2019-ի ապրիլի 17-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստանում էր ոչ միայն «ասֆալտին փռել, այլեւ «պատերով տալ» բոլոր նրանց, ովքեր տեղական ինքնակառավարման մարմիններում կփորձեն զորբայությամբ հարց լուծել: Նա, հիշեցնենք, պատասխանում էր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության ու հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի՝ Գեղարքունիքի մարզի Վանեւան համայնքի մասին տված հարցին: Այդ օրերին վանեւանցիները գյուղապետի հրաժարականն էին պահանջում, իսկ Փաշինյանն իրավիճակը մեկնաբանում էր այսպես. «Եթե որեւէ մի համայնքում խնդիր կա, ապա հարցերը պետք է արտահերթ ընտրություններով լուծվեն»: Այժմ, սակայն, իրավիճակ է փոխվել իշխող քաղաքական թիմի մոտ, ու «Քաղաքացիական պայմանագիրը», չհաշտվելով մի շարք համայնքներում տարած պարտության հետ, անում է հնարավորը, որ յուրայիններն իշխանության անցնեն հատկապես խոշոր համայնքներում: 2021-ի դեկտեմբերի 5-ին՝ Վանաձորում տեղի ունեցած ընտրություններից հետո, համայնքը մինչեւ վերջերս չէր կառավարվում: Իշխող թիմը թեեւ բացարձակ քվե չէր ստացել, բայցեւ չէր հաշտվում հնարավոր հանգամանքի հետ, որ կարող է կորցնել մանդատը, կամ կարող է քաղաքապետ ընտրվել Մամիկոն Ասլանյանը, այդ պատճառով Ասլանյանին կալանավորեցին: Օրերս Փաշինյանի հրամանագրով Արկադի Փելեշյանը՝ Ական, քաղաքապետի պաշտոնակատար է նշանակվել: Փաշինյանը, ում ձեռամբ Ական այժմ քաղաքապետի դե յուրե մանդատ է ստացել, տարիներ առաջ իրեն պատկանող «Հայական ժամանակ» օրաթերթում գրում էր. «Շարմազանովի սանիկը՝ Վանաձորում կիսաքրեական համբավի տեր Ական՝ Վանաձորի քաղաքապետի թեկնածու»: 2016-ի հունիսի 2-ին տպագրված այս հոդվածը վարչապետը, ըստ երեւույթին, կա՛մ մոռացել է, կա՛մ էլ փոխվել են նրա՝ «կիսագողական իշխանիկների» մասին պատկերացումները: Արկադի Փելեշյանի անունը մի քանի անգամ հայտնվել է քրեական քրոնիկոնում: Նա 2008-ին մեղադրվել է խուլիգանության համար, ընդունել մեղքը ու տուգանք վճարելով՝ ազատ արձակվել: 2016-ին՝ ՏԻՄ ընտրությունների ժամանակ, ըստ տարբեր հրապարակումների՝ ծեծի է ենթարկել ավետարանչական եկեղեցու հոգեւոր առաջնորդներից մեկին, սակայն հարուցված քրեական գործը կարճվել է, քանի որ տուժող ճանաչված հոգեւորականը ներել էր Փելեշյանին: Այսպիսով, Փաշինյանի՝ ժողովրդին տված խոստումը, թե «Հայաստանում քրեական ենթամշակույթի քարոզչությունը եւ հերոսացումը պետք է արմատախիլ արվի, որովհետեւ դա կոռուպցիայի ամենամեծ ուղեկիցն է», եղել է նրա հերթական սուտը: Նա խաբել է ՀՀ քաղաքացիներին:
Ընդդիմության ակցիաների ժամանակ իրականացվող ոստիկանական բռնություններին եւ իրավապահ մարմինների տարբերակված գործելաոճին զուգահեռ՝ մայիսի 20-ին, Հայաստանում մի շատ հետաքրքիր եւ ներկայանալի քննարկում է լինելու Հայաստանի ժողովրդավարության մասին: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այդ քննարկմանը մասնակցելու է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Եվ չնայած նման միջոցառում անցկացնելն ու դրա ամսաթիվը որոշվել են շատ ավելի վաղ, սակայն հետաքրքիր է հենց այս իրավիճակում ժողովրդավարության վիճակին անդրադառնալը միջազգային հեղինակավոր կառույցների եւ Հայաստանում հավատարմագրված դեսպանների