ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 6

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018-ի քաղաքական վերադասավորումների օրերին, երբ «հեղափոխական» թիմը հեղափոխական խոստումներ էր տալիս, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նաեւ այն մասին էր բարձրագոչում, որ «գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի»։ «Եթե գործարարը քաղաքականությամբ պետք է չզբաղվի, քաղաքական գործիչն էլ բիզնեսով չպետք է զբաղվի, եւ քաղաքականությունը, առավել եւս՝ իշխանությունը, չպետք է լինեն փող աշխատելու գործիք որեւէ մեկի համար, ու հանրությունը պետք է լծակներ ունենա վերահսկելու, որ իր պաշտոնյան բիզնեսով չզբաղվի: Բայց այս խնդրին արմատական լուծում տալու համար մենք պետք է նաեւ նվազեցնենք փողի ազդեցությունը քաղաքականության վրա, որովհետեւ երբ փողը դառնում է վճռական քաղաքական գործոն, քաղաքական գործիչների, կուսակցությունների առաջնային խնդիրը դառնում է փողի հարցը լուծելը՝ սրանից բխող բոլոր հետեւանքներով»,- ասում էր Նիկոլ Փաշինյանը: Բայց փոխվում են ժամանակները, փոխվում են մարդիկ, ու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության լիդերներին, օրինակ՝ Տիգրան Ավինյանին, բզինեսը գրավել է. նա «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ տնօրենների, ինչպես նաեւ «Հայբիզնեսբանկ»-ի խորհրդի անդամ է:  Ինչ վերաբերում է գործարարներին, ապա նրանք էլ սահուն քայլերով քաղաքականություն են մուտք գործել: Խոշոր գործարարներ Գուրգեն Արսենյանն ու Խաչատուր Սուքիասյանն այսօր Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ամենաակտիվ պատգամավորներից են: Նրանց կողքին բիզնես գործունեություն են ծավալում նաեւ առավել երիտասարդ սերնդի պատգամավորները՝ Էդուարդ Աղաջանյանը, Արսեն Թորոսյանն ու այլք: Վերջիններս, իհրակե, իրենց գործունեության չափերով Սուքիասյանին ու Արսենյանին գուցե չեն հասնի, բայց Աղաջանյանին փաստացի պատկանող փաբն (ինչն, ըստ տեղեկությունների, ՔՊ-ականների հավաքատեղին է) ու Թորոսյանին փաստացի պատկանող «ՄԻԲՍ» բժշկական կենտրոնը բիզնես գործունեության ոչ պակաս դրսեւորումներ են: «Գործարարը քաղաքականությամբ չպետք է զբաղվի» հայտարարությամբ, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է բոլորին:

 

 

Մայիսի 4-ին, երբ մի խումբ քաղաքացիներ Հայաստանի տարբեր կամուրջներ փակել էին մեքենաներով, ՀՀ ոստիկանությունը բացեց կամուրջները՝ հաճախ ուրիշի սեփականությունը, գույքը վնասելով: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանից պարզաբանում էր պահանջել՝ նշելով. «ՀՀ ոստիկանության աշխատակիցները մի խումբ քաղաքացիների կողմից կամուրջները փակելու ու բողոքի ակցիան կանխելու համար վնասել են ուրիշի գույքը: Ո՞վ է փոխհատուցելու նրանց վնասված գույքի դիմաց»: Ոստիկանությունից ստացել ենք պատասխան «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի երկար-բարակ մեջբերումներով, բայց այդպես էլ հստակ չի հասկացվում՝ կոնկրետ այդ օրը ոստիկանների կողմից վնասված գույքերի համար ով, երբ է փոխհատուցելու քաղաքացիներին: Դատելով պաշտոնական պատասխանից, որը Ոստիկանության շտաբի պետի տեղակալ Ա. Սարգսյանի անունով է փոխանցվել, կոնկրետ դեպքի օրը ոստիկանական գործողությունները քննության առարկա չեն դարձել, եւ չկա հստակ պատկերացում՝ ոստիկանության որ աշխատակիցը ում գույքն է վնասել, եւ, հետեւաբար, ինչ միջոցներով պետք է հատուցվի՝ պետբյուջեի՞ց, թե՞ համայնքային բյուջեի միջոցներից: Միայն կա հուշում, որ Քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով կարող են վնասի հատուցման պահանջ ներկայացնել դատարան:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ տեղեկություններ են հասել այն մասին, որ ՀՀ լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 6-ին իր բաջանաղին՝ Զուլոյան Կարենին, վարորդ Հայկին, օգնական էրիկ Կոստանյանին եւ էլի մի քանիսի ուղարկել է Վանաձորի բնակիչ, ֆեյսբուքյան բլոգեր Դավիթ Սարգսյանին ծեծելու: Պատճառն այն է, որ Դավիթ Սարգսյանը ֆեյսբուքում մարզպետ Արամ Խաչատրյանի մասին գրառում է արել, վիրավորել նրան եւ սատարել այսօր կալանքի տակ գտնվող Մամիկոն Ասլանյանին: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է դիմում՝ ծեծի ահազանգով, որտեղ քաղաքացի Դավիթ Սարգսյանը նկարագրել է, որ 06.03.2022 թվականին՝ մոտավոր 12:30-ին, խանութ են մտնում Զուլոյան Կարենը, էրիկը եւ Հայկը: «Զուլոյան Կարենը պահանջեց՝ չշարժվեմ, հակառակ դեպքում կկրակի, եւ զենքի նմանվող առարկան պահեց ինձ վրա: Էրիկը ու Հայկը հարվածում էին մարմնիս տարբեր հատվածներին, Կարենը ոտքով էր հարվածում»: Բանդայի անդամները հաշիվ են պահանջել, թե ինչու է մարզպետի մասին նման բան գրել համացանցում: ՀՀ դատախազությունից «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրին՝ հաղորդման առթիվ ՀՀ քր. օր. 118-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցվել, քննվում է ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում: Դ. Սարգսյանը ճանաչվել է տուժող: «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց նաեւ մարզպետ Արամ Խաչատրյանի հետ, որը հերքեց՝ ասելով. «Այդպիսի դեպք չի եղել, ես նման մարդ չեմ էլ ճանաչում»։ Հուսանք՝ իրավապահները կշտապեն քննել այս գործը եւ պատժել բանդայի անդամներին ու պարագլխին, քանի որ ակնհայտ է՝ քաղաքացի Դավիթ Սարգսյանի կյանքին շարունակում է վտանգ սպառնալ, եւ մեզ հետ զրույցում նա խուսափեց խոսել դեպքի մասին։

 

 

 

Հայաստանի անշարժ գույքի շուկայում զգալի գնաճ է արձանագրվել: Բնակարանների գները բարձրացել են Երեւանի բոլոր վարչական շրջաններում: Կենտրոն վարչական շրջանում մեկ քառակուսի մետրը 690 հազար 550 դրամից թանկացել է՝ դառնալով 715 հազար 600 դրամ կամ 1555 դոլար, այսինքն՝ մեկ ամսվա ընթացքում Փոքր կենտրոնում բնակարանի մեկ քմ-ի գինը 25 հազար 50 դրամով բարձրացել է: Ի դեպ, Կենտրոնում բնակարանները թանկացել են՝ 2021 թվականից սկսած: Զուգահեռ բնակարանների գները բարձրացան նաեւ մյուս վարչական շրջաններում, հատկապես՝ Նոր-Նորքում, Մալաթիա-Սեբաստիա, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջաններում: Մասնագետների խոսքով՝ պատճառը նշված թաղամասերում կառուցվող նորակառույցներն են: Օրինակ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում բնակարանի մեկ քմ-ի գինը բարձրացել է 11 հազար 550 դրամով. եթե փետրվարին այն արժեցել է 360 հազար 500 դրամ, ապա մարտին դարձել է 372 հազար 50 դրամ: Այս վարչական շրջանում մի քանի նորակառույց շենք դեռ կառուցման փուլում են գտնվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում փետրվարին բնակարանի մեկ քմ-ն արժեցել է 316 հազար 100 դրամ, իսկ մարտին՝ 323 հազար դրամ: Սրան զուգահեռ նկատենք, որ բնակարանաշինությունը ակտիվ սկսել է զարգանալ Երեւանին մոտ գտնվող Արմավիրի, Կոտայքի մարզերում:




Լրահոս