որովհետեւ միայն ես ու Սթիվը չենք, որ վատ էքսփերիանս ունենք, մարդիկ կան, որ միլիոններ են կորցրել: Հարցը գումարի չափը չէ, հարցը մոտեցումն է: Էդ հարցը պետք է շտկվի, որ իսկապես ազատ դաշտ լինի, որ մարդիկ գան, իրենց դրամներն իրենց հայրենիքում դնեն: Առաջին հերթին մի հատ դա թող մաքրվի, օրենքը գործի տեղը տեղին, նոր հետո մարդիկ ներդրումներ կանեն:ԱՆՈՒՇ ԴԱՇՏԵՆՑ




Լրահոս