ՓԱՇԻՆՅԱՆԸ ԴԺԳՈՀ Է ՀԱՊԿ ԱՐՁԱԳԱՆՔԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայում երեկ տեղի ունեցավ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովը, որին մասնակցելու էր նաեւ Հայաստանի վարչապետը: Գագաթնաժողովը նվիրված է ՀԱՊԿ 30-ամյակին:

 

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդները համատեղ հայտարարություն են տարածել՝ անդրադառնալով ՀԱՊԿ պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությանը:

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է ապահովել իր սահմանների անվտանգությունը, այդ թվում՝ Աֆղանստանում եւ կազմակերպության անդամ երկրների այլ արտաքին սահմաններին անհանգստություն պատճառող իրավիճակի ֆոնին: «Անհանգստություն է առաջացնում իրավիճակն Աֆղանստանում եւ ՀԱՊԿ անդամ երկրների այլ արտաքին սահմաններին տիրող իրավիճակը: Այս համատեքստում պատրաստակամություն ենք հայտնում ապահովել ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում սահմանների անվտանգությունը»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրները պատրաստ են ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատել:

«Գիտակցելով մեր պատասխանատվությունը Եվրասիական տարածաշրջանում կայուն խաղաղություն ապահովելու հարցում՝ ընդգծում ենք մայրցամաքում լարվածության թուլացման անհրաժեշտությունը եւ հաստատում ենք ՆԱՏՕ-ի հետ պրակտիկ համագործակցություն հաստատելու պատրաստակամությունը»,- ասված է հայտարարության մեջ:

ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բարձրաձայնել է ՀԱՊԿ երկրների փոխգործակցության եւ ճգնաժամային իրավիճակներում արագ արձագանքման հետ կապված հարցերը: ՀՀ վարչապետը նախ շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ՀԱՊԿ կազմավորման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովը կազմակերպելու եւ ջերմ ընդունելության համար:

«Իհարկե, մեր հոբելյանական հանդիպումը շատ լավ առիթ է, որպեսզի որոշ եզրակացություններ անենք եւ քննարկենք մեր կազմակերպության հետագա զարգացման հեռանկարները: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բարձրացրել է շատ կարեւոր հարցեր ՀԱՊԿ անդամ երկրների միջեւ փոխգործակցության վերաբերյալ: Բելառուսի նախագահը անդրադարձել է, կարելի է ասել, բավականին խնդրահարույց հարցերի: Ընդհանրապես, կարելի է ասել, որ ՀԱՊԿ պատմության մեջ շատ է դրականը, որովհետեւ ՀԱՊԿ-ն եղել է, կա ու կլինի կարեւորագույն գործոնը տարածաշրջանում անվտանգության ապահովման հարցում: Բայց ինչպես տեսնում ենք, այսօրվա հոբելյանական գագաթնաժողովին քննարկում ենք ոչ միայն հոբելյանական հարցեր, որովհետեւ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակը բավականին լարված է»,- նշել է վարչապետը:

Փաշինյանն անդրադարձել է ՀԱՊԿ անդամ երկրների քվեարկության վերաբերյալ խնդրին՝ նշելով, որ հաճախ այդ քվեարկությունները համաժամանակյա չեն:

«Նկատեմ, որ սա նոր խնդիր չէ, երկար ժամանակ այն ուղեկցում է մեզ: Հայաստանը բազմիցս բարձրացրել է այս հարցը: Մենք աշխատանքային կարգով բազմիցս այդ հարցը քննարկել ենք: Ակնհայտ է, որ այդ հարցը կարիք ունի հետագա քննարկման»,- ընդգծել է վարչապետը:

Ինչ վերաբերում է փոխգործակցության եւ արագ արձագանքման մեխանիզմներին, վարչապետը սա եւս շատ կարեւոր հարց է համարում Հայաստանի համար:

«Ինչպես գիտեք, անցած տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր Հայաստանի Հանրապետությունը: Դեռ երկար ժամանակ մենք բարձրացրել ենք ոչ բարեկամ երկրին ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից զենքի վաճառքի հարցը: Այդ զենքը օգտագործվել է Հայաստանի դեմ եւ հայ ժողովրդի դեմ: Դա նույնպես խնդիր է:

Անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այնքան էլ չեն ուրախացրել Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին, բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կարեւորը դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում: Ես ուզում եմ եւս մեկ անգամ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 հունվարի 11-ի եռակողմ հայտարարություններին: Կարծում եմ, որ եզրակացություններ անել իրապես կարեւոր եւ լավ է, բայց Հայաստանը՝ որպես կազմակերպության հիմնադիր անդամ, հավատարիմ է կազմակերպության հետագա զարգացմանը եւ կազմակերպությունը առանցքային գործոն է համարում Եվրասիական տարածաշրջանի եւ Հայաստանի համար կայունության եւ անվտանգության ապահովման հարցում: Մենք դրական ենք տրամադրված, որպեսզի ամբողջ ծավալով աջակցենք կազմակերպությանը եւ նրա հետագա զարգացմանը»,- եզրափակել է Փաշինյանը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԳՈՐԾԱՐԱՆ ԿՀԻՄՆԵՆ 

Իրանի եւ ՌԴ-ի ընկերությունները կարող են նավթագազային ոլորտի համար սարքավորումների արտադրության համատեղ գործարան հիմնել եւ հետագայում արտահանել դրա արտադրանքը: Այս մասին հայտարարել Է Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալին: «Մենք կարող ենք ռուսաստանյան ընկերությունների ներուժն ու հնարավորություններն օգտագործել արդյունահանման, նավթի հանքավայրերի յուրացման, սարքավորումների պատրաստման եւ տեխնոլոգիաների փոխանցման ոլորտում: Բացի այդ, երկու երկրների ընկերությունները, համատեղ գործարան հիմնելով Իրանում եւ արտադրելով ավելի շատ, քան այս երկրում օգտագործվող սարքավորումն է, կարող են իրականացնել դրա արտահանումը»,-ասել Է դեսպանը:

 

 

ԿԺԱՄԱՆԻ ԵՐԵՎԱՆ

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան մայիսի 19-20-ը պաշտոնական այցով կժամանի Հայաստան, որի ընթացքում կհանդիպի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: Մինչ այդ, Լիտվայի նախագահը կայցելի Ադրբեջան, որտեղ կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ:

 

 

ՎԵՐՋԻՆ ԴԱՍԸ

2021-2022 թվականների ուսումնական տարին բոլոր այն հաստատություններում, որտեղ 5-օրյա աշխատանքային ռեժիմ է գործում, կավարտվի հունիսի 3-ին: Այդ օրը տեղի կունենա վերջին դասի արարողությունը: 6-օրյա աշխատանքային ռեժիմի դեպքում ուսումնական տարին կավարտվի հունիսի 6-ին: «Ակնկալում ենք, որ այս տարի կունենանք 12-րդ դասարանում շուրջ 21 հազար շրջանավարտ, իսկ 9-րդ դասարանը կավարտեն 34 500-ից մի փոքր ավելի երեխաներ»,-ասել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Ալեքսանյանը:

 

 

 

ԹՎԵՐ՝ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ

Երեկ Դիմադրության շարժումը վաղ առավոտից ավտորերթեր է իրականացրել Երեւանի տարբեր փողոցներում, որի ժամանակ ոստիկանությունը քաղաքացիների է բերման ենթարկել եւ կոշտ գործողություններ կիրառել վերջիններիս նկատմամբ հենց փողոցում: ArmLur.am-ը ՀՀ ոստիկանությունից հետաքրքրվեց, թե քանի բերման ենթարկված քաղաքացի կա, եւ քանի ավտոմեքենա է տուգանային հրապարակ տարվել: Ոոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանի փոխանցմամբ՝ կա 91 բերման ենթարկված: ArmLur.am-ը նաեւ հետաքրքրվեց, թե Հայաստանում նվազագույն արագություն օրենքով սահմանված չէ, ի՞նչն է պատճառը, որ ոստիկանները մեքենաները կանգնեցնում են եւ հրահանգում արագ ընթանալ: «Վերջին օրերին արձանագրվում են որոշ անձանց կողմից ճանապարհային երթեւեկության խոչընդոտներ ստեղծելու դեպքեր, այդ թվում՝ նաեւ խմբակային տեղաշարժերի միջոցով: Վարորդների մասնակցությամբ այդպիսի խմբակային տեղաշարժերը ոչ միայն խախտում են ՃԵԿ կանոնները, խանգարում երթեւեկությանը, այլեւ ստեղծում են երթեւեկության անվտանգության սպառնալիք: Այդ կարգի գործողությունները իրավախախտում են եւ առաջացնում են վարչական պատասխանատվություն»,-նշեց մեր զրուցակիցը:

 

 

ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ԿՔՆՆԱՐԿՎԻ

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը մայիսի 20-ին  կքննարկվի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ ընդունման նպատակը հանդիսանում է ՀՀ-ում քաղաքացիական, ծառայողական, ինչպեu նաեւ մարտական հրաձգային ձեռքի զենքի, մարտական շեղբավոր եւ նետողական uառը զենքի շրջանառության եւ արտադրության կապակցությամբ ծագող հարաբերությունները, որոնք ուղղված են քաղաքացու ինքնապաշտպանության իրավունքի օրենսդրական կարգավորմանը պատշաճ պաշտպանական միջոցների հասանելիության միջոցով, սեփականության իրավունքի, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից քաղաքացիական զենքի օգտագործման պայմանների իրավական կարգավորումը: Նախագծով քաղաքացիական զենք ձեռք բերելու թույլտվության տարիքը սահմանվում է 21 տարեկանը:

Այս նախագծով առաջարկվող փոփոխությունները հաստատում են ինքնապաշտպանության, զենքի ու փամփուշտների տիրապետման իրավունքը, հստակեցնում ինքնապաշտպանության ասպեկտները, սահմանում զենք տիրապետողների նախապատրաստման, ուսուցման հիմունքները, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց կողմից զենքի եւ փամփուշտների ձեռք բերելու, կրելու, պահելու, տեղափոխելու, զենքի հավաքածու կազմելու եւ դրանք ցուցադրելու կանոները եւ թույլտվությունները, քաղաքացիական եւ ծառայողական զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի, ինչպես նաեւ հրաձգարանի գործարկման լիցենզիաները տալու կարգը, ինչպես նաեւ այդ թույլտվություններից եւ լիցենզիաներից զրկելու կարգը: Զենքի արտադրության, ներկրման, արտահանման, առեւտրի լիցենզիայի գործողության ժամկետը սահմանվելու է 5 տարի՝ նախկին 3 տարվա փոխարեն: Նախագծով թույլատրվում է ձեռք բերել մինչեւ 10 միավոր քաղաքացիական հրազեն՝ 5 միավորի փոխարեն։ Զենքի հավաքածուներ կազմելու թույլտվությունը դառնում է անժամկետ։

 

 

ԳՈՂԱՑԵԼ Է

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ Եղիշ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի փետրվարի 12-ին գողություն կատարելու դիտավորությամբ նախնական համաձայնության գալով Հրազդան քաղաքի բնակիչ Գնել Նոսոյանի հետ, «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ին պատկանող «Ռուս-հայկական բարեկամության տուն» շինությունից փորձել են գողանալ պատուհանի թվով 9 հատ ալյումինե փեղկեր:

 




Լրահոս