ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒ ՊՈՒՏԻՆՆ ԱՌԱՆՁՆԱԶՐՈՒՅՑ ԵՆ ՈՒՆԵՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

 

Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի՛ Նիկոլ Վլադիմիրի, մենք Ձեզ հետ մշտական կապի մեջ ենք` քննարկելու երկկողմ օրակարգի հարցերն ու տարածաշրջանային խնդիրները: Այնուամենայնիվ, հարցերը միշտ շատ են, դա ակնհայտ է՝ վկայում է մեր երկխոսության ինտենսիվության մասին: Ես մեր երկկողմ ձեւաչափով զրույցի սկզբում կցանկանայի նշել, որ նախորդ տարվա կտրվածքով դիտարկում ենք առեւտրաշրջանառության զգալի աճ, շարունակվում են ներդրումները, ակտիվորեն շարունակում ենք աշխատել ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ եռակողմ ձեւաչափով` Ադրբեջանի գործընկերների հետ միասին: Հարցերը շատ են, ուրախ եմ Ձեզ հետ հանդիպելու հնարավորության եւ բոլոր թեմաների շուրջ խոսելու համար»:

Իր հերթին ՀՀ վարչապետը նշել է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի, թույլ տվեք եւս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ՀԱՊԿ հոբելյանական գագաթնաժողովի կազմակերպման եւ ավանդական ջերմ ընդունելության համար: Իհարկե, Հավաքական անվտանգության պայմանագրի 30-ամյակը եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության 20-ամյակը նշանակալի իրադարձություններ են, եւ կարծում եմ` մենք ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն: Շատ կարեւոր է, որ այդ խոսակցությունն ուղղված է ապագային, մեր կազմակերպության հետագա զարգացմանը: Իհարկե, ամիս էլ չի անցել Ռուսաստանի Դաշնություն իմ առաջին պաշտոնական այցից հետո: Մենք այն ժամանակ էլ ունեցանք շատ բովանդակալից խոսակցություն, եւ ինչպես Դուք ճիշտ նկատեցիք, մեր երկկողմ օրակարգն այնքան հագեցած է, որ կարելի է ավելի հաճախ հանդիպել: Մենք գտնվում ենք մշտական կապի մեջ, հաճախ հեռախոսազրույցներ ենք ունենում: Տնտեսության առումով ցանկանում եմ նկատել, որ մարտ ամսին որոշակի անկումից հետո նկատվում է երկկողմ տնտեսական կապերի ակտիվացում: Մենք տեսնում ենք ներդրումային հետաքրքրություն ռուսական բիզնեսի կողմից, որն ուզում է ներդրումներ կատարել Հայաստանում: Եվ գիտեմ, որ այս հարցում Դուք եւս քաջալերում եք ռուսաստանցի գործարարներին, որպեսզի նրանք ներդրումներ կատարեն Հայաստանում: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ դրա համար:

Իհարկե, հույս ունեմ, որ այսօր կքննարկենք նաեւ տարածաշրջանային անվտանգության, կայունության, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, ինչպես նշեցինք մեր համատեղ հայտարարության մեջ, նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւոր դերակատարման հետ կապված հարցեր: Կցանկանայի Ձեզ հետ կիսվել որոշակի տեղեկատվությամբ, այնպես որ եւս մեկ անգամ շնորհակալ եմ հանդիպման համար»:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների առաջնորդների հանդիպմանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը դիմավորել է ՀԱՊԿ երկրների առաջնորդներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւին, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնին եւ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովին, այնուհետեւ արարողակարգային տեսալուսանկարահանման արարողություններից հետո Կրեմլի Ալեքսանդրովյան սրահում տեղի է ունեցել հանդիպումը: Վարչապետ Փաշինյանն իր խոսքում շնորհավորել է ներկաներին 1992 թվականի մայիսի 15-ին ստորագրված Հավաքական անվտանգության պայմանագրի 30 եւ 2002 թվականի մայիսի 14-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն հիմնելու վերաբերյալ որոշման 20-ամյակի կապակցությամբ: Նա իր ելույթում նաեւ քննադատեց ՀԱՊԿ-ին. «Նաեւ երկար ժամանակ մենք բարձրաձայնում ենք ՀԱՊԿ անդամ երկրների կողմից Հայաստանի համար ոչ բարեկամ երկրին զենքի վաճառքի խնդիրը: Այդ զենքն արդյունքում օգտագործվեց Հայաստանի եւ հայ ժողովրդի դեմ: Սա նույնպես խնդիր է, եւ, անկեղծ ասած, ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքը 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում եւ պատերազմից հետո այդքան էլ չոգեւորեց Հայաստանի Հանրապետությանը եւ հայ ժողովրդին»:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ԱՆՀԱՄԱՉԱՓ ՈՒԺ ԵՆ ԿԻՐԱՌՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրել է. «Ոստիկաններն ակնհայտ անհամաչափ եւ բիրտ ուժ են կիրառում իրենց բողոքի ձայնը խաղաղ ակցիայի միջոցով բարձրացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, անհարկի քաշքշում նրանց՝ տապալելով գետնին: Ոստիկանական նման գործողությունների արդյունքում այս պահի դրությամբ արդեն ունենք տուժած քաղաքացիներ, նրանցից երկուսը ձեռքի կոտրվածք ունեն, ընդ որում՝ մեկը կին է: Բերման են ենթարկվել շուրջ 414 քաղաքացիներ. ոստիկանական բաժանմունքներում այլեւս տեղ չկա, եւ քաղաքացիներին բաժանմունքից բաժանմունք են տեղափոխում: Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները «առեւանգել են պատգամավոր Թադեւոս Ավետիսյանին»: Ոստիկանության աշխատակիցների կողմից այս վարքագիծը խիստ անընդունելի եւ դատապարտելի է: Հարգելի՛ ոստիկաններ, հիշեցնում եմ՝ ձեր առաքելությունը ՀՀ քաղաքացու պաշտպանությունն է: Ուշադրությամբ հետեւում եմ իրավիճակին եւ փաստահավաք աշխատանքների ամփոփումից անմիջապես հետո գրություններ եմ ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազին եւ միջազգային գործընկերներիս»:

