Կոնկրետ այս նախագծին ոչ մի կերպ չեմ վերաբերվում, քանի որ այն անմիջականորեն կապված է ավելի վաղ արդեն ընդունված փոփոխություններին օրենքի հետ, որոնք անընդունելի պայմաններ են սահմանում լրագրողների հավատարմագրման համար պետական կառույցներում, եւ հենց ամբողջ խնդիրը սկսվել է այնտեղից, եւ սա ընդամենը տեխնիկական հավելում է օրենքին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ անդրադառնալով «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագծին:
Մեր զրուցակցի խոսքով՝ առհասարակ այս նախաձեռնությունն իրեն համար ամբողջությամբ անընդունելի է:
«Այս օրենքի փոփոխությունը միայն դժվարացնելու է լրագրողների աշխատանքն այնտեղ, որտեղ իրենք պետք է լինեն, որպեսզի հանրությանը ծանոթացնեն պետական կառույցների գործունեության հետ»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Լիդա Եղիազարյան