Երեկ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունում հարցաքննության են հրավիրվել 44-օրյա պատերազմի զոհերի 12 ծնողներ: Քննիչի հետ հանդիպումից հետո փաստաբան, տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը հայտնեց, որ Փաշինյանին հարցաքննելու են:
Զոհված զինծառայողների ծնողները մոտ 1 ամիս առաջ Գլխավոր դատախազությանն էին դիմել՝ հաղորդում ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի դեմ: Այդ գործն ուղարկվել էր Հակակոռուպցիոն կոմիտե, ու դիմումը կցվել Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հայտարարությունների հիման վրա հարուցված քրգործին: Ծնողները տուժող չէին ճանաչվել: Գլխավոր դատախազը Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթից գործն ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե:
Երեկ՝ Քննչական կոմիտեում հարցաքննությունից հետո, Արցախում զոհված Էդգար Զաքարյանի հայրը՝ Սեւակ Զաքարյանը, ասաց, որ ապրիլի 13-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ինքնախոստովանություն էր, որ կարող էին նույն վիճակն ունենալ, առանց զոհերի. «Ես ճանաչվել եմ տուժողի իրավահաջորդ ու մասնակցել եմ հարցաքննության: Որպես մեղադրյալ՝ պիտի Նիկոլ Փաշինյանը հարցաքննվի, հետո ենթարկվի պատասխանատվության»: Էդգար Զաքարյանը օգոստոսին է զորակոչվել, սեպտեմբերի 15-ին տեղափոխվել է Հադրութ, նա 12 օրվա ծառայող է եղել, զենքի չի տիրապետել, ու տարել են առաջնագիծ. «Ես ունեմ տեսանյութ, որտեղ Էդգարը շեշտում է, պատերազմի 8-րդ օրն է, տղես ասում է՝ մեր դիմացը թուրքն է, ու մեր վեջը չի: Երեխեքը կռվել են, մեջները հայրենասիրական ոգի է եղել, իրենք արդար են եղել, չեն մտածել, որ թիկունքից կա դավաճանների մի հսկայական բանակ, որ դավաճանել են 18-20 տարեկան այդ երեխեքին: Դրա պատասխանը պիտի տան բոլորը, Փաշինյանը՝ պարտադիր, Դավիթ Տոնոյանը, որ հայտարարում էր՝ նոր պատերազմ, նոր տարածքներ. այդ ինչի՞ վրա էր այդ հայտարարությունն անում: ԳՇ գեներալները բացարձակ անգործության են մատնվել, երեխեքին դավաճանել են թիկունքից, ոչ մի կազմակերպվածություն չի եղել»:
Արցախում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը, ArmLur.am-ի հետ զրույցում ասաց. «Պահանջեցինք՝ անմիջապես Նիկոլ Փաշինյանին կանչեն հարցաքննության ու ձերբակալեն դավաճանին, քանի որ իմ տղային ու մնացած տղաներին ինքն է սպանել: Ապրիլի 13-ին ասաց՝ կարող էինք ունենալ նույն արդյունքը, բայց չունենալ այս զոհերը, բայց դե տարբերակ չկար, պետք է սպանեի այս տղաներին, նոր հանձնեի, որովհետեւ երեւի Ալիեւի, Էրդողանի հետ պայմանավորվել, փող էր վերցրել, ինչ էր արել, ազգին վրեժխնդիր էր եղել դավաճանը: Քննիչին ասեցի՝ կուզեմ ձեռքդ սեղմեմ, ճիշտ քննություն տարեք, կալանավորեք, քանի որ չենք ուզում ձեռքներս արյունոտվի, հերոսածին ծնողները չեն ուզում ձեռքներն արյունոտեն, արեք արդար քննություն, որ պատժվի դավաճանը»:
Ծնողները նախաքննական մարմնին դիմում են ներկայացրել հարցաքննության հրավիրել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Մեզ մնում է սպասել զարգացումներին՝ հասկանալու համար՝ ի վերջո, ՀՀ քննչական կոմիտեն կոնկրետ քայլեր կանի, թե Հակակոռուպցիոն կոմիտեի նման մի երկու տարի էլ գործը կքնեցնի:
Ք. Մ.
ՈՐՊԵՍ ՄԵՂԱԴՐՅԱԼ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում` Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղում քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպված ավտոերթի ընթացքում տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կատարված քննչական եւ դատավարական այլ գործողությունների, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է եւս մեկ անձի ինքնություն, որը Երեւանի՝ 1994թ. ծնված բնակիչ Գոռ Մաթեւոսյանն է: Քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ վերջինս ձերբակալվել է: Նշվում է, որ հիշյալ քրեական գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է երեք անձ, մեկ անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, եւ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար քննիչը որոշում է կայացրել վերջինիս ձերբակալելու մասին: Միջոցներ են ձեռնարկվում՝ միջադեպին մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու եւ նրանց արարքներին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵՑ
ArmLur.am-Ին հայտնի դարձավ, որ ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանը 1 ամսով կալանավորվեց: Հիշեցնենք, որ Գերասիմ Վարդանյանը մեղադրվում է 2020-ի նոյեմբերի 10-ին տեղի ունեցած իրադարձությունների առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում` զանգվածային անկարգությունների եւ լրագրողի աշխատանքը խոչընդոտելու, այդ թվում՝ ԱԺ նախկին նախագահ Արարատ Միրզոյանի մահափորձի գործով: Նշենք, որ Գերասիմ Վարդանյանը օրեր առաջ էր ազատ արձակվել: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանն անդրադարձել է այս թեմային: «Քաղաքական հետապնդումները ժողովրդավարությունը թիվ մեկ բրենդ հռչակած իշխանության կողմից շարունակվում են: Դատարանը որոշում է կայացրել 1 ամսով կալանավորել ԱԺ պատգամավոր Թադեւոս Ավետիսյանի օգնական Գերասիմ Վարդանյանին: Սա դասական քաղաքական հետապնդման օրինակ է, քանի որ կալանավորման հիմքը դեռ 2020թ. տեղի ունեցած դեպք է, որի շրջանակներում մի քանի անգամ տարբեր դատարաններ մերժել են Գերասիմ Վարդանյանին կալանավորել, իսկ այսօր վերջինիս կալանավորում է մի դատավոր՝ Դավիթ Արղամանյանը, որը 2018 թվականի հեղափոխության օրերին թմբուկ էր զարկում Նիկոլ Փաշինյանի համար»։
Իմիջայլոց, նա նույն դատավորն է, որը դեռ ամիսներ առաջ պատմության մեջ առաջին անգամ դատավորին՝ Բորիս Բաշխյանին կալանավորելու որոշում կայացրեց, որը կրկին քաղաքական հետապնդման արդյունք էր՝ արձանագրված ամենատարբեր կառույցների կողմից»:
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՎՃԻՌ Է ԿԱՅԱՑՎԵԼ
ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին հարուցված եւ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:
Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքը, ըստ միեւնույն ապրանքատեսակների խմբաքանակի, տեղավորել է մեկական փաթեթներում եւ հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան:
Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի եւ դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին եւ 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք:
Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին եւ Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով:
2021թ. դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաեւ Ա. Ապրոյանի մասով քրեական գործը:
Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ` Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ: Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է: