Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլը Ստեփանակերտում համերգ կունենա. նրանց ընդունել է Արայիկ Հարությունյանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 22-ին ընդունել է Հայաստանի հանրային ռադիոընկերության Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների վաստակավոր անսամբլին` Հայաստանի հանրային ռադիոընկերության տնօրեն Գարեգին Խումարյանի գլխավորությամբ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել անսամբլի` Ստեփանակերտում համերգով հանդես գալու նախաձեռնությունը` այն կարևորելով հատկապես հետպատերազմյան ժամանակահատվածի հանրային տրամադրությունների վերականգնման բարդ գործընթացի համատեքստում:

Նախագահ Հարությունյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակում հայկական մշակութային խմբերի այցն Արցախ առավել պահանջված է դառնում, քանի որ Մայր Հայրենիքի հետ հոգևոր-մշակութային կապի ամրապնդումը դարձել է ժամանակի ամենամեծ հրամայականներից ու հետագա հաջողությունների առանցքային գործոններից:

Նշվում է, որ Արցախի նախագահը լսել է նաև հանդիպման մասնակիցների կարծիքները, պատասխանել նրանց հուզող հարցերին:

Հանդիպմանը ներկա է եղել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Անահիտ Հակոբյանը:




Լրահոս