Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը հանդես է եկել «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախաձեռնությամբ, որի ընդունումը, ըստ իշխանական պատգամավորի, պայմանավորված է ցեմենտի տեղական արտադրությունը պաշտպանելու, ինչպես նաեւ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցային դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ: Նախագծով առաջարկվում է ներկրվող ցեմենտի տուրքը նվազեցնել 5 000 դրամով (մեկ տոննայի համար 14 000 դրամի փոխարեն սահմանել 9 000 դրամ), իսկ ներկրվող կլինկերի համար տուրքը վերացնել:
Պատգամավորը հիմնավորման մեջ նշում է, թե այսօր գործող տուրքի չափերը այլեւս չեն ապահովում շուկայի հավասարակշռում: «Ներկրվող ցեմենտի տուրքը սահմանվել է 3 տարի առաջ՝ այդ պահին առկա պայմանները եւ գները հաշվի առնելով: 2021 թվականի երկրորդ կիսամյակից սկսած՝ տեղի է ունեցել ելակետային պայմանների փոփոխություն, մասնավորապես՝ իրանական ցեմենտի եւ կլինկերի գինը այդ երկրում աճել է: Ավելացել են ցեմենտի տեղափոխման ծախսերը 2-2.5 հազար դրամով (սահմանից մինչեւ Երեւան եւ հարակից շրջաններ): Իրանում սահմանվել է կլինկերի արտահանման տուրք՝ 1կգ-ի համար 3 դոլարի չափով:
Ներկրվող ցեմենտը դարձել է անմրցունակ եւ սպառվում է միայն Իրանի հետ սահմանակից շրջաններում (տեղափոխման ծախսերի բացակայության շնորհիվ): Դրանից վեր տեղափոխման ծախսը այլ ծախսերի ավելացման եւ տուրքի հետ միասին զրոյացնում է ներկրվող ցեմենտի մրցակցային հնարավորությունը: Նվազել է նաեւ ներկրվող կլինկերով ցեմենտի արտադրության մրցունակությունը:
Ամփոփելով կարող ենք փաստել, որ տեղի է ունեցել պետտուրքի սահմանման հիմնական նպատակներից մեկից շեղում, որը տանում է շուկայի կենտրոնացման եւ ցեմենտի գնի աճի: Վերջին ամիսներին արդեն իսկ նկատվում է ցեմենտի մանրածախ եւ մեծածախ գնի աճ՝ 10-15 տոկոսով, իսկ տուրքի չափերը չվերանայելու դեպքում խորանում է ցեմենտի շուկայի հետագա գերկենտրոնացման ռիսկը:
Սա ոչ միայն թանկացնում է մասնավոր կառուցապատումը, այլեւ խնդիրներ է առաջացնում շինարարության ոլորտում արդեն իսկ կայացած պետական մրցույթների հետ կապված (երբ ցեմենտի եւ այլ շինանյութերի թանկացման հետեւանքով իրական ծախսերը շեղվում են նախահաշվային արժեքներից): Բացի այդ, ցեմենտի տուրքի՝ արդյունավետից բարձր մակարդակը ավելացնում է պետական բյուջեի ծախսերը շինարարության գծով, ինչը լուրջ խնդիր է՝ հաշվի առնելով, որ այս տարվա բյուջեով նախատեսվում է իրականացնել աննախադեպ ծավալով՝ 350 մլրդ դրամի կապիտալ ծախսեր»,- նշվում է հիմնավորման մեջ:
Նկատենք՝ նախորդ դեպքերում եւս այս օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի հեղինակը հենց Բաբկեն Թունյանն է եղել:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՉՍԿՍՎԱԾ` ԽԱԲՈՒՄ ԵՆ
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի ապագա թեկնածու Տիգրան Ավինյանը սկսել է նախընտրական քարոզարշավը: Նա երեւանցիներին մատուցում է նախկինում ՔՊ-ի տված ու չկատարած նույն խոստումը: Ինչի՞ մասին է խոսքը. քվե հավաքելու համար Ավինյանը երեկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի հետ մի լուսանկար է հրապարակել եւ թարմացրել Երեւանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման մասին խոսակցությունները:
Երեկ նա հայտարարել է, որ Երեւանի մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցումից բացի նախատեսվում է նաեւ միջանկյալ կայարանի կառուցում «Փեթակ» առեւտրային կենտրոնի հարեւանությամբ։
Հիշեցնենք, որ «Աջափնյակ» կայարան կառուցել խոստանում էին Նիկոլ Փաշինյանը, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, նախկին ճարտարապետ Արթուր Մեսչյանը դեռեւս 2019-ին: Չկառուցեցին: Իսկ ներկայիս քաղաքապետ Հրաչ Սարգսյանը օրերս հայտարարեց, որ 50 մլն եվրո արժողությամբ մետրոյի կայարանի կառուցումը «ներկա պահին ճոխություն» է: Նրա խոսքով՝ նոր կայարանի ծախսն անիմաստ է, անարդյունավետ, ինքն այդ ֆինանսական միջոցները, որոնք հնարավոր լինի հայթայթել, կներդներ գործող համակարգի արդիականացման մեջ։ Բայց Հրաչ Սարգսյանի մրցակից Տիգրան Ավինյանը, անհարմար դրության մեջ դնելով Երեւանի գործող քաղաքապետին, փորձում է իշխանությունների՝ 2019 թվականի խոստումը երկրորդ անգամ «վաճառել» ընտրողների վրա: Պարզ է՝ էլի խաբելու է:
Սակայն ուշագրավն այն է, որ Ավինյանը խոստանում է միջանկյալ կայարան կառուցել նաեւ «Փեթակ» առեւտրային կենտրոնի հարեւանությամբ՝ այսպես երեւանցիների աչքին թոզ փչելով, թե, իբր, նոր կայարան է կառուցում: Մինչդեռ խոսքն ընդամենը կարող է գնալ մի կանգառի մասին, որն այդքան էլ մեծ ծախսեր եւ ներդրումներ չի պահանջում: Երկաթգծերը կան, մետրոն այդ հատվածով անցնում է, մնում է կանգառի համար մի քանի էժան ատրիբուտներ հավելել: Նույն տրամաբանությամբ Երիտասարդական կայարանից մինչեւ Բաղրամյան կարելի է մի կանգառ էլ Օպերայի մոտակայքում ավելացնել, միեւնույնն է, մետրոն այդ հատվածով անցնում է, երկաթգծերը էլի կան գետնի տակ, մեծ ծախս չի ենթադրում կանգառ ավելացնելը: Ու այսպես, ընտրությունները չսկսված՝ իշխանությունն էլի խաբում է:
ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
ԿՐԱԿՈՑՆԵՐ ԵՆ ԵՂԵԼ
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում քննություն է տարվում Երեւանի Արտաշատի խճուղում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ: 2022թ. մայիսի 11-ին առերեւույթ հանցագործություն կատարած անձը Արտաշատի խճուղում ապօրինաբար երկու եւ ավելի անձանց կյանքից զրկելու դիտավորությամբ, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով իր մոտ գտնվող հրազենից կրակոցներ է արձակել երկու քաղաքացիների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ վերջիններս տեղափոխվել են բժշկական կենտրոն եւ ստացել համապատասխան բուժօգնություն:
Պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ առերեւույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երեւանի՝ 1988թ. ծնված բնակիչ է։
ԾՆՈՂՆԵՐԸ ԲՈՂՈՔԵԼ ԵՆ
«Ժողովուրդ» օրաթերթի թղթակցին են դիմել Դիլիջան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտների ծնողներ, որոնք բողոքել են, որ դպրոցի դասասենյակները նորոգելու համար դասղեկների միջոցով ծնողներից 10-հազարական դրամի հավաք է կազմակերպվում, եւ այդկերպ նորոգվում դասասենյակը։ Ծնողների խոսքերով՝ դպրոցի շենքը վատ վիճակում է, դասասենյակների հատակի մանրատախտակը պոկված է։ Ծնողների խոսքով՝ իրենք սոցիալական վատ վիճակում են գտնվում, կարիքավոր ընտանիքների համար դժվար է իրենց երեխայի դասասենյակի նորոգման համար 10 հազար դրամ տալը։
Նրանք վկայեցին, որ Դիլիջան թիվ 2 դպրոցի տնօրեն Մարինե Մեջինյանը ծնողների հանգանականած փողերով դասարանների նորոգման գործը սկսել է 4-րդ դասարանում սովորող իր թոռնուհու դասարանից, որը վերանորոգվել է։
«Ժողովուրդ» օրաթերթը կապ է հաստատել տնօրեն Մարինե Մեջինյանի հետ, որը ասել է, որ իրենց դպրոցի 5-րդ դասարանի դասասենյակի նորոգումը նախաձեռնել են այդ դասարանի աշակերտների ծնողները, որնոք ցանկացել են դասարանն ավելի նորոգ դարձնել, այդ դասարանի աշակերտների ծնողներից ոչ մեկը չի առարկել դրա դեմ։
Տնօրենն ընդունել է, որ որոշ ծնողներ, ամաչելով հայտնել, որ իրենք կարիքավոր են, այդ գումարը չունեն, առերեւույթ համաձայնել են դրամահավաքին։ Մ. Մեջինյանի խոսքով՝ իր թոռնիկի դասասենյակը նորոգվել է 3 տարի առաջ, երբ նա սովորում էր առաջին դասարանում, այդ կապակցությամբ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության աշխատակից Խաչիկ Խաչատրյանը եղել է Դիլիջանի թիվ 2 դպրոցում, համոզվել, որ գումար հանգանակելու համար ծնողների հանդեպ պարտադրանք չի եղել։
Այն հարցին, թե ինքը դիմել է արդյոք Տավուշի մարզպետարան, որպեսզի դպրոցի դասասենյակների վերանորոգման համար պետական բյուջեից գումարներ հատկացվեն, ասել է, որ իրենց դպրոցը վատ վիճակում չի գտնվում, Տավուշի մարզում կան դպրոցներ, որոնց շենքերը առաջնահերթ նորոգման կարիք ունեն, իրենց դպրոցի երկու մասնաշենքերից մեկը հին է, դպրոցի պահպանման ծախսերից գումարներ են օգտագործում մասնակի նորոգումներ կատարելու համար։
Մ. Մեջինյանի խոսքով՝ մտադիր են առաջիկայում նորոգել դպրոցի ֆիզիկայի եւ քիմիայի լաբորատորիաները։
Հավելենք, որ Տավուշի մարզի հանրակրթական շատ դպրոցների շենքեր գտվում են վատ վիճակում, սակայն պետական բյուջեից գումարներ չեն հատկացվում դրանք նորոգելու համար։ Պետբյուջեի միջոցները ծախսվում են մարզպետարանի պաշտոնյաներին պարբերաբար պարգեւատրելու նպատակով։ 2021 թվականի առաջին 10 ամիսներին Տավուշի մարզպետարանի աշխատողները պետական բյուջեից պարգեւատրվել են 68 միլիոն դրամի չափով։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