ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԸ ԽԱԲԵԼ Է. ՄԱՍ 9

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2018 թվականի մայիսի մեկին, երբ խորհրդարանն առաջին անգամ քննարկում էր Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրելու հարցը, նա խոսում էր հասարակությանն  ու մարդկանց դուրեկան մի շարք թեմաներից: Դրանցից մեկն էլ ժամկետային զինծառայողների համազգեստին ու սննդին էր վերաբերում: Վարչապետ Փաշինյանը դեռ ընդդիմադիր ժամանակներից էր բարձրաձայնում, թե զինվորների ներքնազգեստներն ու շապիկները բազմաչարչար ծնողները չպետք է հոգան, իսկ 2018-ի մայիսի 1-ին Ազգային ժողովի բարձր ամբիոնից հայտարարում էր. «Առանձնահատուկ կարեւորություն եմ տալիս հայոց բանակի ժամկետային զինծառայողների ծնողների վրա հավելյալ հոգսեր բարդելու պրակտիկան շատ արագ վերացնելուն, եւ իմ առաջին հանձնարարականը պաշտպանության նախարարին լինելու է արագ եւ անհետաձգելի միջոցներ ձեռնարկել, որպեսզի բացառվի բանակում ծառայող որեւէ զինվորի կարիքի բավարարումը նրան բանակ ուղարկած ծնողի վրա դնելը»:

2018-ից քաղաքական վերադասավորումներից, դեռ չասած 44-օրյա աղետաբեր պատերազմից հետո զինծառայողների ծնողներն այժմ ոչ միայն իրենց զինվորների ներքնաշորերի, այլ նաեւ քաղցրի, ծխախոտի, հեռախոսի լիցքավորման, դիրքեր բարձրանալու համար անհրաժեշտ միջոցների ու այլ ծախսեր են հոգում: Հայաստանում զինվոր ունեցող գեթ մեկ ընտանիք չկա, որ ամսական կտրվածքով ֆիքսված չափի գումար չհատկացնի իր զինվոր երեխայի ծախսերը հոգալուն: Սրա մասին Նիկոլ Փաշինյանն ու պատկան գերատեսչությունը՝ Պաշտպանության նախարարությունը, վստահաբար շատ լավ գիտեն, բայց դա վերացնելու համար կա՛մ բավարար միջոցներ, կա՛մ էլ կամք չունեն:

2018-ի իշխանափոխությունից հետո Փաշինյանն ու թիմակիցները, իրար հերթ չտալով ու խանդավառված, խոսում էին զինվորին ելակ տալու մասին, այնինչ բանակին ու զինվորին նախեւառաջ հարուստ զինանոց, սպառազինություն ու կահավորված առաջնագիծ էր պետք:  Փաշինյանի հերթական՝ զինվորի կարիքների բավարարման մասին ասքը խաբկանք է եղել սոսկ: Նա խաբեց բոլորին:

 

 

Մայիսի 8-ին Դիմադրության շարժման ավտոերթն ու հանրահավաքը Գյումրիում առանց միջադեպերի չանցավ: Մեծ աղմուկ առաջացրեց հատկապես 70-անց տղամարդկանց եւ դաշնակցական երիտասարդների միջեւ տեղի ունեցած միջադեպը: Այս դեպքի հետեւանքով վերջիններս նաեւ ձերբակալվել են, նրանց մեղադրանք է առաջադրվել: Եվ, ահա, այս միջադեպից հետո համացանցում տեղեկություններ տարածվեցին, թե տարեց տղամարդկանց հրահանգել էր երիտասարդների հետ վեճի բռնվել Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդին՝ Միսակը, որը ԱՄՆ-ում ՀՀ հյուպատոս դառնալու հավակնություններ ունի: Ավելին, նա այդ ամենը կազմակերպել է Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի եղբոր հետ, որը շատ ակտիվ է իրեն դրսեւորել այդ օրերին: Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց Սամվել Բալասանյանի որդուն՝ Միսակին, որը նշեց, թե այդ միջադեպի հետ ինքը որեւէ առնչություն չունի. «Անլրջություն ու անբարոյականություն է ինձ այդ դեպքի հետ կապելը»: Այս միջադեպից առաջ տեղի ունեցած ուշագրավ մանրամասներին «Ժողովուրդ» օրաթերթը կանդրադառնա առաջիկայում:

 

 

Հանրային հեռուստաընկերությունը 12-հոգանոց պատվիրակությամբ մայիսի 1-ին Իտալիա է մեկնել։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Եվրատեսիլ-2022» երգի մրցույթին  մասնակցելու նպատակով 2 պատվիրակություն Թուրին ուղարկելու համար Հանրայինի բյուջեից ծախսվել է մոտ 18 մլն դրամ: Այս գումարը ներառում է ճանապարհածախսը եւ հյուրանոցը: Հանրային հեռուստաընկերությունից, «Ժողովուրդ» օրաթերթին ի պատասխան, հայտնել են, թե այդ ծախսերն իրականացվել են ոչ թե հեռուստաընկերության բյուջետային միջոցներով, այլ եկամուտների հաշվին, սակայն  դա նույն բյուջեի միջոցներն են ենթադրում: Նշենք, որ Թուրին հենց մրցույթին մասնակցելու նպատակով պատվիրակությունը 7 անձից է բաղկացած եղել, սակայն մեզ տված պատասխանում նշվում է. «Հայաստանի հանրային հեռուտաընկերությունը նաեւ հրավեր էր ստացել Եվրոպական հեռարձակողներից միությունից դեկտեմբերին Երեւանում կայանալիք «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի կազմակերպչական մանրամասները քննարկելու եւ Թուրինում «Եվրատեսիլ»-ի անցկացման ընթացքին ծանոթանալու, շրջայց ունենալու նպատակով: Այդ հրավերով մայիսի 9-ին Թուրին են մեկնել նաեւ Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը, գործադիր տնօրենի տեղակալ-ֆինանսական տնօրեն Արարատ Հակոբյանը,  գործադիր տնօրենի տեղակալ-գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանը, Արտաքին կապերի ծառայության ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ 2022» պատվիրակությունների ղեկավար Մարիաննա Ասլանյանը եւ «Մանկական Եվրատեսիլի» անվտանգության պատասխանատու Արմեն Մանուչարյանը»: Եվ, ահա, հենց այս մեծ պատվիրակության «իտալական վոյաժը» արժեցել է 18 մլն դրամ, որը վճարվել է հեռուստաընկերության բյուջեից: Ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր. ձեր ապուպապերին էլ տարեք գործուղումների պետության հաշվին, քանի որ Հանրայինի բյուջեի առյուծի բաժինը տրամադրում է հենց կառավարությունը պետբյուջեից:

 

 

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին Հայաստանում մսի արտադրության ծավալները պակասել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ թռչնամսի արտադրության ծավալներն են ավելացել 8.9 անգամ: Ի դեպ, թռչնամսի արտադրության ծավալները սկսել են աճել 2020 թվականից հետո, երբ Հայաստանի թռչնաբուծարանները չէին կարողանում թռչուն ներմուծել, քանի որ մի շարք երկրների կողմից սահմանափակվել էր դրանց արտահանումը։ Նշենք, որ հավերի գլխաքանակն այժմ գերազանցում է 4 միլիոնը, փոխարենը խոզի, ոչխարի եւ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները նվազել են: Խոզի արտադրության ծավալներն այս տարվա հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատ, զգալի պակասել են (5.2 տոկոսով): Ոչխարի մսի արտադրության ծավալները նվազել են 17.3 տոկոսով: Նշենք, որ խոշոր եղջերավոր կենդանիների մսի արտադրության ծավալները  պակասել են 10.8 տոկոսով: Նշենք, որ անասնագլխաքանակը եւս կրճատվել է։ Օրինակ՝ Արցախի Հանրապետությունից Հայաստան 44-օրյա պատերազմի ընթացքում մեծ քանակությամբ խոշոր եղջերավոր անասուն բերվեց, որը մորթվեց, քանի որ անասնակերը չէր բավարարում։

 

 




Լրահոս