ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել ՀՀ պաշտոնյաների դրամական միջոցների ու ունեցվածքի վերաբերյալ պաշտոնական հայտարարագրերը: Այս անգամ ուսումնասիրել ենք ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Վրեժ Գալոյանի հայտարարագիրը: Պարզվում է՝ Վրեժ Գալոյանը պետական համակարգի հին կադրերից է եւ տարիների ընթացքում հասցրել է դիզել իրեն անհրաժեշտ ունեցվածք:
Այսպես, 2020 թվականի պաշտոնը ստանձնելու վերաբերյալ հայտարարագրում նշված է, որ Էրեբունի վարչական շրջանում մեկ ավտոտնակ ունի: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 267 հազար դրամ: Նշենք, որ Գալոյանը կանխիկ գումարի կարիք չի ունեցել. նրա կանխիկ գումարը կազմել է 10 մլն դրամ, 60 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի: Ամսական ստացել է ավելի քան 211 հազար դրամ աշխատավարձ:
Ի դեպ, նշենք, որ 2020 թվականի հուլիսին նա մեկ բնակարան է նվեր ստացել Էրեբունի վարչական շրջանում: Ավելին՝ 2020 թվականի վերջին նրա դրամական միջոցները փոփոխվել են՝ դառնալով 12 մլն դրամ, 55 հազար դոլար, 1.5 մլն ռուսական ռուբլի: Վարչապետի աշխատակազմից նա ամսական ստացել է 737 հազար դրամ աշխատավարձ: Գալոյանը 2021 թվականին «Ջերմուկ գրուպ» ընկերությունից երկու անգամ փոխառություն է ստացել 8 մլն 988 հազար դրամի եւ 38 մլն 828 հազար դրամի չափով: Բանկային հաշվին առկա մնացորդը կազմել է 714 հազար դրամ, իսկ կանխիկ գումարը կազմել է 4.5 մլն դրամ, 55 հազար դոլար եւ 150 հազար ռուսական ռուբլի:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021 թվականին Գալոյանը վարչապետի աշխատակազմից ամսական ստացել է 895 հազար դրամի չափով աշխատավարձ, բացի այս, նա Կենտրոնական ընտրական հանձնաժողովից ստացել է ամսական 110 հազար դրամ աշխատավարձ: Ի դեպ, վարչապետի աշխատակազմից նա ստացել է 2 մլն 324 հազար դրամ, որը ձեւակերպվել է որպես «այլ եկամուտ», իսկ ՀՀ առեւտրային բանկերից մեկից ստացել է 39 մլն 382 հազար դրամ փոխառություն՝ վարկ, որով եւ բնակարան է գնել:
Վրեժ Գալոյանի կնոջ՝ Լիդիա Գալոյանի հայտարարագրում նշված է, որ 2020 թվականին բնակարան է գնել Երեւանի կենտրոնում 48 մլն 370 հազար դրամով: Ի դեպ, գործարքի մյուս կողմը «Ջերմուկ գրուպ»-ն է: Գալոյանի տիկնոջ հայտարարագրում նշված է, որ բանկային հաշվին ունի 15 հազար դրամ, կանխիկ գումարը՝ 60 հազար դոլար է:
Լիդիա Գալոյանի եկամուտը սեփական աշխատավարձն է, որը ստացել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնից՝ 279 հազար դրամ, իսկ «Արմենիա» բժշկական կենտրոնից՝ 71 հազար դրամ: Բացի այս, «Շենգավիթ» բժշկական կենտրոնից նա ստացել է 445 հազար դրամ, որն էլ ձեւակերպվել է «այլ եկամուտ»:
Նշենք, որ Վրեժ Գալոյանը ՀՀ բնապահպանության (ներկայումս՝ Շրջակա միջավայրի նախարարություն) նախկին նախարար, այժմ հետախուզման մեջ գտնվող Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի կադրերից է: Ավելին, ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ, բացի այս, Գալոյանը դարձյալ բնապահպանության նախկին նախարար, Ազգային Ժողովի նախկին պատգամավոր Վարդան Այվազյանի ազգականն է, բնապահպանության ոլորտում հայտնվել է հենց Այվազյանի շնորհիվ եւ այս ոլորտում աշխատանքի անցել է 2003 թվականից: Մինչ տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնին նշանակվելը Գալոյանը եղել է տեսչական մարմնի ջրերի, մթնոլորտի, հողերի թափոննների եւ վտանգավոր նյութերի վերահսկողության վարչության պետը: Ավելին՝ Գալոյանի թեկնածությունը տեսչական մարմնի խորհրդին առաջարկել էր տեսչական մարմնի նախկին ղեկավար Վիգեն Ավետիսյանը, ինչը զարմանալի չէ, քանի որ Վիգեն Ավետիսյանը եւս Արամ Հարությունյանի «մարդն է»: Բայց ինչպես տեսնում եք, Վիգեն Ավետիսյանն այժմ պետական համակարգում չէ, իսկ Գալոյանը շարունակում է պաշտոնավարել:
Ս.Հ.
ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է
Հայաստանում մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտին մահացել է 8707 մարդ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել է 8267 մարդ: Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ ցուցանիշն ավելացել է 5.3 տոկոսով, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում մահացածների քանակն ավելացել է 440-ով: Պաշտոնական վիճակագրությունը եւս փաստում է այն մասին, որ Հայաստանում ամենից շատ մահանում են սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդություններից:
Ավելին՝ մեր հանրապետությունում ավելի շատ մահանում են արյան շրջանառության համակարգի հիվանդություններից: Հայաստանի վիճակագրական կոմիտեն հրապարակել է մահաբեր հիվանդությունների ցանկը: Ըստ այդ ցանկի՝ առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են, որից մեր երկրում մահացել է 4825 մարդ: Ի դեպ, տեղեկացնենք, որ Հայաստանում այս հիվանդություններից տարեցտարի ավելի շատ են մահանում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, ցուցանիշն ավելացել է 455-ով: Ցանկի երկրորդ տեղում նորագոյացություններն են, որից մահացել է 1298 մարդ: Նորագոյացությունների մեջ գերակշռում են չարորակները: Պաշտոնապես նախորդ տարվա հունվար-մարտ ամիսներին նորագոյացություններից մահացել է 1314 մարդ:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ մեկ տարվա ընթացքում շնչառական օրգանների հիվանդություններից մահացածների թիվն է ավելացել ՝ 629-ից դառնալով 866: Մարսողական օրգանների հիվանդություններից մեր երկրում մահացել է 346 մարդ, այլ հիվանդություններից՝ 435 մարդ:
Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ Covid-19-ից այս տարվա հունվար-մարտ ամիսներին մահացել է 657 մարդ, այդ թվում՝ 15 դեպք, որ տեղի է ունեցել ՀՀ սահմաններից դուրս, սակայն մահվան վերաբերյալ քաղաքացիական կացության գրանցումները կատարվել են ՀՀ ՔԿԱԳ ստորաբաժանումներում: Մարտ ամսին կորոնավիրուսից մահացել է 192 մարդ: Պաշտոնապես ավելացել են նաեւ 1-4 տարեկան երեխաների մահվան դեպքերը՝ 6-ից դառնալով 9, իսկ 0-4 տարեկան մահերի թիվը պակասել է՝ 74-ից դառնալով 68:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ՄԵՂԱԴՐՎՈՒՄ Է
2021թ. նոյեմբերի 23-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթանում է Բերդ համայնքի Այգեձոր գյուղի բնակիչ, «Տավուշ» ՋՕԸ նախկին գործադիր տնօրեն, այժմ «էյ-ի-Ջի սերվիս» ՍՊԸ-ի Տավուշի գազասպառման համակարգի Իջեւանի մասնաճյուղի տեղամասի պետ, 1960թ. ծնված Յուրի Ոսկանյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել, որ նա, 2017թ. փետրվարի 9-ին «Տավուշ» ՋՕԸ վարչական խորհրդի նախագահի հետ կնքած թիվ 1 աշխատանքային պայմանագրի համաձայն նշանակված լինելով «Տավուշ» ՋՕԸ գործադիր տնօրենի պաշտոնում, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, ունենալով ընկերության ֆինանսական միջոցները կառավարելու, ֆինանսական փաստաթղթերը ստորագրելու լիազորություն, 2017թ. ամռանը «Տավուշ» ՋՕԸ-ի կողմից Տավուշի մարզի Ոսկեվան բնակավայրում կառուցված 1032 մետր ընդհանուր երկարությամբ ոռոգման օժանդակ ջրագծի կապակցությամբ 2017թ. հոկտեմբերի 3-ին ներկայացրել է կատարողական ակտ, որի համաձայն՝ ջրագծի կառուցման համար հատկացվել է 6 միլիոն 592 հազար ՀՀ դրամ, կատարողական ակտում նշված, սակայն փաստացի չկատարված աշխատանքների ընդհանուր արժեքը կազմել է 460 հազար 586.47 դրամ, նշված ջրագծի կառուցման կատարողական ակտում որպես իրականացված աշխատանքներ ներկայացվել է կատարվածից ավելի ծավալով, եւ վատնել է 664 հազար 799.65 դրամ դրամ՝ «Տավուշ» ՋՕԸ-ին պատճառելով խոշոր չափերի գույքային վնաս։ Յուրի Ոսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով, 179 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու դրվագով) եւ 325 հոդվածի 1-ին մասով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
ՎԱՐՁԱԿԱԼՈՒՄ ԵՆ
Նոյեմբերյան խոշոր համայնքի Ոսկեպար գյուղի վարչական տարածքում՝ Ոսկեպար-Բաղանիս ճանապարհի եզրին, ռուս զինվորականները պահեստային հողերից 2 հեկտար տարածք են վարձակալում, որպեսզի այնտեղ զինվորական կայազոր տեղակայեն։ Ոսկեպարի բնակիչներից տեղեկացա, որ ռուս զինվորականները այդ տեղանքում աշխատանքներ են արել, հողի գրունտի փորձանմուշ վերցրել։ Տեղեկություններ կան, որ ռուս զինվորականները Տավուշի մարզպետարանի հետ 2 հեկտար հողի վարձակալության պայմանագիր են կնքելու, ներկայումս այդ փաստաթուղթը մշակվում է։ Ռուս զինվորականները Ոսկեպար գյուղում են գտնվում 2021թ. օգոստոսի սկզբից, սակայն մինչեւ այժմ որեւէ ակտիվություն չեն ցուցաբերել։ Ռուսական զինուժի կայազորի համար շենքի կառուցումը կարող է ունենալ մի պատճառ՝ սահմանագծում եւ սահմանազատում անել, նախկինում ադրբեջանաբնակ գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնել, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածի սահմանագոտում ռուսական զինուժի կողմից ծառայություն իրականացնել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