կողմից: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում միջոցառման կազմակերպիչներից Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Անդրանիկ Շիրինյանը եւս ընդգծեց. «Քննարկումը պլանավորվել է դեռ ամիսներ առաջ: Մեծ ծրագրի առաջին փուլը Հայաստանում ավարտվում է մայիսի վերջին, եւ քննարկումը դրա հետ կապված է հիմա տեղի ունենում»: Հավելենք, որ քննարկումը հեռարձակվելու է ուղիղ եթերի ֆորմատով, եւ լրատվամիջոցների մասնակցության մասով դեռ որեւէ հստակեցում առկա չէ: Ի դեպ, Հայաստանի ժողովրդավարության թեմայով քննարկմանը ներկա են լինելու ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Մ. Թրեյսին, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը եւ այլք:
Իշխանություններն արդեն բացահայտ խոստովանում են, որ ընդունված եւ գործի դրված օրենքները լավ չեն աշխատում: Մասնավորապես, խոսքը վերաբերում է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքին: Գլխավոր դատախազի տեղակալ Սրբուհի Գալյանը, որն էլ զբաղվում է այս օրենքի կիրառմամբ, առաջարկում է փոփոխություններ կատարել օրենքում: Եվ այստեղ ուշագրավը ոչ թե նոր կանոնակարգումներն են, որոնք գործելու են, այլ իշխանությունների խոստովանությունը: Հիմնավորման մեջ նշված է. «Օրենքի կիրարկման նախնական փուլում արձանագրվել են որոշ գործնական խնդիրներ, որոնք կարող են խոչընդոտել օրենքի նպատակների իրացմանը»: Այստեղ ուշագրավը հենց այս ձեւակերպումն է, քանի որ օրենքի նախագծի շրջանառության հենց առաջին օրվանից դատավորները բարձրաձայնում էին, թե այս տեսքով օրենքը չի կարող ծառայել իր նպատակին: Խնդիրներին բազմիցս անդրադարձել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը: Եվ չնայած օրենքը ընդունվել է 2021 թվականի սեպտեմբերի 21-ին, սակայն պատասխանատու կառույցը նոր է որոշել վերացնել խնդիրները: Մասնավորապես, փոփոխություններից մեկով նրանք ընդլայնում են «պաշտոնատար անձ» հասկացությունը, մյուս փոփոխությամբ առաջարկվում է գործող երկու տարվա ժամկետի փոխարեն, որպես ուսումնասիրության առավելագույն ժամկետ, սահմանել երեք տարին: Ինչպես ասում են, երեք տարվա մեջ մի բան կգտնեն:
«Ժողովուրդ» օրաթերթը ահազանգ է ստացել մի կալանավորից, որ մեզ տեղեկացրել է, թե ինչ է կատարվում քրեակատարողական հիմնարկներում: Մասնավորապես, մեզ ահազանգած կալանավորը հայտնեց, որ «Արմավիր» ՔԿՀ-ի աշխատակիցները ճնշման են ենթարկում կալանավորներին՝ կոնկրետ պահանջներ ներկայացնելով, որ եթե կալանավորների ընտանիքները մասնակցեն ընդդիմության կազմակերպած հավաքներին, ազատազրկվածների համար լավ չի լինի: Անգամ կալանավորը ուշագրավ դեպք պատմեց, որ ՔԿՀ աշխատակիցները հրահրում են բախումներ կալանավայրում: Լավ իմանալով, թե որ կալանավորներն ու դատապարտյալներն են, որ դեմ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, նրանց դավաճան են համարում, բախվում են այլ կարծիք ունեցող կալանավորների եւ դատապարտյալների հետ: Ասել է թե՝ բողոքի ակցիաները մտել են նաեւ քրեակատարողական հիմնարկներ: Կալանավորի ահազանգի մասով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց քրեակատարողական ծառայության լրատվական բաժին, որտեղից ի պատասխան՝ հայտնեցին, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում: