Մայիսի 6-ին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանի ծննդյան 85-ամյակն էր: ArmLur.am-ի հետ զրույցում վաստակաշատ դերասանն ասաց, որ այնքան էլ լավ տրամադրությամբ չի արթնացել, քանի որ առողջական խնդիրներ ունի, բայց արդեն իսկ հասցրել է շնորհավորական ջերմ մաղթանքներ ստանալ:
«Ոչ մի մեծ հավաքույթ, խնջույք չի լինելու, տանը երեկոյան հավաքվելու ենք ամենամտերիմ հարազատներով եւ ընթրելու ենք, այսքանը: Ես միայն ցանկանում եմ առողջություն, Աստված բոլորին առողջություն թող տա, այլ ցանկություններ չունեմ, այլ ակնկալիքներ չունեմ»,- նշեց Գուժ Մանուկյանը:
Հարցին՝ արդյոք այս պատկառելի տարիքում իրեն գնահատված զգում է, դերասանն ասաց, որ վերջին գնահատականն իր արվեստին եղել է «Անահիտ» մրցանակաբաշխությունը. «Վերջին ժամանակահատվածում դա իմ կյանքում կարեւոր իրադարձություն էր: Ես այլ ակնկալիքներ չունեմ ոչ մեկից, ինձ մոտ մեծ լռություն է առայժմ»:
Նշենք, որ 1958 թվականին ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը, 1958-1959 թթ.՝ Կապանի դրամատիկական, 1959-1967 թթ.՝ Երեւանի պատանի հանդիսատեսի, 1967 թ.-ից՝ Երեւանի դրամատիկական թատրոնների դերասան է։
Լավագույն անձնավորումներից են՝ Միտրոֆան (Դենիս Ֆոնվիզինի «Տհասը»), Սարո («Անուշ», ըստ Հովհաննես Թումանյանի), Պյոտր (Մաքսիմ Գորկու «Քաղքենիներ»), Բուկինգհայմ (Ուիլյամ Շեքսպիրի «Ռիչարդ III»), Բլյունչլի (Բեռնարդ Շոուի «Շոկոլադ ուտող զինվորը»), Կարանդիշեւ (Ալեքսանդր Օստրովսկու «Անօժիտը»), Տիգրան Մեծ (Պերճ Զեյթունցյանի «Աստվածների կանչը», ՀՀ պետական մրցանակ՝ 1981), Ալֆրեդ (Բերնարդ Շոուի «Իմ չքնաղ լեդինը»)։
Կինոյում նկարահանվում է 1964 թ.-ից։ Դերերից են՝ Մարսելին («Սգավոր ձյունը», ըստ Անրի Թրուայայի, ռեժիսոր՝ Յուրի Երզնկյան, 1978, հեռուստատեսային կինոնկար), Արմեն («Կյանքի լավագույն կեսը», ռեժիսոր՝ Ալբերտ Մկրտչյան, 1979), Գայ («Մեռի՛ր ձիու վրա», ռեժիսոր՝ Գրիգոր Մելիք-Ավագյան, 1980)։
Գուժ Մանուկյանի դերակատարումներին բնորոշ են հոգեբանական խնդիրների պարզ, համոզիչ լուծումները։
Համագործակցել է մի շարք հեռուստաընկերությունների հետ եւ նկարահանվել է հեռուստասերիալներում: 2006-2015 թթ. եղել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ։
Վերջինս 1980 թվականին արժանացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կոչմանը, ապա 1981 թվականին ստացել է ՀԽՍՀ պետական մրցանակ, իսկ 1998 թվականին պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՌՈԶԱ ԼԻՆԸ ԵԶՐԱՓԱԿՉՈՒՄ Է
Իտալիայի Թուրին քաղաքում երեկ կայացավ «Եվրատեսիլ 2022»-ի առաջին կիսաեզրափակիչ փուլը. Հայաստանը ներկայացնող Ռոզա Լինը, հաղթահարելով մրցակցությունը, անցավ եզրափակիչ փուլ:
Ըստ մրցույթի կանոնների՝ յուրաքանչյուր կիսաեզրափակչից միայն 10 երկիր է ուղեգիր ստանում դեպի եզրափակիչ: Երեկ Ռոզայի հետ մրցում էին եւս 16 երկրների մասնակիցներ, որոնցից եզրափակիչ անցան Շվեյցարիան, Իսլանդիան, Լիտվան, Պորտուգալիան, Նորվեգիան, Հունաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Նիդերլանդները ներկայացնող արտիստները: Քվեարկությանը մասնակցել են ինչպես պրոֆեսիոնալ ժյուրին, այնպես էլ այսօրվա մասնակից երկրների հեռուստադիտողները:
Մայիսի 12-ին կկայանա «Եվրատեսիլ 2022»-ի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը, որից հետո պարզ կդառնա եզրափակչի ամբողջական պատկերը: Մրցույթի եզրափակիչը նախատեսված է մայիսի 14-ին:
Ռոզա Լինը «Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանը ներկայացում է իր հեղինակած Snap երգով: 21-ամյա երգչուհին, որը ծնունդով Վանաձորից է, պատմում է, որ իր եվրատեսիլյան ստեղծագործությունն իր ապրումների ու դժվար փուլի արդյունքում ծնված երգ է, որն, ըստ Ռոզայի, իր համար այսօր ունի դրական նշանակություն, քանի որ հենց այդ ապրումներն են իրեն բերել «Եվրատեսիլ»:
Իր երգով Ռոզան ցանկանում է ոգեշնչել մարդկանց չհանձնվել, չկոտրվել դժվարություններից ու գնալ իրենց երազանքի հետեւից:
ԱՆԴՐԱԴԱՐՁ
Անգլիական «Լիվերպուլ»-ի գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է 21-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տրանսֆերին Դորտմունդի «Բորուսիայից» Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթի»։ «Հոլնդը մի քանի անգամ վնասվածք ստացել է Դորտմունդում, բայց նա շատ հզոր խաղացող է։ Ցավոք, լավ տրանսֆեր է, սակայն «Սիթին» երբեք չի եղել եւ չի լինի մեկ խաղացողի շնորհիվ հաղթող թիմ»,-ասել է Կլոպը: Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը «Բորուսիայի» հետ մասնակցել է 29 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։ Նա «Մանչեսթեր Սիթիին» կմիանա հուլիսի 1-ին։
ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿԿՆՔԻ
Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամռանը պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ։ Արքայական ակումբը բանակցում է 29-ամյա ֆուտբոլիստի հետ, որը հուլիսին կստանա ազատ գործակալի կարգավիճակ եւ անվճար կփոխի ակումբը: «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հաջորդ մրցաշրջանի համար ցանկանում է ուժեղացել կիսապաշտպանության կենտրոնը։ Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան ակումբային մրցաշարերում մասնակցել է 27 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։
ՆԿԱՐԱՀԱՆՈՒՄՆԵՐԸ ՍԿՍՎԵԼ ԵՆ
Մելբուրնում սկսվել է երաժիշտ Ռոբի Ուիլյամսի կյանքի մասին պատմող կենսագրական ֆիլմի արտադրությունը. այն ստացել է «Better Man» անվանումը, երաժիշտը ժապավենում կկատարի իր դերը։ Դերասան Ջոնո Դեւիսը («Kingsman. գաղտնի ծառայություն») կմարմնավորի բրիտանացի հայտնի երաժիշտին պատանեկության տարիներին։ Ժապավենը կնկարահանվի երգիծական մյուզիքլի ժանրով եւ կպատմի Ուիլյամսի կայացման մասին որպես մեգաաստղ, «Take That» խմբում նրա կարիերայի սկզբի եւ այլնի մասին։ Առանձնակի ուշադրություն կհատկացվի Ռոբիի խնդիրներին, այդ թվում՝ ալկոհոլային եւ թմրանյութերից կախվածությանը։ Ժապավենի թողարկման հստակ օրը հայտնի չէ։
ՌԵԿՈՐԴԱՅԻՆ
ՈւԵՖԱ-ն հայտնել է ռեկորդային հասույթի մասին։ 2021-2022 թվականների մրցաշրջանում կազմակերպությունն ապահովել է 5,7 միլիարդ եվրո հասույթ. հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր 2015-2016 թվականների մրցաշրջանում՝ 4,58 միլիարդ եվրո։ 2020-2024 թվականներին ՈւԵՖԱ-ի անդամ երկրների ազգային ֆեդերացիաները կստանան 775 միլիոն եվրո ֆուտբոլի զարգացման նախագծերի համար։ 2024-2028 թվականներին այդ գումարը կկազմի 935 միլիոն եվրո։