ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՖԻ՞ԼՄ Է ՆԿԱՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 30-ին պրոդյուսեր Աննա Զաքարյանը հայտնել էր, որ Nat Geo-ի ադրբեջանցի ռեժիսորը Հայաստանում Ադրբեջանի օգտին քարոզչական ֆիլմ է նկարում, որը մասնագիտական շրջանակներում լուրջ աղմուկ էր բարձրացրել։

 

«Վերջերս Nat Geo-ի համար Հայաստանում նկարահանվում էր վավերագրական ֆիլմ: Ազգությամբ ադրբեջանցի ռեժիսորին եւ հաղորդավարին ուղեկցում էր ՀՀ կառավարության աշխատողը, ադրբեջանցին նաեւ ստացել է ԱԱԾ-ի եւ ԱԳՆ-ի թույլտվությունը` ՀՀ տարածքում նկարահանումներ անելու, որոնցում արտահայտում է կարոտը «իր» հողի նկատմամբ, պատմում, թե ինչպես է իր պապը ապրել եւ արարել այս հողի վրա»,- մասնավորապես  գրել էր  Զաքարյանը։

ArmLur.am-ը կապ է հաստատել գրառման հեղինակի հետ, որը մեզ հետ զրույցում ասաց, որ տեղեկությունը ստացել Է այդ նախագծում աշխատած իր կոլեգայից, որն իմանալուց հետո՝  ռեժիսորը եւ հաղորդավարը ազգությամբ ադրբեջանցի են, լքել է նկարահանման հարթակը։

Բարձրաձայնված խնդրի շուրջ կապ հաստատեցինք նաեւ  «Ազգային կինոկենտրոնի» մամուլի քարտուղար Ռուզան Բագրատունու հետ, ով մեզ հետ զրույցում  ասաց. «Դա մեզ հետ բացարձակ կապ չունի, մենք իրապես որեւէ տեղեկություն չունենք եւ չունենք նման աշխատակից, հետո էլ պարզվեց, որ նախկին աշխատակից է եղել»:

ArmLur.am-ը գնացել է պրոդյուսերի ահազանգի հետքերով՝ դիմելով ՀՀ ԱԳՆ՝ պարզելու համար, թե որքանով են իրական ադրբեջանական քարոզ պարունակող ֆիլմի նկարահանման մասին տեղեկությունները: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԳՆ-ից պատասխանեցին, որ ֆեյսբուքյան օգտատեր Աննա Զաքարյանի գրառման մեջ հիշատակվող ազգությամբ ադրբեջանցու (Ռենա Էֆենդի) կողմից, իբր, արված արտահայտությունների մասին որեւէ փաստ առկա չէ:

«Ի պատասխան Ձեր հարցման (մուտքագրվել է մայիսի 3-ին)՝ տեղեկացնում ենք, որ  «National geographic Society» փոխնախագահի դիմումի համաձայն՝ National Geographic-ի նկարահանող խումբ (ԱՄՆ, ՄԹ եւ Վրաստանի քաղաքացիներ), համաձայն սահմանված կարգի, հավատարմագրվել է ՀՀ ԱԳՆ-ում: Ֆեյսբուքյան օգտատեր Աննա Զաքարյանի գրառման մեջ հիշատակվող ազգությամբ ադրբեջանցու (Ռենա Էֆենդի) կողմից, իբր, արված արտահայտությունների մասին որեւէ փաստ առկա չէ: Իրականությանը չի համապատասխանում նաեւ նկարահանող խմբին ՀՀ կառավարության աշխատակցի ուղեկցելու պնդումը»- նշված է ԱԳՆ-ի պատասխանի մեջ:

 

 

ArmLur.am-ը դիմել էր նաեւ ՀՀ ազգային  անվտանգության ծառայություն՝ պարզելու համար, թե որքանով են իրական ադրբեջանական քարոզ պարունակող ֆիլմի նկարահանման մասին տեղեկությունները:

 

 

 

Մեր հարցմանն  ի պատասխան՝ ՀՀ ԱԱԾ-ից հայտնել են, որ «National geographic» նկարահանող խմբին ՀՀ-ում ուղեկցելու վերաբերյալ տվյալներն իրականությանը չեն համապատասխանում:

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ԼԻԼԻ ԷԼԲԱԿՅԱՆԸ՝ «ՉՆՉԻԿ»-Ի ՄԱՍԻՆ

«Չնչիկ»-ը բոլորիս համար այնքան շատ սպասված ֆիլմ էր, որ կդժվարանամ ամբողջապես զգացողություններս արտահայտել։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Չնչիկ» դրամայի գլխավոր դերակատար Լիլի Էլբակյանը՝ անդրադառնալով երկար սպասված ֆիլմի պրեմիերային։

 

«Իսկապես երկար ու ձիգ աշխատանքից հետո ֆիլմի մասին արձագանքներն իսկապես հրաշալի են։ Դեռ միայն լավ գնահատականներ եմ լսել»,-կարճ նշեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ֆիլմի թեման ու գաղափարն այսօր շատ արդիական է։ Նշենք, որ ապրիլի 16-ին՝ 18 տարվա ստեղծագործական երկար ու բարդ ճանապարհ անցնելուց հետո, Երեւանում վերջապես տեղի ունեցավ Արամ Շահբազյանի «Չնչիկ» դրամայի պրեմիերան։

Ինչեւէ, երկարուձիգ տարիներից եւ Բուսանի կինոփառատոնի «Նոր հոսանքներ» մրցութային ծրագրի համաշխարհային պրեմիերայից հետո «Չնչիկը» հայկական կինովարձույթում է ու 2004 եւ 2022 թվականներից երկուսն էլ ակամայից կատարում են իրենց կոնտեքստավորումը, քանի որ ֆիլմում շոշափվող նահապետականության, ներառականության ու հանդուրժողականության դիսկուրսները միանգամայն համահունչ են ուշացած պրեմիերայի ժամանակներին։

 

 

ՀՐԱՎԵՐ Է ՍՏԱՑԵԼ

«Բարսելոնայի» 39-ամյա եզրային պաշտպան Դանի Ալվեսը դարձյալ հրավեր է ստացել Բրազիլիայի հավաքականից. հաղորդում է կատալոնական ակումբի մամուլի ծառայությունը։ Ձմռանը՝ «Բարսելոնա» վերադառնալուց հետո, Դանի Ալվեսն արդեն երրորդ անգամ է հրավիրվում Բրազիլիայի հավաքականի խաղերին։ Հունիսին Բրազիլիայի թիմը կմեկնի մրցաշրջագայության Ասիա։ Հունիսի 2-ին Սեուլում բրազիլացիներն ընկերական հանդիպում կանցկացնեն Հարավային Կորեայի, հունիսի 6-ին՝ Տոկիոյում, Ճապոնիայի հավաքականի հետ։ Դանի Ալվեսը մասնակցել էր նաեւ Բրազիլիայի հավաքականի նախորդ երկու ընտրական հանդիպումներին։ Բրազիլացիները նվաճել են աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգիր։ G խմբում նրանց մրցակիցները կլինեն Սերբիայի, Շվեյցարիայի եւ Կամերունի հավաքականները։

 

 

 

ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պատմել է Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան, հռոմեական թիմի խաղացող Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին «Մանչեսթեր Յունայթեդում»։ «Այն ժամանակ մարդիկ վատատեսորեն էին տրամադրված եւ ասում էին, որ Մխիթարյանն ինձ հետ աշխատանքում շանս չի ունենա։ Ասում էին, որ նա անհաջողություններից հետո չի կարողանում շտկել դրությունը։ Ես ապացուցեցի հակառակը։ Մենք շատ հասուն եւ ազնիվ էինք իրար հետ»,-ասել է Մոուրինյոն: 33-ամյա ֆուտբոլիստը մանչեսթերյան ակումբում հանդես է եկել 2016-2018-ին։ Մոուրինյոյի հետ լարված հարաբերություններից հետո նա տեղափոխվել էր Լոնդոնի «Արսենալ»։ Մխիթարյանի պայմանագիրը «Ռոմայի» հետ նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը։ Կողմերը դեռ չեն կնքել նոր պայմանագիր։ Մոուրինյոն մի քանի անգամ նշել է, որ Մխիթարյանը «Ռոմայի» առանցքային խաղացողներից է, եւ ցանկանում է շարունակել աշխատանքը նրա հետ։

 

 

 

ՄԱՍՆԱԿՑԵԼ Է

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մասնակցել է «Բրյուգե»-ի հերթական խաղին: Ֆուտբոլի Բելգիայի առաջնության շրջանակներում «Բրյուգե»-ն մրցել է առաջատար «Ռոյալ Ունիոն»-ի հետ եւ առավելության հասել նվազագույն հաշվով: Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմից Սարգիս Ադամյանը «Բրյուգե»-ի փոխարինողների թվում էր, սակայն փոխարինման դուրս եկավ 55-րդ րոպեին: Այս տուրից հետո «Բրյուգե»-ն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

 

 




Լրահոս