«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՌԵՊՐԵՍԻԱՆԵՐԻ Է ԴԻՄՈՒՄ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դիմադրության շարժման մասնակիցները շուրջ 20 օր է՝ փակ են պահում Ֆրանսիայի հրապարակը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողները, բացի գրեթե ամեն երեկո հանրահավաք կազմակերպելուց, առավոտներն ու կեսօրին էլ երեւանյան տարբեր փողոցներում բողոքի ու անհնազանդության ակցիաներ են իրականացնում: Ի՞նչ ծրագիր ու գործողությունների պլան ունեն ընդդիմության ներկայացուցիչները. այս օրերին հասարակության կողմից ընդդիմության լիդերներին ուղղվող առաջնային հարցը սա է: Փողոց ու հրապարակ դուրս եկող մարդիկ հստակ ու հասցեական պատասխան են ուզում ստանալ, թե նախկին ու ներկա պատգամավորներն ինչպես ու քայլերի ինչ հաջորդականությամբ են ցանկանում առաջնորդել շարժումը: Մարդիկ կոնկրետ պատասխաններ լսելու ակնկալիքով բավականին ուղիղ հարցեր են տալիս, արաձագանքները, սակայն, կարծես թե, նրանց չի գոհացնում:  Ազգային ժողովի 6-րդ գումարման Հանրապետական խմբակցության  նախկին պատգամավոր Կարինե Աճեմյա՝նից «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց տեղեկանալ, թե ընդդիմադիրներն, ի վերջո, երբ են պատրաստվում առավել քան վճռական գործողությունների անցնել: Ի պատասխան՝ նախկին պատգամավորը նախ վստահեցրեց, որ ամեն բան ընթանում է պլանավորածի համաձայն, ապա շտապեց նկատել, թե մարդկանց հոսքը հրապարակ գնալով ավելանում է:

 

-Տիկի՛ն Աճեմյան, հասարակությունն ընդդիմադիր գործիչներից հարցերի պատասխան է սպասում: Երկու շաբաթից ավելի հրապարակում են, բայց գործողությունների հստակ պլան չի երեւում: Դիմադրության շարժումը ե՞րբ է պատրաստվում  գնալ հստակ  գործողությունների, հստակ պլան ներկայացնել, թե երբ, ինչ մեթոդներով պետք է հասնեն իշխանափոխության:

-Նախ չեմ գտնում, որ երկու շաբաթը շատ մեծ ժամանակաշրջան է: Ապա ասեմ, որ մենք ունենք հստակ պլան, մենք առավոտյան ակցիաներ ենք իրականացնում, երեկոյան հանրահավաք ենք իրականացնում, ելույթներ ենք ունենում: Կարծում եմ,  որ այդ առումով կազմակերպվածություն կա: Հարթակից այն մարդիկ, որոնք պատասխանատու են, բազմիցս հայտարարել են առաջին ծրագրերը եւ ամենաօրյա մեր ժամանակացույցը: Այդ առումով, կարծում եմ, պետք է հետեւել պարզապես, այսինքն՝ առաջընթաց կա: Այսօր առավոտյան շատ մեծ թափով ակցիաներ են իրականացվել քաղաքում, որի արդյունքում առաջին անգամ (իհարկե, դա այնքան էլ լավ բան չէ) մեծ թվով մարդիկ, քաղաքացիներ բերման են ենթարկվել: Ես դա շատ վատ  եմ գնահատում եւ կարծում, որ  մեր ոստիկանությունն առհասարակ իրեն շատ վատ է պահում: Փաստորեն, բողոքի ակցիաների մեջ լինում եմ, տեսել եմ, որ մարդիկ օրենքի որեւէ խախտում չեն իրականացնում, բայց ենթարկվում են բռնության, ոստիկանները քաշքշում են նրանց, մարդկանց թեւ են կոտրել: Այսինքն՝ բռնաճնշումները գնալով ավելանում են:

-Այսինքն՝ դա չափորոշի՞չ է, որ իշխանությունը վախեցած է, դրա համար է դիմում ճնշումների: Ինչքան շատ են բերման ենթարկվածները, հետեւաբար ակցիայի մասնակիցներն է՞լ են շատ:

-Իհարկե, մեզ միացող մարդիկ շատ են: Նման ակցիաները ձնագնդի էֆեկտ են ունենում: Կարծում եմ, որ ինքը դրա մասին շատ լավ տեղյակ է, իշխանությունները տեղյակ են: Այո, հնարավոր է, որ վախենում են: Րեպրեսիաները դրա հետ են կապված, նաեւ որ «ժողովրդավարություն»-ը, որի մասին անընդհատ խոսվում է, փլուզվել է: Նախկինում, հիշում եմ, թե ինչպես էին վերաբերվում ե՛ւ ընդդիմադիրներին, ե՛ւ բողոքի ակցիա իրականացնողներին, եւ հիմա որեւէ համեմատություն չի կարող լինել: Այն ժամանակ այս տեսակ ճնշումներ չեն եղել, հիմա տեսնում եք, որ մարդը պարզապես կանգնած է ակցիայի վայրում ու բռնության է ենթարկվում:

 

 

ԱԼԻԵՎԸ ՆՈՒՅՆՊԵՍ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆԻՑ Է ԽՈՍՈՒՄ

Դուշանբեում Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների՝ մայիսի 12-ին տեղի ունեցած հանդիպումից հետո, ինչի ժամանակ կողմերը վերահաստատել են տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործընթացն ու շեշտել, թե փոխըմբռնման ու կայունության հասնելու համար պատրաստ են ներդնել բոլոր ջանքերը, երեկ արդեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը  Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ կայացած հանդիպման ժամանակ շեշտել է, թե Ադրբեջանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները եւ խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ:

 

Արտգործնախարարների՝ Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումից հետո էլ, հիշեցնենք, Բաքվի ներկայացուցիչը՝ Ջեյհուն Բայրամովը, շեշտել էր, որ հանդիպումը «լավ հնարավորություն է` քննարկելու առաջընթացը, որին հնարավոր է հասնել»։ Նա միեւնույն ժամանակ ափսոսանք է հայտնել, որ «դեռեւս չի հաջողվել առաջընթացի հասնել տրանսպորտային հաղորդակցությունների բացմանն ուղղված աշխատանքներում»։

Այսօր արդեն Ալիեւն ընդգծել է, որ Լատվիայի նախագահի հետ լայնորեն քննարկել են նաեւ տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Մեր դիրքորոշումը շատ բաց է, մենք ցանկանում ենք խաղաղության համաձայնագիր ստորագրել Հայաստանի հետ, մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները եւ շրջել թշնամանքի էջը», – Ալիեւի խոսքերը մեջբերել է նրա մամուլի ծառայությունը։

Հարեւանների հետ հարաբերությունները կարգավորելու ու խաղաղության դրաշրջան բացելու մասին նաեւ Հայաստանում են խոսում, ավելին՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնարկում է, որ խաղաղության երկխոսության շրջանակներում կարող է Արցախի կարգավիճակի նշաձողի հարցը քննարկվել:

Սրան զուգահեռ էլ, ըստ նախնական պայմանավորվածության ու ըստ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների համանախագահությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը տեղի կունենա այս ամսվա ընթացքում: Նման պայմանավորվածություն, հիշեցնենք, սահմանազատում ու սահմանագծում սկսելու նպատակով աշխատանքային խումբ ձեւավորելու համար Բրյուսելյան ապրիլվեցյան Փաշինյան-Ալիեւ-Միշել եռակողմ հանդիպման ժամանակ էր ձեռք բերվել:

Նյութերը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ

 

 

ԴԺԳՈՀՈՒՄ ԵՆ

Չնայած մի քանի ամիս է՝ Հակակոռուպցիոն կոմիտեն սկսել է գործել, սակայն արդեն դժգոհում են, թե գերծանրաբեռնված են աշխատում: Այդ մասին Ազգային ժողովում պետաիրավական հարցերով մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է արդարադատության նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը եւ առաջարկել փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում: Եվ նշվում է, որ կառավարության հեղինակած օրենքի նախագիծը մշակվել է Հակակոռուպցիոն կոմիտեում առկա գործերի ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու նպատակով: «Ըստ էության, Հակակոռուպցիոն կոմիտեին թողնվելու են պաշտոնատար անձանց կողմից կատարվող կոռուպցիոն հանցագործությունները, իսկ մասնավոր գործերը փոխացվելու են այլ մարմինների, մասնավորապես՝ Քննչական կոմիտեին»,- ասել է փոխնախարարը: Նշվել է, որ առաջարկվող փոփոխությունները վերաբերում են գործող օրենսգրքին: Նոր օրենսգիրքն ուժի մեջ է մտնելու առաջիկա հուլիսի 1-ից: Հավելենք, որ կառույցի՝ 2022 թվականի տարեկան բյուջեն արդեն հաստատված է: «Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտում եւ քննության ապահովում» բյուջետային ծրագրի իրականացման համար կուղղվի 2 մլրդ 378 մլն 900 հազար դրամ: Ծրագիրը բաղկացած է երեք միջոցառումից: «Քրեական վարույթի իրականացում» միջոցառման անցկացման համար կտրամադրվի 2 մլրդ 336 մլն դրամ: «Վերապատրաստման եւ հատուկ ուսուցման կազմակերպում» միջոցառման իրականացումը նախատեսված է «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքով: Կվերապատրաստվի կոմիտեի 96 ծառայող, ծախսը կկազմի 12,6 մլն դրամ: Միջազգային գործընկեր կազմակերպությունների միջոցների հաշվին եւս կլինեն վերապատրաստումներ: Երրորդ միջոցառումը Հակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդն է. այն կկազմի 30,3 մլն դրամ: Ըստ կանխատեսումների՝ 2022 թ. նախատեսվում է քննել մոտ 2000 կոռուպցիոն բնույթի հանցագործություններ: Նախատեսվում է գործարկել նաեւ տարածքային ստորաբաժանումները:

 

ՉԻ ՄՏԱՀՈԳՈՒՄ

Այսօր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկաասյանին, կարծես թե, չի մտահոգում համայնքին պատկանող գույքը` նստարանները, աղբամանները, հայտարարությունների համար նախատեսված վահանակները, որոնց մեծ մասը, մեղմ ասած, անմխիթար վիճակում է: ArmLur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են կոտրված, վնասված աղբամանները լցված Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի վարչական շենքի մոտ: Ի դեպ, տեւական ժամանակ է, ինչ մայրաքաղաքում գտնվող նստարաններն անմխիթար վիճակում են. նստարաններ կան, որոնց «Երեւան» թուջե ձուլվածքն ամբողջովին բացակայում է, կամ որոնց ոտքերը կոտրված են: Նկատենք, որ քաղաքային իշխանությունները Երեւանն աղբամաններով եւ նստարաններով կահավորելու համար բյուջեից տասնյակ միլիոններ են ծախսում, բայց վարչական շրջանների ղեկավարները սրտացավ չեն. սա է պատճառը, որ գույքը փչանում է:

 




Լրահոս