ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանն ու Արթուր Մարտիրոսյանը աշխատանքային հանդիպում են ունեցել ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ մեկնարկող «Քաղաքացիական կրթություն եւ մասնակցություն» ծրագրի պատասխանատուների հետ: ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ ծրագիրն ունի երկու բաղադրիչ` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավում եւ, երկրորդ, երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավում: 2022-27 թվականների համար նախատեսված ծրագիրն իրականացնելու է «Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպությունը` երեք այլ կազմակերպությունների («Սիվիտաս» ՀԿ, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» եւ «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն»` ԿՏԱԿ) հետ կոնսորցիումի միջոցով:
«Փի-Էյչ Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչները հակիրճ ներկայացրել են ծրագրի հիմնական նպատակներն ու առաջարկվող միջոցառումները: Նշվել է, որ առաջին բաղադրիչը` ֆորմալ կրթության միջոցով դպրոցականների քաղաքացիական մասնակցության կարողությունների բարելավումը, համահունչ է Հայաստանում այժմ ընթացող հանրակրթության բարեփոխումներին եւ առնչվում է «Հասարակագիտություն» առարկայի ուսուցման բարելավմանը: Ոչ ֆորմալ կրթության միջոցով ֆորմալ քաղաքացիական կրթության բարելավմանը միտված միջոցառումները կքննարկվեն եւ կմշակվեն «ԿԶՆԱԿ» հիմնադրամի եւ ԿՏԱԿ-ի հետ համագործակցությամբ` առաջնահերթությունը տալով նախագծային ուսուցմանը: Առաջարկվել է նաեւ զարգացնել ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի գործունեությունը` նպաստելով ինստիտուցիոնալ կայացմանը:
«Հանրակրթության ոլորտն այժմ գտնվում է ակտիվ բարեփոխումների փուլում: Մասնավորապես՝ այժմ ներդրվում է հանրակրթության նոր չափորոշիչը, որն այս տարի փորձարկվել է Տավուշի դպրոցներում: Ծրագրով առաջարկվող միջոցառումները կարող են նպաստել չափորոշչի տեղայնացման եւ ներդրման արդյունավետությանը»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը` շեշտելով, որ չափազանց կարեւոր է ծրագրի ենթաբաղադրիչների արդյունավետության եւ ազդեցության գնահատումը:
Ծրագրի երկրորդ բաղադրիչը` երիտասարդների քաղաքացիական ներգրավվածությանը նպաստող միջավայրի բարելավումը, ուղղված է 18 տարեկանից բարձր երիտասարդների ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրագործմանը: Այս բաղադրիչով նախատեսվում է երիտասարդների համար ամառային դպրոցների, ամենամյա էքսպո-մրցույթների եւ այլ միջոցառումների կազմակերպում:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է քննարկել նաեւ մարզերի խոշորացված համայնքներում ենթակառուցվածքների ստեղծման, մասնավորապես՝ երիտասարդական կենտրոնների բացման եւ դրանցում ոչ ֆորմալ կրթական ծրագրերի իրականացման խնդիրը: «Շատ կարեւոր է, որ միջազգային գործընկերների աջակցության ծրագրերով նախատեսված միջոցառումները համահունչ լինեն պետական քաղաքականությանը եւ նպաստեն հատկապես մարզաբնակ երիտասարդների կարողությունների ու հնարավորությունների զարգացմանը»,- նշել է Արթուր Մարտիրոսյանը: Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի իրականացման փուլային խնդիրները եւ դրանցից բխող աշխատանքային, կազմակերպական հարցեր:
ԱՂԻՔԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱԿՏԻՎԱՆՈՒՄ ԵՆ
Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են. «Աղիքային վարակիչ հիվանդությունները տարվա տաք եղանակներին ակտիվանում են։ Աղիքային վարակիչ հիվանդություններին բնորոշ է սեզոնայնությունը, հետեւաբար հիվանդության դեպքերը, ինչպես նաեւ բռնկումներն ավելի հաճախ արձանագրվում են տարվա տաք եղանակներին, երբ առկա են նպաստավոր պայմաններ աղիքային վարակների հարուցիչների աճման եւ բազմացման համար:
