Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպում Երևանի փողոցներում, Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը:
Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն և Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: Ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երևույթին, ռուս խաղաղապահները կհսկեն, այստեղով կանցնի նաև Հայաստանից դեպի Արցախ գնացող գազատարը:
«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար պարզ չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերը նոր ճանապարհի կառուցման նախագծի մասով քննարկումներ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Համենայն դեպս, նման քննարկման մասին հրապարակային որևէ հայտարարություն չի եղել, ասում է ռազմական փորձագետն ու ուշադրություն հրավիրում ադրբեջանական կողմի շտապողականության վրա:
Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը, որ մեզ հետ զրույցի պահին համագյուղացիների հետ գյուղի եկեղեցու բակում Աղավնոյի ազատագրման 30-ամյակն էր տոնում, վստահեցրեց՝ գյուղի հետագա ճակատագրի մասին պատկան որևէ մարմին իրենց ոչինչ չասել:
Սևակ Վարդումյան