ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան առեղծվածային վաճառքի հարցը հասավ Վճռաբեկ դատարան: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
ArmLur.am-ը գրել էր, որ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին պատկանող 5 մլն դոլարանոց առանձնատան վերաբերյալ Գլխավոր դատախազի բողոքը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է, Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է ուժի մեջ:
Ասել է, թե դատարանը մերժեց դատախազի բողոքը, թե ինչպես է նախկին վարչապետի տունը կալանքից հանվել եւ դատախազությունը բողոքարկել է ՀՀ վճռաբեկ դատարան, իսկ թե ինչ որոշում կկայացնի Վճռաբեկ դատարանը, սպասենք զարգացումներին:
Ինչպես հայտնի է, Մոնումենտում գտնվող և քրեական գործերով անցնող շքեղ դղյակն Աբրահամյաններին հաջողվել էր վաճառել այս տարվա մարտի 1-ին: Մինչ այդ Արգամ Աբրահամյանին հաջողվել էր առանձնատան վրայից հանել կալանքը: Կալանքը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հիման վրա հանել Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեն:
Հիշեցնենք, որ 2018 թվականին հարուցված քրեական գործով այդ դղյակը համարվում էր պաշտոնեական լիազորությունների չարաշահման իրեղեն ապացույց: Այս առանձնատան վաճառքը դարձավ լուրջ կռվախնձոր: Բանն այն է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն եւ Գլխավոր դատախազությունը նախկին վարչապետի առանձնատան վաճառքի թեմայով լուրջ կռվախնձոր սարքեցին, թե ինչպես եւ ում թեթեւ ձեռքով նախկին վարչապետը կարողացավ կալանքի տակ գտնվող տունը վաճառել:
Բանը հասավ ԱԱԾ-ին. ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի առանձնատան վաճառքի գործով Ազգային անվտանգության ծառայությունում հարուցվեց քրեական գործ պաշտոնեական դիրքի չարաշահման հատկանիշներով:
Առանձնատան վաճառքի գործընթացի օրինականությունը ստուգելու համար գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այն ուղարկել էր ԱԱԾ, ինչի արդյունքում էլ ԱԱԾ-ն ուսումնասիրել է եւ դատելով իրավիճակից՝ բավարար հիմքեր է գտել, որ առանձնատան գնման գործընթացը ինչ-ինչ ճանապարհով է իրականացվել, ինչի արդյունքում հարուցվել է քրեական գործ»:
Քնար Մանուկյան