Ապրիլ եւ մայիս ամիսներին տեղացած հորդ անձեւներից հալվում է Լոռու սարերի ձյունը, Դեբեդ գետը վարարում, տարածքներ է քշում-տանում Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող, Վրաստանին սահմանակից Պտղավան, Բագրատաշեն, Դեբեդավան գյուղերի տարածքներից։
Վրաստանի իշխանությունը տարիներ շարունակ Դեբեդի ձախ ափը ամրացրել է ցանցապատ քարերով՝ գաբիոններով, դրա հետեւում շարել մեծ ժայռաբեկորներ։ Ձնհալքից եւ անձրեւներից վարարած Դեբեդը, հանդիպելով բետոնապատ, գաբիոններով ամրացած վրացական ափին, մղվում է դեպի հայկական տարածք, քանդում, քշում-տանում տարածքներ։ 2010թ. գարնանը Դեբեդը Դեբեդավան գյուղից քշել-տարել է 2,8 հեկտար տարածք, որից 7 հազար քառակուսի մետրը այդ գյուղի բնակիչ Ալեքսեյ Մելիքսեթյանի դեղձի այգին էր։ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ միջպետական սահմանագծերից մեկը համարվում է Դեբեդ գետը։ Մոտ 10 տարի առաջ հայ-վրացական հանդիպում է եղել, որի ժամանակ հայ գիտնականներից մեկը, ցույց տալով քարտեզը, ապացուցել է, որ Դեբեդի հունը փոխվելու հետեւանքով գետը մոտ 70 մետր խորացել է հայկական տարածքում, համապատասխան չափով Հայաստանի տարածքը փոքրացել է:
Վաղուց Դեբեդի աջ՝ հայկական եզրին ափապաշտպան աշխատանքներ չեն կատարվում, իսկ վրացիները Դեբեդի իրենց ափը պարբերաբար ամրացնում են: Այն հարցին, թե այս գարնանը վարարած Դեբեդը Բագրատաշենում ի՞նչ վնաս է պատճառել, Բագրատաշեն համայնքի նախկին ղեկավար Արկադի Մակյանը պատասխանեց, որ այս տարի Բագրատաշենում գետի պատճառած վնասը քիչ է, Բագրատաշենի հարեւան Դեբեդավանի բնակիչները էքսկավատորով ամրացրել են Դեբեդի ափը, որպեսզի վարարած գետը քիչ ավերածություններ անի։ Դեբեդավանի վարչական ղեկավար Գեւորգ Սարգսյանի խոսքով՝ ամեն տարի՝ գարնանը, վարարած Դեբեդը ափամերձ հողերից, այգիներից կտորներ է պոկում-տանում, այս գարնանը Դեբեդի պատճառած վնասը ամեն տարվա նման, սովորականի չափ է եղել։ Ափի վտանգավոր հատվածում են գտնվում գյուղի 7 բնակիչներին պատկանող հողերը, այդ թվում՝ իր հոր հողամասը. անցած տարիներին Դեբեդը իր հոր հողամասից քշել-տարել, այն կիսել է: Գյուղի վարչական ղեկավարն ասաց, որ գյուղի բնակիչներն այդ խնդրի վերաբերյալ դիմել են Տավուշի մարզպետարան եւ Շրջակա միջավայրի նախարարություն։
Նրա խոսքով՝ երբ իրենք «Գուգլ» որոնողական համակարգով նայում են, տեսնում են, թե Դեբեդի վարարումների հետեւանքով տարեցտարի այդ հատվածում ինչքան է ավելանում Վրաստանի տարածքը, նույնքան փոքրանում՝ Հայաստանի տարածքը: Խորհրդային ժամանակ Հայաստանի տարածքում՝ Դեբեդավանի ներքին մասում, հողից եւ քարերից պատնեշ կար, որը փակում էր վարարած գետի ընթացքը, տարիների ընթացքում այն մաշվել, մի մասն է պահպանվել, Դեբեդի վարարումների, գետի հունը դեպի Հայաստան փոխվելու հետեւանքով պատնեշն ամբողջությամբ հայտնվել է, այժմ գտնվում է Վրատանի տարածքում, վրացիները քարերով ամրացրել են այն։ 2019թ. Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Վաղինակ Սարգսյանն այցելեց հայ-վրացական սահմանի այդ հատված, ծանոթացավ Դեբեդի վարարումներից Հայաստանի տարածքի նվազելու խնդրին, որպեսզի հարցը ներկայացնի, քննարկվի կառավարությունում, գտնվեն լուծումներ, սակայն այդպես էլ քայլեր չարվեցին։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ
ԶԻՆՎԱԾ ՄԻՋԱԴԵՊԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական եւ դատավարական մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են 2019 թվականին Երեւանի Եղիշե Թադեւոսյան փողոցում գործող ռեստորանային համալիրի մոտ տեղի ունեցած զինված միջադեպի մի շարք հանգամանքներ:
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երեւանի երկու բնակիչներ, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, 2019թ. օգոստոսի 25-ին իրենց կողմնակիցներով հանդիպել են Շենգավիթ վարչական շրջանում գործող ռեստորանային համալիրում մինչ այդ տեղի ունեցած միջադեպի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով: Երեւանի 45-ամյա բնակիչը, հանդիսանալով պայմանավորվածության ձեռք բերած հիշյալ տղամարդկանցից մեկի մտերիմը եւ նախապես տեղյակ լինելով հանդիպման մասին, իր հետ վերցնելով ապօրինի ձեռք բերված հրազեն հանդիսացող 9 մմ տրամաչափի ատրճանակ, գնացել է վերոհիշյալ ռեստորանային համալիր: Կողմերի միջեւ հանդիպումը վերածվել է վիճաբանության եւ ծեծկռտուքի, որը շարունակվել է համալիրից դուրս՝ Ե. Թադեւոսյան փողոցի բանուկ հատվածում: Վիճաբանության մասնակիցները եւ 45-ամյա տղամարդը, իրենց մոտ եղած հրազենների գործադրմամբ կրակոցներ արձակելով, դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը՝ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով փողոցում գտնվող անձանց նկատմամբ:
Այդ ընթացքում 45-ամյա տղամարդը, շարունակելով խուլիգանական գործողությունները, արհամարհական վերաբերմունք դրսեւորելով փողոցում եւ ռեստորանում հավաքված այլ անձանց նկատմամբ, ապօրինի ձեռք բերված վերոնշյալ ատրճանակից կրակոցներ է արձակել մասնակիցներից մեկի եւ վերջինիս որդու ուղղությամբ՝ նրանցից մեկին պատճառելով միջին ծանրության, իսկ մյուսին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որից հետո տղամարդը դիմել է փախուստի: Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Երեւանի 45-ամյա բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ եւ 235-րդ հոդվածների 1-ին մասերով եւ 258-րդ հոդվածի 4-րդ մասով: Նրա վերաբերյալ մասն առանձնացվել է առանձին վարույթում, որի նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:
1.000.000 ԴՐԱՄ ՏՈՒԳԱՆՔ
Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից ս.թ. մայիսի 3-ից 14-ը Երեւանում եւ ՀՀ մարզերում իրականացվել են մթնոլորտային օդի պահպանության ուղղությամբ վերահսկողական լայնածավալ աշխատանքներ, որոնց ընթացքում հայտնաբերվել է առանց անթափանց ծածկոցի սորուն նյութեր տեղափոխող տարբեր մակնիշի 20 բեռնատար ավտոմեքենա։ Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնից: Արձանագրված դեպքերով նշանակվել են վարչական տուգանքներ՝ ընդհանուր 1.000.000 ՀՀ դրամի չափով։ Բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողական միջոցառումները շարունակվում են։
ԱՆՁՐԵՎ ԵՎ ԱՄՊՐՈՊ
Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երեւանում մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ: Հանրապետության տարածքում մայիսի 18-19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Մայիսի 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, քամին՝ արեւմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ին աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
ՌՈՒՍՆԵՐԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ
Մարիուպոլ քաղաքի «Ազովստալ» մետաղագործական կոմբինատի տարածքում պատերազմի առաջին օրերից դիրքավորված ուկրաինացի զինծառայողները դուրս են գալիս նկուղներից: Ստացվում է, որ դրանով Մարիուպոլ քաղաքն ամբողջությամբ անցնում է ռուսների հսկողությանը: Ուկրաինայի պաշտպանության փոխնախարար Աննա Մալյարի փոխանցմամբ՝ 53 վիրավոր կա, որոնց փոխադրել են հիվանդանոցներ: «Զինված ուժերի գլխավոր հետախուզական վարչությունը, Ազգային գվարդիան եւ սահմանապահ ծառայությունը համատեղ սկսել են «Ազովստալի» գործարանի տարածքից 53 վիրավորներին Նովոազովսկ փոխադրելու գործողությունը, եւս 211-ը մարդասիրական միջանցքով տեղափոխվել են Օլենիվկա, նրանց վերադարձի համար փոխանակման գործընթաց կլինի»,- ասել է փոխնախարար Մալյարը: