Ադրբեջանը շարունակում է ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ. այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է Նիդերլանդների միջազգային հարաբերութունների նիդերլանդական Քլինգենդայլ ինստիտուտում «Հայաստանը եւ Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ներկաներից մեկի հարցին:
«Ադրբեջանը, ցավոք, շարունակում է շատ ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Գիտեք, որ Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտ կա: Եվ ադրբեջանական դիվանագիտության հիմնական գործը վերջին ամիսներին հետեւյալն է. նրանք գնում են ԵՄ, ԱՄՆ եւ ասում են՝ ահա, տեսե՛ք, Հայաստանը պրոռուսական երկիր է, որոշ դեպքերում ասում են՝ պրոքսի ռուսական կառավարությամբ, դրանից հետո մեկնում են Ռուսաստան, ասում են՝ տեսե՛ք, Հայաստանը պրոարեւմտյան երկիր է, տեսե՛ք, ոնց են Արեւմուտքի հետ հարաբերությունները սերտացնում: Երբեմն ասում են, որ Հայաստանում Արեւմուտքի կողմից գունավոր հեղափոխության միջոցով հաստատված կառավարություն է, որը գործում է ընդդեմ Ռուսաստանի»,- ասել Փաշինյանը:
Նա հավելեց, որ դրա նպատակն է ընդդեմ Հայաստանի Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության ըմբռնում ձեւավորել թե՛ Արեւմուտքում, թե՛ Ռուսաստանում: Նրա խոսքով՝ չեն կարող ասել, որ այդ դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ չկան: «Օբյեկտիվ իրականությունն այն է, որ այս դիրքորոշումը հիմնավորելու համար փաստարկներ կան, որովհետեւ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է, ՀԱՊԿ անդամ եւ ԵԱՏՄ անդամ է, շատ ջերմ ու սերտ հարաբերություններ ունի ՌԴ-ի հետ: Մյուս կողմից՝ Հայաստանի, Եվրամիության եւ Եվրամիության անդամ երկրների հարաբերությունները գնալով խորանում են, որովհետեւ Եվրամիությունը Հայաստանի հիմնական գործընկերն է ժողովրդավարական բարեփոխումների ոլորտում»,- մանրամասնեց Փաշինյանը:
Անդրադառնալով հարցում հնչած դիտարկմանը, թե Հայաստանը փորձում է բազմակողմ քաղաքականություն իրականացնել՝ վարչապետն ընդգծեց, որ դրան կարող է ավելացնել, որ Հայաստանի դեմ էլ են փորձում բազմակողմ քաղաքականություն իրականացնել: «Եվ մենք ոչ միայն պիտի իրականացնենք բազմակողմ քաղաքականություն, այլ պետք է կարողանանք կառավարել ռիսկերը, որոնք ի հայտ են գալիս մեր դեմ տարվող բազմակողմ քաղաքականության հետեւանքով»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը վարում է բալանսավորված քաղաքականություն, իսկ կառավարության շարժառիթը Հայաստանի ազգային շահերն են: Նա շեշտեց, որ կարեւորում են բոլոր հարաբերությունները, սակայն շատ կարեւոր է նաեւ, որ այդ հարաբերությունները մեկը մյուսի հաշվին չլինեն: «Աշխարհակարգ է փոխվում բոլորիս աչքի առաջ, եւ ոչ մեկ չգիտի, թե ինչպիսին այն կլինի արդյունքում: Ես ուզում եմ ասել, որ Հայաստանի նման երկրների համար ահա այսպիսի ժամանակներն ամենավտանգավորն են. սա պետք է արձանագրել եւ հասկանալ: Մեզ համար ամենեւին հեշտ չէ բալանսավորված քաղաքականություն վարել, բայց մենք փորձում ենք ամեն ինչ անել դրանում հաջողելու համար»,- եզրափակեց Փաշինյանը:
Վերջինս նաեւ ասել է, թե Հայաստանը վերջին չորս տարվա ընթացքում զգալի առաջընթաց է գրանցել կոռուպցիայի դեմ պայքարում: «Հայաստանի առաջին ղեկավարն եմ, ով պաշտոնական այց ունի Նիդերլանդների Թագավորություն: Այս այցը ոչ միայն դիտարկում եմ հայ-հոլանդական ավանդական պատմական կապերի, առեւտրատնտեսական հարաբերությունների, այլեւ ես սա ընկալում եմ Հայաստանի ժողովրդավարության համատեքստում: Պետք է ընդգծեմ, որ 2018 թվականի հեղափոխությունից հետո մենք զգացել ենք Նիդերլանդների Թագավորության աջակցությունը ժողովրդավարական բարեփոխումների գործում: Ժողովրդավարությունը Հայաստանի հիմնական բրենդն է, ու դա իմ գնահատականը չէ: Միջազգային այն ինստիտուտները, որոնք զբաղվում են ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության գլոբալ հետազոտություններով, արձանագրում են այդ իրողությունները»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ 2021 թվականին առաջին անգամ Հայաստանը միջազգային ժողովրդավարական ինստիտուտների կողմից դասակարգվել է ընտրական ժողովրդավարություն ունեցող երկրների շարքում, ինչը կարեւոր ձեռքբերում է: Նա նշեց, որ վերջին 4 տարվա ընթացքում Հայաստանը հսկայական առաջընթաց է արձանագրել կոռուպցիայի դեմ պայքարում:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՊԱՊԻԿՅԱՆԻՑ ՈՒ ՍԻՄՈՆՅԱՆԻՑ ԱՌԱՋ
Ակնայի մասին Սերժ Սարգսյանի՝ 2001թ. արած հայտարարությունը մեծ քննարկումների ու շահարկումների տեղիք էր տվել: Անգամ նրանք, որ Արցախի տեղն անգամ չգիտեին, Ակնայի քաղցրահամ նռան մասին այնպիսի ոգեւորությամբ կարող էին պատմել, որ անծանոթին կթվար, թե նռնենու առաջին տնկիներն իրենք են Ակնա տարել: Ակնայի պատմությունն ու կարգավիճակն այսօրվա իշխանավորների կողմից նրա նռան պես հյութալի էլ մատուցվում էր հայ հասարակությանը: Պաշտպանության լոռեցի նախարար Սուրեն Պապիկյանն ու Ազգային ժողովի երեւանցի նախագահ Ալեն Սիմոյնանն էին համոզում՝ Աղդամն իրենց հայրենիքն է: Իսկ մինչեւ Պապիկյանն ու Սիմոյանը նրանց թիմի քաղաքական առաջնորդ, այժմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2016-ի սեպտեմբերին՝ ապրիլյան պատերազմից հետո էր հայտարարում, թե Աղդամն իր հայրենիքն է: Գաղտնիք չէ, որ Աղդամը միշտ էլ զգայուն թեմա է եղել Ադրբեջանի համար, հետեւաբար Հայաստանի յուրաքանչյուր պաշտոնյա ոչ միայն Աղդամի, այլ նաեւ Արցախի մասին հայտարարություն անելիս պետք է ծայրաստիճան զգույշ լիներ: Այժմ, երբ ոչ միայն Աղդամը, այլ նաեւ Շուշին, Հադրութն ու մյուս շրջանները մերը չեն, Ակնայի բարձունքում ադրբեջանական դրոշ է ծածանվում:
ԳԵՐԱԶԱՆՑԵԼ Է 200 ՄԼՆ ԴՐԱՄԸ
ՀՀ կառավարության ընթացիկ տարվա կոմունալ վարձերի չափը գերազանցում է 200 մլն դրամը: ArmLur.am-ը պաշտոնական փաստաթղթերից տեղեկացավ, որ միայն սպառվող գազի համար վարչապետի աշխատակազմը վճարել է 55 մլն 632 հազար դրամ, իսկ, ահա, էլեկտրաէներգիայի համար կառավարությունը ընթացիկ տարվա համար ծախսելու է 140 մլն դրամ գումար (նշված գումարով վճարվելու է նաեւ տեսչական մարմինների սպառած էլեկտրաէներգիան): Ի դեպ, 1 մլն դրամը հատկացվելու է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գրասենյակին. Ծիծեռնակաբերդի խճուղի 10 հասցեում գտնվող տան կոմունալ ծախսերի (գազ, ջուր, էլեկտրաէներգիա) 75 տոկոսը պարտավորվում է վճարել վարչապետի աշխատակազմը՝ համաձայն գրասենյակից ներկայացվող մատակարարներից ստացված հաշիվ-ապրանքագրերի: ArmLur.am-ը տեղեկացավ, որ խմելու ջրի համար կառավարությունն ընթացիկ տարվա համար հատկացրել է 7 մլն 538 հազար դրամ գումար: Ավելի քան 20 մլն դրամ հատկացվել է հանրային հեռախոսների, իսկ 4 մլն դրամ՝ բջջային հեռախոսների ծառայությունների համար:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՇՈՒՇԻ
Ալիեւը հայտարարել է, որ իրենք մեկընդմիշտ են Արցախ վերադարձել: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կնոջ հետ այցելել է Արցախի Շուշի քաղաք, որը 44-օրյա պատերազմի հետեւանքով այժմ գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ: Նրանք ծանոթացել են քաղաքում ընթացող շինարարական աշխատանքներին: Ալիեւը Շուշիում հայտարարել է, որ «իրենք մեկընդմիշտ են վերադարձել այս հողեր, հարազատ հողեր եւ այստեղ ապրելու են հավերժ»: Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաեւ Մարտակերտի շրջանի Թալիշ եւ Մատաղիս գյուղերը։
ԴԻՄՈՐԴՆԵՐԻ ԹԻՎԸ
Շուտով կսկսվեն 2022-2023 ուսումնական տարվա համար ընդունելությունների միասնական քննությունները: ArmLur.am-ին հայտնի է դարձել այս տարվա դիմորդների թիվը. Երեւանի պետական համալսարան դիմել են 2875 դիմորդ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան՝ 1479 դիմորդ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան՝ 1295 դիմորդ, Բրյուսովի պետական համալսարան՝ 1200 դիմորդ, եւ Երեւանի պետական բժշկական համալսարան՝ 1000 դիմորդ: Հիշեցնենք, որ ինչպես անցյալ տարի, այս տարի եւս ընդունելությունը կկազմակերպվի «մեկ բուհ, մեկ մասնագիտություն» սկզբունքով, այսինքն` հայտագրման ժամանակ դիմորդը կկարողանա ընտրել միայն մեկ բուհի մեկ մասնագիտություն` վճարովի եւ անվճար համակարգով: Ընդունելության քննությունների ավարտից եւ ընդունելության հիմնական փուլի արդյունքների ամփոփումից հետո, ըստ թափուր մնացած տեղերի, կկատարվի ընդունելության լրացուցիչ կամ երկրորդ փուլի հայտագրումը, որին կարող են մասնակցել հիմնական փուլի մրցույթից դուրս մնացած այն դիմորդները, որոնք ընդունելության քննություններից դրական միավորներ են ստացել: Բուհերի ընդունելության համար նախկինում կազմակերպվող բանավոր քննություններն այլեւս չեն լինելու. դրանք չեղարկվել կամ փոխարինվել են գրավոր քննություններով:
ՄԵՂԱԴՐՅԱԼԸ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ
Լոռիում սպանության գործով մեղադրյալը դատի է տվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությանը կենտրոնական մարմնի տեղաբաշխման հանձնաժողովի որոշումը անվավեր ճանաչելու: Հիշեցնենք, որ Ալավերդի քաղաքի Ջրավազան 80 շենքի հենապատին հարող ճանապարհի մայթի մոտ 2016թ. դեկտեմբերի 28-ին` ժամը 3:35-ի սահմաններում, հայտնաբերվել էր ալավերդցի 34-ամյա Ռոման Պողոսյանի դիակը: Սպանության՝ շուրջ 11 ամիս տեւած նախաքննությունից հետո Լոռու մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Ա. Մ. Ներսիսյանը մեղադրական իր եզրակացությամբ հայտնել է, թե «բազմակողմանի եւ օբյեկտիվ ստուգման վրա հիմնված ներքին համոզմամբ» ամբողջապես հիմնավորվել է Ալավերդի քաղաքի Ս./Սարահարթ թաղամասի 1/25 շենքի բնակիչ Վլադիմիր Խանդամիրյանի կողմից իր հարեւան Ռոման Պողոսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու հանցակազմը: Վ. Խանդամիրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքում Վ. Խանդամիրյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Քրեական գործի նախաքննության նյութերում չեն բացահայտվել տուժողի մահվան պատճառ դարձած բութ գործիքը, սպանության հանգամանքներն ու կոնկրետ վայրը: Ռոման Պողոսյանի իրավահաջորդ Սիրուշ Պողոսյանը պնդում է, որ ֆիզիկապես ուժեղ իր որդուն Վլադիմիր Խանդամիրյանը չէր կարող միայնակ սպանել: