ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեից, ՀՀ 100 տոկոս պետական բաժնեմաս ունեցող «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ից ստացված փաստաթղթերի եւ տեղեկատվության, 2021թ. հոկտեմբերին ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նշված ՓԲԸ-ում կատարված  ստուգման արդունքների վերաբերյալ փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է նշված ՓԲԸ-ում առանձին շինարարական, շինմոնտաժային եւ վերանորոգման ու այլ պայմանագրային պարտավորությունների կատարման՝ օրենդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանության վիճակը: Արդյունքում հայտնաբերվել են առերեւույթ հանցավոր չարաշահումներ: Գլխավոր դատախազությունը հայտնել է. ««Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի եւ N ՍՊԸ-ի միջեւ 20.09.2012թ. կնքված 832.026.000 ՀՀ դրամի կապալային աշխատանքների կատարման վերաբերյալ պայմանագրի հիմքով իրականացվել են «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ի գլխավոր մասնաշենքի, կաթսայատան-պոմպակայանի եւ էլեկտրական ենթակայանի շենքերի արտաքին կոնստրուկցիանների շինմոնտաժային, տանիքների, արտաքին պատերի երեսպատման, դռների եւ պատուհանների տեղադրման աշխատանքներ:

 

Ընտրանքային շինարարական աշխատանքների հսկիչ չափագրումներով, սակայն, հայտնաբերվել են նշված աշխատանքների վրաբերյալ հանձնման-ընդունման արձանագրություններով հաստատված եւ վճարված, սակայն փաստացի չկատարված ընդհանուր 3.7մլն ՀՀ դրամ ընդհանուր գումարով աշխատանքներ:

Բացի այդ, 2012թ. կնքված համաձայնագրով պայմանագրի գինը փոփոխվել եւ կազմել է 791.196.400 ՀՀ դրամ, 2013թ. կնքված այլ համաձայնագրով՝ այն փոփոխվել եւ կազմել է 872.590.300 ՀՀ դրամ:

24.03.2014թ. ընկերության եւ նույն ՍՊԸ-ի միջեւ կնքված 1.042.413.200 ՀՀ դրամի կապալի այլ պայմանագրով ՍՊԸ-ն  պարտավորվել է կատարել «Ցիկլոն 18/18» ցիկլոտրոնի տեղակայման շենքի ներքին հարդարման, արտաքին եւ ներքին ճարտարագիտական համակարգերի ձեռքբերման, տեղակայման, կարգաբերման աշխատանքները:

Ինչպես 20.09.2012թ., այնպես էլ 24.03.2014թ. կնքած կապալի աշխատանքների գնման պայմանագրերի կատարման ժամկետները հընթացս կնքված մի քանի համաձայնագրերով շարունակաբար փոփոխվել են, եւ վերջնաժամկետներ են սահմանվել համապատասխանաբար 2015թ. դեկտեմբերի 30-ը եւ 31-ը, ինչով խախտվել են ՀՀ կառավարության 10.02.2011թ. N 168-Ն որոշման՝ պայմանագրով նախատեսված ժամկետների եւ պայմանների փոփոխման համար նախխատեսվող սահմանափակումների վերաբերյալ պահանջները:

Համաձայն այդ պայմանագրերի՝ «Աշխատանքի կատարման ժամկետը խախտելու դեպքում կապալառուից յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձվում է տույժ՝ յուրաքանչյուր ուշացած օրվա համար չկատարված աշխատանքների գնի 0.05 տոկոսի չափով:

Պարզվել է, սակայն, որ պայմանագրերից մեկի դեպքում 181.080.200 դրամի, իսկ մյուսի դեպքում՝ 488.046.400 դրամի աշխատանքները կատարվել են նախատեսված վերջնաժամկետներից հետո, եւ յուրաքանչյուր ուշացած օրվա համար գանձման ենթակա տույժերը՝ ընդհանուր 64.819.400 ՀՀ դրամի չափով, չեն հաշվարկվել եւ չեն գանձվել:

Նկատի ունենալով, որ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքն օգտագործելով իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող ուրիշի գույքը հափշտակելու, պաշտոնատար անձանց կողմից պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելու, պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական դիրքը չարաշահելու` ծանր հետեւանքներ առաջացնելու հանցագործությունների առերեւույթ հատկանիշների վերաբերյալ տվյալներ՝ ուսումնասիրության արդյունքներն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ եւ 181-րդ հոդվածների կարգով նյութեր նախապատրաստելու եւ ընթացքը լուծելու համար»:

 

 

ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հինգերորդ կայազորային քննչական բաժնում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում կալանավորվել են վերջինս երկու համածառայակիցները:  2022 թ. մայիսի 11-ին ՀՀ ՊՆ N զորամասի հրաձիգ-նռնակաձիգի օգնական, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյանը, նույն զորամասի պահպանության տեղամասում գտնվող մարտական դիրքի դիտակետում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակոց արձակելով կրծքավանդակի շրջանին, ինքնասպան էր եղել: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս երկու համածառայակիցներին ՀՀ քրեական օրենսգրքի 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով եւ 360.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով մեղադրանք է առաջադրվել, եւ որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:

 

 

ՆԵՐԿԱՅԱՑԵԼ Է ՔՆՆՉԱԿԱՆ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը ներկայացել  է  ՀՀ քննչական  կոմիտեի  ՀԿԳ վարչություն  եւ բացատրություն  տվել  մայիսի  2-ին  տեղի  ունեցած միջադեպի  գործով: Տեղեկությունը  փորձեցինք  անձամբ պարզել Սարգիս Հովհաննիսյանից,  սակայն  վերջինս ասաց՝ դիմե՛ք նախաքննական  մարմին: Հիշեցնենք, որ մայիսի 10-ին «Ժողովուրդ» օրաթերթը գրել է, որ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանին ծանուցում է ուղարկելու նախաքննական մարմին ներկայանալու եւ միջադեպի մասով բացատրություն տալու համար: Ինչպես տեղեկացրել էինք, Նիկոլ Փաշինյանի թիկնազորի պետ Սարգիս Հովհաննիսյանի մասնակցությամբ միջադեպի գործը քննվում է ՀՀ քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում: Բացատրությունները լսելուց, ապացույցներն ու հիմքերը ուսումնասիրելուց հետո նախաքննական մարմինը կորոշի` հարուցել քրեական գործ դեպքի առթիվ, թե ոչ: ԱԱԾ ՊՊԾ պետ Սարգիս Հովհաննիսյանը մայիսի 2-ին Բաղրամյան-Պռոշյան փողոցների խաչմերուկում բռնություն էր կիրառել մասնագիտական աշխատանքը կատարող լրագրող Նարե Գեւորգյանի ու օպերատոր Արման Ղալաջյանի նկատմամբ, սպառնալիք հնչեցրել ակցիայի մասնակիցներից մեկի դեմ։ Այդ դեպքի առնչությամբ բոլոր փաստերը Քննչական կոմիտեում են, եւ դժվար է պատկերացնել, թե ինչ հիմքով պետք է քրգործի հարուցումը մերժվի նախաքննական մարմնում. հանցակազմն ակնհայտ է: Ի դեպ, Սարգիս Հովհաննիսյանի նկատմամբ քրգործ հարուցելու հաղորդում ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել էր նաեւ ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը:

 

 

ԾԱՆՐ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ՝ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ

Արթուր Մանուկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2022 թվականի մարտի 2-ին դիտավորությամբ տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված՝ վերջինիս հասցեին հայհոյանք տալով ու նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով, հասցրել է ծանր վիրավորանք: Այսպես, Արթուր Լեւոնի Մանուկյանը, 2022 թվականի մարտի 2-ին տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, հաղորդակցական հարթակ հանդիսացող համացանցի` ֆեյսբուքյան սոցիալական ցանցի Artur Manukyan վերտառությամբ իր անձնական կայքէջով հրապարակային եղանակով նույն սոցիալական ցանցի «Ժողովուրդ» օրաթերթի կայքէջում հրապարակված՝ «Տեսանյութ. ինչքան կուզեմ, մատ թափ կտամ, պետք լինի` ուրիշ բան էլ կանեմ. Փաշինյանը հունից դուրս եկավ» վերտառությամբ հոդվածի մեկնաբանությունների բաժնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին, անձի հանրային գործունեությամբ պայմանավորված, դիտավորությամբ սեռական բնույթի հայհոյանք է տվել, այդկերպ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արժանապատվությունը` հասցնելով ծանր վիրավորանք: Այսինքն՝ Արթուր Լեւոնի Մանուկյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով նախատեսված, հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար: Իսկ ինչո՞ւ իրավապահ համակարգը մեղադրանք չի առաջադրում ըննդիմության ներկայացուցիչներին ծանր վիրվորանք հասցրած անձանց, ինչո՞ւ է իրավապահ համակարգը նկատում միայն քաղաքական իշխանության անդամների, ՀՀ վարչապետի մասին հնչած վիրավորանքները: Իրավապահ համակարգի այս գործելաոճը ցույց է տալիս մեկ բան. կա՛մ կոնկրետ ՀՀ վարչապետը կամ իր թիմն են անձամբ հնչած վիրավորանքների մասով դիմում իրավապահներին, կա՛մ ՀՀ իրավապահ համակարգը սպասարկում է միայն քաղաքական իշխանության շահերը:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ԾԵԾԵԼ ԵՆ

Երեւանում հերթական անգամ բռնության են ենթարկվել շտապօգնության բժիշկն ու վարորդը, վերջիններս տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Այս մասին նշել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ե՛վ բժիշկը, ե՛ւ վարորդը հետազոտվել են, նախնական ախտորոշմամբ՝ բժշկի վիճակը գնահատվում է միջին, իսկ վարորդինը՝ թեթեւ ծանրության։ Անընդունելի է, երբ մարդը ձեռք է բարձրացնում բժշկի վրա իր մասնագիտական առաքելությունն իրականացնելու պահին: Ամենախիստ պատժի, պարսավանքի պետք է ենթարկվի  բժշկի հանդեպ կատարված բռնության, ծեծի յուրաքանչյուր դեպք։ Հասարակությունը պարտավոր է մերժել ու դատապարտել նման դեպքերը, իսկ իրավապահներից ակնկալում ենք օրենքի ողջ խստությամբ պատիժ»:




Լրահոս