Աղիքային վարակիչ հիվանդությունները տարածվում են ջրի, սննդի միջոցով, ինչպես նաեւ կենցաղակոնտակտային ճանապարհով: Սննդամթերքը բարենպաստ պայմաններում վարակիչ հիվանդությունների հարուցիչների համար հանդիսանում է սննդային միջավայր՝ նպաստելով դրանց աճմանը եւ բազմացմանը: Ամռանը լավ չլվացված մրգերը եւ բանջարեղենը, համապատասխան պայմաններում չպահված սննդամթերքը, ոչ ճիշտ պատրաստված ուտեստներն ավելի հաճախ են դառնում աղիքային վարակիչ հիվանդությունների բռնկումների առաջացման պատճառ: Աղիքային վարակիչ հիվանդություններով առավել հաճախ հիվանդանում են երեխաները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, որոնց իմուն համակարգը թույլ է: Հատկանշական է, որ 2021 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել են աղիքային վարակիչ հիվանդությունների մի շարք բռնկումներ, որոնք հիմնականում պայամանավորված են սննդային գործոնով, այդ թվում` դեպքեր են արձանագրվել հանրային սննդի եւ մանկական նախադպրոցական կազմակերպություններում:
ԱՂՋԻԿՆ ԱՊԱՔԻՆՎՈՒՄ Է
Դեբեդ գետից դուրս բերված 2-ամյա Արեւը «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկների շնորհիվ ապաքինվել է, բայց դեռ շարունակում է մնալ բժշկական կենտրոնում: Այս մասին հայտնում են ԲԿ-ից։ Պատկան մարմինների ներկայացուցիչներն այս օրերին եղել են բուժկենտրոնում, աշխատում են իրավական հիմքերի ապահովման ուղղությամբ, որ երեխան տեղափոխվի ընտանիք կամ սոցիալական որեւէ կենտրոն: «Մեզ համար շատ մեծ սթրես է լինելու ինչպես իր համար, որովհետեւ ինքը սովորել է մեր աշխատակիցներին, մի բուժքրոջը էնպես է կպած, ոնց որ մամային, ձեռքից բռնած ման է գալիս, շատ սիրված երեխա է բոլորի կողմից»,- ասում է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը:
ԲԺՇԿԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ
Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի հանձնարարագրով վերահսկողություն է իրականացվել Երեւանի «Շտապբուժօգնություն» ՓԲ ընկերությունում՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ 2018 թվականից մինչեւ 2022 թվականը ընկած ժամանակահատվածում կնքված բժշկական պայմանագրերի շրջանակներում մատուցված ծառայությունների կատարման նկատմամբ:
Ուսումնասիրությամբ արձանագրվել են մի շարք դեպքեր, երբ «պետական պատվերի շրջանակներում ստացվել են ֆինանսավորումներ ՓԲԸ-ի կողմից այլ տնտեսվարողների հետ կնքված եւ արդեն իսկ վճարված ծառայությունների կանչի թերթիկների դիմաց: Արդյունքում 13 տնտեսվարողի հետ իրականացված ծառայությունների մատուցման պայմանագրերում թվով 1281 դեպքով արդեն իսկ վճարված կանչի թերթիկներ մուտքագրվել են «Արմեդ» համակարգ, որի դիմաց ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել եւ ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսավորում՝ 17 595 320 ՀՀ դրամ չափով:
Միաժամանակ, ուսումնասիրվել են ՀՀ քաղաքացիներին ՓԲԸ-ի կողմից 2019-2021 թթ. մատուցված 22612 վճարովի կանչերի դիմաց գանձումների պատմությունները, որի արդյունքում հայտնաբերվել է 724 անհամապատասխանություն:
Մասնավորապես՝ քաղաքացիների կողմից արդեն իսկ վճարված կանչերի թերթիկները ՓԲԸ-ի կողմից կրկնակի մուտքագրվել են «Արմեդ» համակարգ եւ ՀՀ առողջապահության նախարարությունից պահանջվել եւ ստացվել է լրացուցիչ չհիմնավորված ֆինանսական միջոցներ՝ ընդհանուր՝ 5 672 430 ՀՀ դրամի չափով:
Արդյունքում ներկայացված ոչ հավաստի տեղեկատվությամբ եւ արդեն իսկ վճարված կանչերի վերաբերյալ փաստաթղթերի «Արմեդ» համակարգ մուտքագրմամբ ՓԲԸ-ի կողմից ՀՀ առողջապահության նախարարությունից 2005 դեպքով պահանջվել եւ ստացվել են ֆինանսական միջոցներ՝ 23 267 750 ՀՀ դրամ ընդհանուր չափով:
Իրականացված վերահսկողությամբ հայտնաբերված նշված դեպքերի վերաբերյալ տեղեկություններն ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազին իրավական գնահատական տալու եւ հետագա ընթացքն ապահովելու համար։