ԱՄՆ իշխանությունները մտադիր են աշխատել ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ՝ հնարավորինս արագ հաստատելու Ֆինլանդիայից և Շվեդիայից դաշինքին միանալու դիմումները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Ես ջերմորեն ողջունում և վճռականորեն աջակցում եմ Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու պատմական հայտերը և անհամբեր սպասում եմ՝ աշխատելու ԱՄՆ Կոնգրեսի և ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որպեսզի արագորեն Ֆինլանդիային և Շվեդիային ընդունենք պատմության մեջ ամենաուժեղ պաշտպանական դաշինքի կազմ»,- ասվում է ԱՄՆ նախագահի գրավոր հայտարարության մեջ:
Բայդենն ընդգծել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ԱՄՆ վաղեմի գործընկերներն են: «ՆԱՏՕ-ի անդամ դառնալով՝ նրանք էլ ավելի կամրապնդեն մեր պաշտպանական համագործակցությունը և օգուտ կտան դաշինքին»,- նշել է ԱՄՆ նախագահը: Բայդենը տեղեկացրել է, որ մայիսի 19-ին Վաշինգտոնում հանդիպելու է Ֆինլանդիայի նախագահի ու Շվեդիայի վարչապետի հետ՝ խորհրդակցություններ անցկացնելու դաշինքին միանալու դիմումների շուրջ: