ՀԱՅԱՍՏԱՆԻ ՁՎԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ ԱՄԵՆԱԹՈՂՈՒԹՅՈՒՆ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության, այլեւ որակական առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:

 

Որոշման փաստաթղթում կարդում ենք. «Վարույթը հարուցվել է ընկերության կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթների իրացման միջոցով առերեւույթ հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցության հատկանիշների առկայության հիմքով»: Ինչու՝ որովհետեւ ընկերությունը թեեւ դեռ չի ստացել «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթի համապատասխանության հավաստագիր (սերտիֆիկատ) (դիմել է եւ ինչ-որ գործընթացներ են տեղի ունենում), ամեն դեպքում, «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթ է արտադրել եւ վաճառում է: ՏՄՊՊՀ-ն Արզնի ընկերության այս քայլը որակել է «որպես հասարակության մոլորեցման դրսեւորմամբ անբարեխիղճ մրցակցություն (այսուհետ` օրենքի խախտում)»:

Ընկերությանը տրվել է նախազգուշացում, ինչպես նաեւ «հանձնարարվել մեկամսյա ժամկետում շտկել օրենքի խախտումը՝ դադարեցնել մինչեւ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրն արտադրված «ԷԿՈ» բառի մակնշմամբ հավկիթների իրացումը, այդ թվում՝ այլ տնտեսվարող սուբյեկտների միջոցով դրանք իրացնելու դեպքում գրավոր հետ կանչել կամ համապատասխանեցնել «Օրգանական գյուղատնտեսության մասին» օրենքի պահանջներին»: Ապրիլի 19-ին նման բովանդակությամբ որոշում է կայացվել նաեւ «Պրոյեկտ ինտեր ինվեստ» ընկերության մասով:

Պարզվում է՝ «Շիրակ» թռչնաֆաբրիկան էլ, ըստ ՏՄՊՊՀ-ի, հասարակությանը մոլորեցնելով, «Էկո», «էկոդեմոնստրատոր» եւ «օրգանիկ» բառերով հավկիթ է արտադրել, ինչը օրենքի խախտում է: Իհարկե, «Շիրակ»-ը ծիծաղելի պարզաբանում է տվել, թե «ԷԿՈ» մակնշումը ոչ թե ձվին, այլ տուփի վրայի ինքնաթիռին է վերաբերում, բայց, ամեն դեպքում, ապօրինության համար «Շիրակ»-ը տուգանվել է 3 մլն 44 հազար ՀՀ դրամով: Ավելին՝ ՏՄՊՊՀ-ն հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով ՏՄՊՊՀ-ի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ:

Այս հարցին ի պատասխան՝ ՏՄՊՊՀ-ից հայտնել են. «Որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պատճենները տնտեսավարողներին հանձնելու հաջորդող օրվանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ ծանուցումը ստացել է ապրիլի 27-ին, իսկ «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ն՝ ապրիլի 29-ին: Հանձնաժողովը վերահսկում եւ հետեւում է իր հանձնարարությունների կատարմանը, եւ օրենքի խախտման հատկանիշների առկայության դեպքում դրանց տրվելու է համապատասխան ընթացք»: Տեղեկացնենք, որ այսօր մայիսի 19-ն է, այսինքն՝ մոտ 25 օր է անցել ՏՄՊՊՀ արգելող որոշումների ծանուցումների ժամկետից, սակայն երկու ընկերություններն էլ «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթները ազատ վաճառում են: Լուսանկարները, որ արվել են «Արզնի»-ի արտադրանքի դեպքում, «Երեւան Սիթի» սուպերմարկետում է, իսկ «Շիրակ»-ի «էկո» արտադրանքը վաճառվում է «Քարֆուր»-ում:

Եւ այստեղ խնդիրը ոչ թե վաճառողների, այլ արտադրողների մեջ է, որոնք չեն կատարում ՏՄՊՊՀ պահանջը եւ ապօրինի հավկիթներ են վաճառում, կամ էլ ՏՄՊՊՀ-ի հետ ունեն ներքին պայմանավորվածություն, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը կփակի աչքերը, եւ անօրինական ձվերը կվաճառվեն խանութներում: Երկու դեպքում էլ իրավապահներն անելիք ունեն նաեւ Գեղամ Գեւորգյանի գործողությունների մասով:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԹԱԳՈՒՀԻ ԹՈՎՄԱՍՅԱՆՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է. «Ոստիկանները, բռնի ուժ կիրառելով, փորձում են բերման ենթարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին: Նախ՝ արձանագրենք, որ ՀՀ ԱԺ պատգամավորները ունեն ֆիզիկական անձեռնմխելիություն, եւ որ ոստիկանը օրենք է խախտում: Եվ, առհասարակ, ինչպե՞ս կարող է հայ ոստիկանը հայ մարդու նկատմամբ նման ագրեսիա ցուցաբերել: Առավոտից հետեւում եմ բողոքի խաղաղ ակցիային եւ ոստիկանների հերթական դատապարտելի գործողություններին: Նման կադրերը, իրենց սահմանադրական իրավունքը իրացնող հայի նկատմամբ բռնարարքները կրկին բազմաթիվ են, այս գործողությունների արդյունքում այսօր նույնպես երիտասարդ կնոջ ձեռք է կոտրվել, եւ բազմաթիվ քաղաքացիներ տուժել են: Հարգելի՛ ոստիկան, ես եւս մեկ անգամ կոչ եմ անում հավատարիմ մնալ ոստիկանի առաքելությանը, հիշել այն սկզբունքները, որոնցով դուք պարտավոր եք առաջնորդվել, եւ ձեր քայլերի հիմքում բացառապես ունենալ ՀՀ քաղաքացու իրավունքի պաշտպանությունը: Հիշեցնեմ, որ ցուցարարը, որին ձերբակալում եք, նույնպես ՀՀ քաղաքացի է եւ ունի իրավունքներ ու ազատություններ»:

 

 

ՆԻՍՏԸ՝ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Մարդասիրական հարցերով Ռուսաստանի, Ուկրաինայի, Թուրքիայի եւ ՄԱԿ-ի կոնտակտային խմբի նիստը կանցկացվի առաջիկա օրերին։ Այս մասին Վաշինգտոնում հայտնել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն։ «Գոյություն ունի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկած մարդասիրական հարցերով կոնտակտային խումբ, որում ընդգրկված են ՄԱԿ-ը, Թուրքիան, Ռուսաստանն ու Ուկրաինան։ Մենք առաջիկա օրերին նախատեսում ենք տեխնիկական մակարդակով նիստ անցկացնել»,- հայտնել է Թուրքիայի արտգործնախարարը։ Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

 

 

ԱՐՏԱՀԵՐԹ ԿԼԻՆԻ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն՝ կառավարության նախաձեռնությամբ մայիսի 19-ին՝ ժամը 11:00-ին, ԱԺ նախագահի որոշմամբ կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:

 

 

 

ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ

Երեւանի կենդանաբանական այգում 2021 թվականի տարեվերջին առկա է եղել 143 տեսակի կենդանի: Կենդանիների գլխաքանակը կազմել է 769, բայց ArmLur.am-ը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ 2020 թվականի վերջին այգում առկա է եղել 159 տեսակի կենդանի, իսկ կենդանիների գլխաքանակը կազմել է 830: Ասել է թե` մեկ տարվա ընթացքում կենդանիների գլխաքանակը պակասել է 61-ով, իսկ տեսակը` 16-ով: Ըստ մասնագետների` այս տվյալները խիստ մտահոգիչ են: Փոխարենը կենդանաբանական այգու այցելուների թիվն է զգալի ավելացել. օրինակ` եթե 2020- թվականին այգին ունեցել է 116 հազար 959 այցելու, ապա անցած տարի նրանց թիվը 153 060 է եղել: Բացի այս, նշենք, որ 3-ով պակասել է կաթնասունների գլխաքանակը, իսկ սողունները՝ 10-ով: 2020-ին այգին ունեցել է 96 սմբակավոր կենդանի, 2021-ին` 90, այսինքն` սմբակավորներն էլ 6-ով են պակասել: Մեկ տարվա ընթացքում 28-ով պակասել են նաեւ թռչունները: Ձկների քանակը 16-ով է պակասել: Եւ ամենակարեւորը` ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի` 2021-ին անկել է 81 կենդանի, դուրս են տրվել 24-ը, ծնվել է 41-ը, ձեռք բերվել` 8-ը: Սրան զուգահեռ՝ նկատենք, որ այգու ֆինանսական միջոցների մուտքը կազմել է ավելի քան 458 մլն դրամ, իսկ ֆինանսական ծախսերը` 555 մլն 700 հազար դրամ, այսինքն` ծախսերն ավելի են եղել, քան մուտքերը:  Նշենք, որ Երեւանի կենդանաբանական այգու շուրջ վերջին շրջանում բորբոքված կրքերը չեն հանդարտվում: Նախորդ տարվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ էին հրապարակում այն մասին, որ այգում մեծ թվով կենդանիներ են անկում. խոսվեց մուֆլոնի անկման մասին, հետո՝ եղնիկի, վագրի, բացի այս, ասում էին, որ զեբրն է թունավորվել:

Նաեւ լուրեր շրջանառվեցին այն մասին, որ, իբր, կենդանիները վատ են սնվում, հիվանդացել են տուբերկուլիոզով: Արդյոք սա իրականություն է, թե ոչ, այս պահին դժվար է ասել, բայց պաշտոնական վիճակագրությունն իր հերթին փաստում է, որ մեկ տարվա ընթացքում ե՛ւ գլխաքանակն է պակասել, ե՛ւ կենդանիների տեսակը:

 

 

ՊԵՏՔ Է ԿԱՆԽԵԼ

Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվում է մոտ 2500 տելեգրամյան ալիք։ Այս մասին ասել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ Ըստ նրա՝ այս ուղղությամբ պետք է քայլեր ձեռնարկել։ «Այս ամենը կանխելու համար անհրաժեշտ է քննարկումներ անցկացնել եւ օրենսդրական փոփոխություններ իրականացնել»,- հավելել է պատգամավորը։

 




Լրահոս