ՀԱՐԹԱԿԻՑ ԵԿՈՂ ՏԵՔՍՏԵՐԸ ՊԵՏՔ Է ՓՈԽՎԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Առավոտից մեկնարկած ընդդիմության անհնազանդության ակցիաներից չորս հարյուրից ավելի քաղաքացի է բերման ենթարկվել. սա բերման ենթարկվածների ամենամեծ թիվն է ընդդիմության սկսած անհնազանդության ակցիաների ընթացքում։

 

Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի շաբաթ փողոցային պայքար սկսած ընդդիմադիրները մայրաքաղաքի տարբեր հատվածներում փողոցներ են փակել, երթեր, նստացույցեր իրականացրել։ Վաղ առավոտյան ցուցարարների մի խումբ փորձեց փակել Խորենացի-Սարգսյան փողոցների խաչմերուկը, րոպեներ անց ոստիկանները բացեցին փողոցը՝ բերման ենթարկելով նրանց մի մասին։

Իշխանությունները չեն ընդունում ընդդիմության մեղադրանքները, թե ոստիկանների գործողություններն անօրինական են, իսկ ակցիաների ժամանակ անհամաչափ ուժ է կիրառվում, պնդում են՝ ոստիկանները հասարակական կարգ են պահպանում։

Հանրապետական կուսակցության անդամներն ու համակիրներն էլ քաղաքի այլ հատվածներում էին երթեր իրականացնում, փողոցներ փակում։ Ոստիկաններն այս ակցիայի մասնակիցների մի մասին էլ բերման ենթարկեցին, սկզբում՝ տղամարդկանց մի մասին, որոշ ժամանակ անց էլ՝ կանանց։

Ակցիաներից որոշ ժամանակ անց ուղիղ եթերով ընդդիմության առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ լիարժեք իրականացրել են իրենց առջեւ դրված խնդիրները. կան փակ փողոցներ, պնդեց, թե երթեըեկությունը կաթվածահար է։ Ընդդիմությունը երեկոյան կրկին հանրահավաք էր հրավիրել Ֆրանսիայի հրապարակում։

Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցել ենք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի հետ:

-Պարո՛ն Աշոտյան, Դիմադրության շարժումը երկու շաբաթից ավելի է՝ պայքար է տանում, խոսում Արցախի ապագայի մասին, սակայն կա՞ առողջ քննադատություն, թե որն է տեսլականը ընդդիմության:

-Այդ քննադատությունը լեգիտիմ է մինչեւ Իշխան Սաղաթելյանի ծրագրային ելույթը եւ Արտակ Զաքարյանի կողմից ծրագրային ելույթը, եթե չէին լսել նախորդը: Ես ունեմ տպավորություն, որ մարդիկ, որոնք ուզում են ծրագիր լսել, տարբեր շերտերի են բաժանվում, եւ այն մարդիկ, որոնք ցանկանում են ծրագիր լսել, դա լսել են: Սակայն կան նաեւ մարդիկ, որոնք չեն ցանկանում ծրագիր լսել եւ այդ պատճառով են այդպիսի տեսակետ արտահայտում: Ես առաջարկում եմ ծանոթանալ Արտակ Զաքարյանի ելույթի հետ, որը հնչել է երկու օր առաջ, որտեղ շատ հստակ ուղենիշներ կան: Սակայն կան մարդիկ, որոնք ասում են, որ դրանք չկան, քանի որ իրականում չեն լսել այդ: Այդ քննադատությունը լեգիտիմ էր շարժման առաջին շաբաթվա ժամանակ, սակայն այդ խնդիրներն արդեն լուծված են եւ նաեւ մանրամասն ներկայացված են: Այդ վեց կետերի մանրամասն հերձումը կատարել եմ ես:

-Հարթակից հնչում են նույնաբովանդակ տեքստեր: Այդ տեքստերը հանրամատչելի տեքստով չի տրամադրվում:

-Մասամբ ընդունում եմ քննադատությոնը: Կան թեզեր, որ շատ են հնչում: Հասկացողների համար դա նյարդայնացնող է, բայց կան մարդիկ, որոնք չեն հասկանում, թե ինչ է կատարվում, եւ այդ պատճառով հաճախ կրկնություն է պետք, եւ ստիպված ենք պարբերաբար կրկնել: Ինչ վերաբերում է ելույթներին, ապա շարժման տարբեր անդամներ տարբեր թեմաներով են ելույթ ունենում՝ տնտեսություն, արտաքին քաղաքականություն, քաղաքականություն: Այո, թեզերի կրկնություն կա, եւ կան մարդիկ, որոնք ցանկանում են շատ կարդալ եւ իմանալ: Հետեւե՛ք իմ էջերին:

-Միգուցե հարթակի բովանդակությունը պետք է փոխե՞լ:

-Այո, չեմ հերքում, հարթակից հնչող ելույթների բովանդակությունն էլ պետք է փոխել: Պետք է լինեն թեմաներ, որոնք չեն հնչել: Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի ելույթի ժամանակ միգուցե շատերը տնտեսական թեմաներից չհասկանան: Երբեմն տպավորությունը այստեղ եւ էկրանից այն կողմ տարբեր է: Հաջողում են այն բանախոսները, որոնք կարողանում են ոսկե միջինը գտնել եւ հետաքրքիր լինել հրապարակում հավաքվածների եւ էկրանից այն կողմ գտնվողների համար:

 

 

 

Ի՞ՆՉ ԵՆ ՊԱՏՄՈՒՄ ՌԵԿՏՈՐՆ ՈՒ ՊՐՈՌԵԿՏՈՐԸ

Գավառի համալսարանի ռեկտորն ու պրոռեկտորը չեն հերքում, որ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի մասնակցությամբ համալսարանում միջադեպ է տեղի ունեցել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում թե՛ ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը, թե՛ պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը «կարծիքների արտահայտում» որակեցին Աննա Հակոբյանի ու դասախոսներից մեկի միջեւ տեղի ունեցած բանավեճը, որն, ըստ մամուլի հրապարակման, ընդհատվել ու իրական սկանդալի էր վերածվել:

 

Վարչապետի տիկինը, ըստ լրատվականներից մեկի հրապարակման, չի համաձայնել Գավառի պետական համալսարանի երիտասարդ դասախոսի կարդացած դասախոսության բովանդակության հետ, ինչը նախ բանակռվի, ապա դասախոսի ու ուսանողների կողմից լսարանը լքելուն է վերածվել: Համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ համալսարանը փակելու, մեկը մյուսին քաշքշելու միջադեպեր չեն եղել:

«Իսկ ի՞նչ է եղել»,- հարցրեցինք նրան: «Ես չգիտեմ՝ ում մտքով ինչ է անցել, որ այդպիսի սուտ է սպրդել… Եղել է հանդիպում, իսկ համալսարանում կա բազմակարծություն, ազատ միտք, մարդիկ իրենց կարծիքն են արտահայել: Բանավեճ էլ չէի ասի, յուրքանչյուրն ասել է այն, ինչ մտածում է, ու որեւէ վիրավորանք, լարվածություն՝ կապված համալսարանի կամ դասախոսի անձի հետ, չի եղել: Որեւէ մեկը որեւէ մեկին կթվորուհի չի ասել: Մարդիկ ազատ շփվել են, հաղորդակցվել են, ու որեւէ խնդիր չի եղել: Ձեզ մաղթում եմ ամենայն բարիք ու հաճելի օր»,- միտքն ավարտելով ու մեզ հաճելի օր մաղթելով՝ տիկին Հակոբյանն ավարտեց զրույցը:

Ի տարբերություն իր վերադասի՝ համալսարանի պրոռեկտոր Նելլի Կուտուզյանը մեզ հետ հեռախոսազրույցն ավարտեց՝ լսափողը մեզ վրա անջատելով, առանց մեզ լսելու ու հաջողություն ասելու: Ուսումնագիտական գծով պրոռեկտորին «խիստ հարիր» քաղաքավարություն էր, ինչ խոսք:

Մինչեւ լսափողը մեզ վրա անջատելն ու լրագրողին «իր կյանքով ապրելու» խորհուրդ տալը տիկին պրոռեկտորն, այնուամենայիվ, նույնպես հաստատեց՝ հանդիպման ժամանակ տարակարծություն եղել է, բայց եւ շտապեց ընդգծել. «Ես չեմ մասնակցել հանդիպմանը, գիտեմ, որ նորմալ էր….Չեմ մասնակցել հանդիպմանը: Ի սեր Աստծո, հանգիստ ապրե՛ք ձեր կյանքով: Միջադեպ չի եղել, երկու մարդիկ կարծիք են փոխանակել: Չարժե դրա համար տաքանա՜լ, գրե՜լ, չգիտեմ: Միջադեպ բացարձակ չի եղել, ես այդ գնահատականը չեմ տալիս»:

Ըստ հրապարակումների՝ Աննա Հակոբյանն իր շրջայցի ընթացքում այցելել է նաեւ Գավառի մանկատուն եւ Երկրագիտական թանգարան: ArmLur.am-ը կապ հաստատեց Գավառի մանկատան տնօրեն Նաիրա Խանդանյանի հետ՝ հասկանալու համար, թե ինչ է վարչապետի տիկնոջ այցը տվել մանկատանը, եւ ինչ նվերներով է վերջինս գնացել. «Այցն  առանձնակի ոչինչ չտվեց, պարզապես հետաքրքիր էր, նորություն էր նման մարդկանց հետ շփումը երեխաների համար: Տիկին Աննան քաղցրավենիք էր բերել երեխաներին, այլ նվերներ, որպես այդպիսին, չկային»,-նշեց նա: Իսկ Գավառի  Երկրագիտական թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը մեզ հետ զրույցում ասաց. «Թանգարանին պետք է պարտադիր նվերնե՞ր բերեր: Շատ հյուրեր ենք ունեցել, բայց երբեւիցե որեւէ մեկը  թանգարանին նվերներ չեն բերել, հո սա մանկապարտեզ չէ՞»:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

ԻՆՉՈ՞Վ Է ԶԲԱՂՎԱԾ

Անցել է երկու ամիս, ինչ ՀՀ նախագահը Վահագն Խաչատուրյանն է: Նա հենց այդ օրը երդվեց եւ ստանձնեց նախագահի պաշտոնը: ArmLur.am-ը փորձել է հասկանալ, թե այս երկու ամսվա ընթացքում ինչով է զբաղված եղել ՀՀ նախագահը: Նախ ընդգծենք՝ մայիսի 1-ից Հայաստանում զանգվածային բողոքի ակցիաներ են, սակայն Վահագն Խաչատուրյանը որեւէ խոսք չի ասել: Միայն մեր հարցին ի պատասխան՝ վարչությունից հայտնել են, թե նա հետեւում է զարգացումներին: Այսպիսով, նախագահի պաշտոնական տվյալները վկայում են, որ Վահագն Խաչատուրյանը շատ ակտիվ հանդիպումներ է ունենում. թերեւս նոր է ստանձնել պաշտոնը եւ ցանկանում է ծանոթություններ հաստատել: Վերջին օրերին նա ավելի շատ հանդիպումներ է ունենում դրսից ժամանած պաշտոնյաների հետ, սակայն Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկման մասին որեւէ հիշատակում այդպես էլ չգտանք: Դրա փոխարեն նախագահը շատ ակտիվ նշանակումներ  է կատարում՝ իհարկե չխուսափելով բարեկամ-ծանոթ-խնամի սկզբունքի կիրառությունից: Մայիսի 12-ին նա իրեն խորհրդական է նշանակել Տաթեւիկ Կարապետյանին, որը Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանի դուստրն է: Վերջինս Վահագն Խաչատուրյանի վաղեմի ընկերն է: Բացի այդ, նախագահականում նոր ղեկավարի նշանակումից հետո ակտիվ եռուզեռ է. վերանորոգումներ են կատարում, վարագույրներ փոխում: Ապրիլի 13-ին երեք անգամ մեկ անձից գնման ընթացակարգով նախագահի աշխատակազմը 155 հազար դրամի ավտոմեքենաների վերանորոգման ծառայություններ է գնել «Տոյոտա-Երեւան» ՍՊԸ-ից, ապրիլի 15-ին էլ 300 հազար եւ 724 հազար դրամի գնում է եղել կառույցների ծածկույթների հետ կապված աշխատանքների համար, իսկ ձեռագործ գորգերի մաքման ծառայությունն էլ արժեցել է 175 հազար դրամ:

 

 

 

ԱՎԻՆՅԱՆԻՆ ՉԵՆ ՍՊԱՍՈՒՄ

Երեւանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների մեծամասնությունը ցանկություն չունի ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին տեսնել որպես Երեւանի քաղաքապետի թեկնածու։ «Ժողովուրդ» օրաթերթի՝ քաղաքապետարանին մոտ կանգնած աղբյուրն է փոխանցում, որ Երեւանի ավագանու ՔՊ խմբակցությունը համախմբվել է Երեւանի՝ դեռ նախորդ տարեվերջին ընտրված քաղաքապետի՝ Հրաչյա Սարգսյանի հետ, ու նրա հետ «ջան ասել, ջան լսելով» աշխատում են։ «Հրաչյա Սարգսյանը, կարելի է ասել, Երեւանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի հակապատկերն է։ Այն ժամանակ, երբ խմբակցության անդամները բառիս բուն իմաստով երազել են մուտք գործել Մարությանի աշխատասենյակ ու ինչ-որ թեմայով խոսել, զրուցել, քննարկում ունենալ նրա հետ, այժմ ավագանու իշխանական անդամներն անարգել են մտնում Հրաչյա Սարգսյանի աշխատասենյակ։ Կարճ ասած, Սարգսյանն ավելի պատրաստ է երկխոսել ու լսել բոլորի առաջարկը»,- ասաց մեր զրուցակիցն՝ ավելացնելով՝ ավելի լավ է Հրաչյա Սարգսյանը, քան թե Տիգրան Ավինյանը դառնա Երեւանի քաղաքապետ։ Մեր զրուցակցի հավաստմամբ՝ ավագանու ոչ միայն ՔՊ-ական, այլ նաեւ ընդդիմադիր «Լույս» ու «Բարգավաճ Հայաստան» խմբակցություններն են անելու հնարավորը, որ Ավինյանը քաղաքապետի մանդատին չարժանանա։




Լրահոս