Ուկրաինայում պատերազմի ֆոնին գնալով փոքրանում է առաջընթացի հնարավորությունը Հայաստանի եւ նրա հարեւանների՝ Ադրբեջանի ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար. գրում է The Washington Post-ի սյունակագիր Դեյվիդ Իգնատիուսը:
Հոդվածի հեղինակը նկատում է՝ եւ՛ Ռուսաստանը, եւ՛ Արեւմուտքը փորձում են իրենց հովանու ներքո պահել այս գործընթացները:
Իգնատիուսի կարծիքով` որպեսզի Հայաստանը խուսափի այսպես կոչված «պարտադրված խաղաղությունից», գործընթացի մեջ պետք է ներգրավել ԱՄՆ-ին ու Եվրոպային, ինչպես նաեւ վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը:
Ինչպես հայտնի է, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաեւը նշանակվել է Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների բարելավման հարցով: Այդ մասին հաղորդել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
«Հատուկ հանձնարարություններով դեսպան Իգոր Խովաեւը կշարունակի աշխատանքը նոր պաշտոնում՝ որպես Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի հատուկ ներկայացուցիչ: Ուշադրության կենտրոնում կլինի խաղաղության պայմանագրի նախապատրաստումը: Ակնկալում ենք Բաքվում եւ Երեւանում մեր դաշնակիցների եւ գործընկերների կողմից աջակցություն Խովաեւի ջանքերին: Բաց ենք կառուցողական համագործակցության մյուս հետաքրքրված դերակատարների հետ», – ասել է Զախարովան:
«Զուգահեռաբար միջնորդի դերում նկատելի է Եվրամիության ակտիվությունը, որի ջանքերով անցած ամիս Բրյուսելում կայացավ Փաշինյան-Ալիեւ հանդիպում»,-գրում է The Washington Post-ը:
Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ մայիսի 13-ին Դուշանբեում սպասվող հանդիպմանն ընդառաջ՝ հեղինակը գրում է, թե Ռուսաստանը կրկին կփորձի իր ազդեցությունը տարածել բանակցային գործընթացի վրա:
Միրզոյան-Լավրով զրույցի մասին հաղորդում է Հայաստանի ԱԳՆ-ն` մանրամասնելով, որ երկու երկրների արտգործնախարարները քննարկել են 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի եւ նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը:
Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովն անդրադարձել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձեւավորմանը, որի կառուցվածքը Երեւանն ու Բաքուն արդեն համաձայնեցրել են: Պայմանավորվածությունը ձեռք էր բերվել երկու երկրների արտգործնախարարների վերջին հեռախոսազրույցում:
Արարատ Միրզոյանը, ըստ ԱԳՆ հաղորդագրության, վերահաստատել է Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների, Ադրբեջանի հետ խաղաղության համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների վերաբերյալ։
Խաղաղության օրակարգի մասին այսօր խոսել է նաեւ Հայաստանի ղեկավարը` նշելով, որ այն ամենեւին էլ պարտության օրակարգ չէ:
Իսկ ըստ Իգնատիուսի՝ Տաջիկստանի մայրաքաղաքում եռակողմ ձեւաչափով Երեւանի, Բաքվի ու Մոսկվայի արտաքին գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն խաղաղության պայմանագիրը:
Տարածաշրջանային գործընթացների մասին ամերիկյան հանդեսի հետ խոսել է նաեւ նախկինում Վաշինգտոնում, այժմ Լոնդոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը՝ տալով չափավոր լավատեսական գնահատական:
«Ադրբեջանը քանիցս հայտարարել է, որ շուտափույթ կարգավորման եւ խաղաղության պայմանագրի ստորագրման հույս ունի»,- Սուլեյմանովի կարծիքն է մեջբերում հոդվածագիրը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԽԱԽՏՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ
Ըստ ՀՀ ոստիկանության Արտաշատի բաժին ներկայացված հաղորդման՝ «Արտաշատ քաղաքի մանկապատանեկան համալիրի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի նախկին տնօրեն Հ. Ս.-ն, 2013-2018թթ. զբաղեցնելով նշված պաշտոնը եւ չարաշահելով պաշտոնեական դիրքը, նույն մարզադպրոցում որպես համակարգչային օպերատոր է ձեւակերպել իր հարս Հ. Հ.-ին, սակայն նա չի այցելել աշխատանքի եւ ստացել է աշխատավարձ: Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ 2021-ի մարտին էլ մարզադպրոցում որպես պահակ է նշանակվել Ա. Ա.-ն, որը եւս չի հաճախել մարզադպրոցում, բայց գումար է ստացել, նաեւ միաժամանակ աշխատել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ում՝ որպես վարորդ: Մեկ խախտման մասին եւս ահազանգ է ստացվել: Մարզադպրոցի սամբոյի մարզիչ Ս. Խ.-ն իրականում մարզում է 5 աշակերտի, սակայն մատյանում գրանցված են 10-ը: Բոլոր այս հաղորդումների հետ կապված ոստիկանությունում պատրաստվում են նյութեր:
ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ
Օրեր առաջ ձերբակալվել է, ապա կալանավորվել է Դիմադրության շարժման մասնակից Դավիթ Ավագյանը՝ այն հիմքով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր, այնինչ Դավիթ Ավագյանը Հադրութից է, պատերազմի արդյունքում կորցրել է իր տունն ու տեղափոխվել Երեւան: Նա նաեւ նշել էր, որ վերջինիս խնամքին են գտնվում երեք անչափահաս որդիները: Սակայն ոստիկանությունը, հաշվի չառնելով այս հանգամանքը, ձերբակալել է վերջինիս, ապա բաժանմունքում փոխել զեկուցագրի բովանդակությունը եւ Դավիթ Ավագյանին վերագրել ենթադրյալ խուլիգանություն: Այսինքն՝ ստացվում է՝ քաղաքական այլախոհությունը պատժելու համար իշխանությունը պարտաստ է դիմել ցանկացած ոչ իրավաչափ գործողության՝ կալանավորելով անգամ պատերազմի արդյունքում իր տունը կորցրած մեր հայրենակցին եւ պատճառաբանելով, որ վերջինս ՀՀ-ում չունի մշտական բնակության վայր: Այս դեպքի առթիվ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը շտապ գրություն է ուղարկել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ խնդրել վերջինիս հանձնարարականը՝ հնարավոր իրավախախտում կատարած ոստիկանության աշխատակիցների շրջանակը պարզելու համար, միաժամանակ ուսումնասիրության ենթարկելու նրանց գործողությունների իրավաչափությունը եւ դիտարկելու նրանց արարքներին համապատասխան իրավական գնահատական տալու հարցը, ինչպես նաեւ ընթացքի եւ արդյունքների մասին տրամադրել տեղեկություն։
ՔԻՉ ԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայաստանում երիտասարդները սկսել են քիչ ամուսնանալ եւ շատ ամուսնալուծվել: ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 375-ով պակասել է ամուսնությունների քանակը. օրինակ՝ այս տարվա հունվար-մարտին գրանցվել է ամուսնության 3909 դեպք, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ամուսնության գրանցված դեպքերի քանակը կազմել է 4284: ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրից տեղեկացավ, որ անցյալ տարվա հունվար-մարտ ամիսներին մեր հանրապետությունում արձանագրվել է ամուսնալուծության 946 դեպք, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1140: Մեզ հայտնի դարձավ, որ շատ ամուսնալուծություններ գրանցվել են Երեւանում. պաշտոնապես այս տարվա հունվար-մարտին Երեւանում ամուսնալուծվել է 548, իսկ ամուսնացել՝ 1251 զույգ: Մարզերից ամուսնալուծությունների հարցում առաջատարը Լոռին է, որտեղ այս տարվա 3 ամիսներին ամուսնալուծվել է 85 զույգ, ամուսնացել՝ 332-ը: Սյունիքում ամուսնացել է 192, ամուսնալուծվել է 50 զույգ: Նշենք, որ Շիրակի մարզում ամուսնացել է 340 զույգ, ամուսնալուծվել 84-ը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանամերձ Գեղարքունիքում ամուսնալուծված զույգերի թիվը կազմել է 380, իսկ ամուսնացել է 59-ը: Թե ինչն է ամուսնալուծությունների պատճառը, պաշտոնական որեւէ տեղեկություն չկա, բայց որոշ մասնագետներ պնդում են, որ հիմնականում սոցիալական եւ ֆինանսական խնդիրների պատճառով են ամուսնական զույգերը բաժանվում: Ավելին՝ շատ երիտասարդներ նախընտրում են չամուսնանալ բնակարան եւ մշտական աշխատանք չունենալու պատճառով:
ԿԱԼԱՆԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԿԼԻՆԵՆ
ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում: Հիշեցնենք, որ մայիսի 11-ին՝ ժամը 10:15-ին, հանրապետության արեւելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։ Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար: