Team Telecom Armenia-ն բջջային կայանների վերակառուցման և ցանցում նոր տեխնոլոգիաների ներդրման արդյունքում զգալիորեն բարելավել է բջջային ցանցի ծածկույթը Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Վերջին ամիսների ընթացքում Team-ը 4G ծածկույթ է ստեղծել 14 քաղաքներում և 65 համայնքներում։ Դրա համար ընկերությունը 4G տեխնոլոգիա է ներդրել մոտ 80 գործող կայաններում և կառուցել է տասնյակ նոր բջջային կայաններ, որոնք աշխատում են արդիական բոլոր տեխնոլոգիաներով։
«Զարգացնելով մեր թե՛ բջջային, թե՛ ֆիքսված ցանցերը, մենք ձգտում ենք, որ տեխնոլոգիաները տարածվեն համաչափ ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Որակյալ կապը մասնավորապես թույլ է տալիս կրթվել, զարգանալ, գումար վաստակել, և այն պետք է հասանելի լինի բոլորին։ Լինելով հայկական ընկերություն և ազգային օպերատոր, մենք դա առաքելություն ենք համարում», – նշում է Team Telecom Armenia-ի տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը:
Բջջային ցանցի արդիականացման ծրագրի շրջանակներում Team Telecom Armenia-ն հզորացրել է նաև 3G ծածկույթը՝ վերազինելով 224 կայան Երևանում և 281-ը՝ մարզերում։ Նշենք, որ 3G ցանցում ինտերնետի արագությունը հասնում է մինչև 40 Մբ/վ։