 

 

ՄՈՍԿՎԱՆ ՉԻ ՄԻՋԱՄՏՈՒՄ

Մոսկվան Հայաստանում բողոքի շարժումները դիտարկում է որպես հանրապետության ներքին գործ եւ չի միջամտում այդ գործընթացներին: Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։ «Սա Հայաստանի ներքին խնդիրն է, այն, ինչ տեղի է ունենում այնտեղ, ինչով հանդես է գալիս Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը: Մենք դա գիտակցում ենք եւ չենք միջամտում այս գործընթացներին»,- ասել է նա: Հայաստանում ընդդիմադիր ուժերը շաբաթներ շարունակ ակցիաներ են անցկացնում՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելով գործող իշխանության դեմ, դժգոհություն հայտնելով վարած արտաքին քաղաքականության առնչությամբ: Ամեն օր ընդդիմությունն անցկացնում է երթեր, հավաքներ Երեւանում եւ այլ քաղաքներում:

ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ Դիմադրության շարժման անդամները ավտոերթ են իրականացրել: Ոստիկանությունն անհամաչափ եւ բիրտ ուժ է կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելով Ոստիկանության տարբեր բաժիններ: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկվա ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդուն՝ Արտյոմ Վանեցյանին, նրա մեքենան տարել են տուգանային հրապարակ, եւ որ ամենազավեշտալին է, Արտյոմ Վանեցյանին 1 տարով զրկել են վարորդական իրավունքից:

 

 

ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ԹԻՎՆ ԱՎԵԼԱՑԵԼ Է

Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը 2.9 անգամ ավելացել է։ Այս մասին հրապարակել ՀՀ վիճակագրական կոմիտեն՝ ներկայացնելով այս տարվա հունվար-մարտ ամիսների ցուցանիշները։

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստան 2022 թվականի հունվար-մարտին ժամանել է 249 հազար 361 զբոսաշրջիկ, այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների քանակն ավելացել է 162 հազար 837-ով։ Ռուսաստանից զբոսաշրջիկների թիվը 78 հազար 763-ով ավելացել է: Անցյալ տարվա ընթացքում ՀՀ ՌԴ-ից այցելել է 30 հազար 213 զբոսաշրջիկ, իսկ 2022-ի առաջին երեք ամիսներին այդ թիվը կազմել է 108 հազար 976: Սա դեռ ամենը չէ. փաստորեն, այս տարվա առաջին երեք ամիսներին Հայաստանի Հանրապետություն Ադրբեջանի 3 քաղաքացի է այցելել։ Ի դեպ, տեղեկացնենք, որ խոսքն ադրբեջանցի երեք պատգամավորի մասին է, որոնք Հայաստան էին այցելել փետրվար ամսին՝ Երեւանում անցկացվող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ Թուրքիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը եւս ավելացել է? եթե նախորդ տարվա երեք ամիսներին ՀՀ Թուրքիայից այցելել է 356, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1244 զբոսաշրջիկ։ Բացի այս, 1197-ով ավելացել են Ֆրանսիայից, 1601՝ Գերմանիայից Հայաստան այցելած զբոսաշրջիկները: Նկատենք, որ Ուկրաինայից եւս ավելացել է ՀՀ այցելած զբոսաշրջիկների թիվը 2009-ով: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ 15 հազար 247-ով ավելացել է Վրաստանից մեր հանրապետություն այցելած զբոսաշրջիների քանակը: Սրան զուգահեռ նկատենք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների թիվն է զգալի ավելացել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2021-ի առաջին երեք ամիսներին Հայաստան այցելել է 9 հազար 394 իրանցի զբոսաշրջիկ, իսկ այս տարվա հունվար-մարտին այդ թիվը կազմել է 23 հազար 291:

 

 

 

ԱՆԵԼԱՆԵԼԻ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՆ

Արմավիրի մարզի ձկնաբույծները հայտնվել են անելանելի դրության մեջ: Պատճառը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է: ArmLur.am-ը տեղեկացավ, որ երեկ գրեթե ողջ օրվա ընթացքում էլեկտրաէներգիան անջատված է եղել, ինչի պատճառով ձկները սատկել են: Նշենք, որ ձկնաբուծարանները ջուրն օգտագործում են են էլեկտրական պոմպերով: Իսկ երեկվա ընթացքում, երբ էլեկտրաէներգիան անջատվել է, ձկների մեծ մասը սատկել է, ինչի հետեւանքով ձկնաբույծները միլիոնների հասնող վնասներ են կրել: Մյուս հատվածը տնտեսվարողները ցածր գնով վաճառել են հարսկից գյուղերի բնակիչներին՝ կիլոգրամը 2000 դրամով:

 

 




Լրահոս