Գետափում դարձյալ բնակարանամուտ է նշվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկարատև սպասումից հետո, Գետափ գյուղում ևս մեկ ընտանիք է տան տեր դարձել: 27 տարի առաջ ընտանիք կազմած Հովսեփյանները միայն ամիսներ առաջ են բնակարանամուտ նշել: Սկզբում վարձակալած, ապա գնած՝ խարխուլ, քայքայված միջնապատերով ու տանիքով շինությունն էլ սեփական ձեռքերով են վերակառուցել ու տուն դարձրել: Այդ հարցում նրանց աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»: Բնակարանաշինության ծրագրում ընդգրկվելու արդյունքը երկար սպասեցնել չի տվել:

Հերթական շրջայցով՝ գործընկեր կազմակերպությունների ղեկավարները հյուրընկալվել են Հովսեփյանների նորակառույց տանը: Երիտասարդ ընտանիքը, հինգ ամսվա ընթացքում գործադրված ջանքերի և գործընկերների աջակցության շնորհիվ, կառուցել է տան միջնապատերը, տանիքը, ավելացրել է ննջասենյակների թիվն ու հիմնանորոգել հատակը:

‹‹Երկար տարիների երազանքը վերջապես իրականություն է դարձել. վերջապես հանգստություն ենք ձեռք բերել: Նոր տան հետ նոր երազանքներ են ծնվել… արդեն հասցրել ենք այս տանը իրական երջանկություն վայելել. տան շինարարությունը ավարտին հասցնելուց անմիջապես հետո նշել ենք և՛ տղայիս, և՛աղջկաս նշանադրությունը: Դեռ չեմ հավատում, որ ամեն ինչ անցյալում է մնացել››, – ասել է Վարդիթերը՝ ընտանիքի մայրը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» համագործակցության արդյունքում, բոլոր առումներով բարդ տարիներ հաղթահարած ընտանիքներն սկսել են աստիճանաբար վերադառնալ կյանքի բնականոն հուն: Բնակարանաշինության տասնամյա ծրագրի դրական ազդեցությունն զգացել են Հայաստանի բոլոր մարզերում ապրող մարդիկ:

«Ամեն մեկն իր անցնելիք ճանապարհն ունի, բայց կա մի հատված, որտեղ բոլորրիս ուղին խաչվում է. դա երկրի զարգացման ճանապարհն է: Սա մի ծրագիր է, որի հիմքում օգտակար լինելու ռազմավարություն կա: Մարզերում ապրող մեր հայրենակիցները պետք է վստահ լինեն, որ իրենք մենակ չեն իրենց խնդիրների հետ: Երկար տարիներ առաջնորդվել ենք այդ տրամաբանությամբ: Երբեմն առաջին հայացքից փոքրիկ թվացող որոշումը կարող է ամբողջովին փոխել մարդու կյանքը»,-ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› տասնամյա համագործակցության արդյունքում, միայն Վայց ձորում, բնակարանաշինության ծրագրից օգտվել է 44 ընտանիք:

«Արդեն տասնամյակից ավել իրականացվող այս ծրագիրը դարձել է կենսական նշանակություն ունեցող գեղեցիկ ավանդույթ, որն ուղղված է ոչ միայն ընտանիքների բարօրությանը, այլ նաև համայնքների պահպանմանն ու զարգացմանը: Ստեղծելով բարեկեցիկ պայմաններ ընտանիքների համար՝ նրանց համար ստեղծում ենք սեփական հողում արարելու և երջանիկ ապագա կերտելու հենակետ», – ասել է ‹‹Ֆուլեր տնաշինական կենտրոնի›› նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Ընտանիքներին աջակցելու՝ գործընկերների հետևողականությունն անփոփոխ է: Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» ղեկավարները կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի, այլև արդեն 400 ընտանիքի վրա՝ դրա հոգեբանական ազդեցության արդյունքը: Այս տարիների ընթացքում, հանրապետության բոլոր մարզերում ավարտին է հասցվել բազմաթիվ կիսակառույցների շինարարություն, ապամոնտաժվել են վագոն-տնակներ, իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Այդ նպատակով, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է գրեթե 1 մլրդ. ՀՀ դրամի ներդրում:




Լրահոս