ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Հայկ Ռաֆիկի Այվազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2021 թվականի դեկտեմբերի 30-ից զբաղեցնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետի պաշտոնը, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգի եւ իր՝ քրեակատարողական ծառայության պաշտոնի N 23.17 անձնագրով սահմանված լիազորությունների բերումով հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթ իրականացնող, ինչպես նաեւ նույն ՔԿ հիմնարկի ճաշարանում իր ենթակայությամբ աշխատանքներ իրականացնող անձանց, գործիքների, նյութական արժեքների հաշվառման, հսկման, աշխատանքների կազմակերպման լիազորությունների բերումով պետական մարմնում մշտապես կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, ի թիվս այլ պարտականությունների՝ պարտավոր լինելով միջոցներ ձեռնարկելու դատապարտյալների, կալանավորված անձանց կամ այլ անձանց կողմից հիմնարկի տարածքում հնարավոր հանցագործությունները կամ այլ իրավախախտումները, այդ թվում՝ քրեակատարողական հիմնարկներում արգելված առարկաներ հանձնելու դեպքերը բացահայտելու, դրանց կատարմանը նպաստող պատճառները եւ պայմանները վերացնելու ուղղությամբ, ինչպես նաեւ բացառելու կալանավորների կամ դատապարտյալների կողմից իրավախախտում կատարելու հնարավորությունները, ի հակառակը դրանց՝ դատապարտյալից ստացել է կաշառք կաշառք տվողի օգտին ակնհայտ ապօրինի գործողության համար:
Մասնավորապես, Հայկ Այվազյանը, զբաղեցրած պաշտոնի հետ մեկտեղ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թիվ 36/3-4 հասցեում տեղակայված ավտոլվացման կետում իրականացնելով ավտոլվացողի աշխատանքներ, շահագրգիռ լինելով հիշյալ սպասարկման կետի հաճախորդների եւ շրջանառության ավելացմամբ, «Արմավիր» ՔԿ հիմնարկում 2022 թվականի փետրվարի 18-ի հերթապահության ընթացքում ընդունել է իր ենթակայության տակ տնտեսական աշխատանքներ իրականացնող, նույն ՔԿ հիմնարկի դատապարտյալ Վադիմ Կարենի Օհանյանի կողմից իրեն ներկայացված առավելություն ստանալու, այն է՝ ավտոլվացման կետ քիմմաքրման համար երեք հաճախորդ ուղարկելու դիմաց քրեակատարողական հիմնարկներում արգելված առարկա հանդիսացող երեք բջջային հեռախոսներ ՔԿ հիմնարկում Վ. Օհանյանին հանձնելու առաջարկը:
Ի կատարումն ձեռք բերված համաձայնության՝ Հ. Այվազյանը, 2022 թվականի փետրվարի 20-ին ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անհայտ անձից ստանալով երեք բջջային հեռախոսները, դրանք 2022 թվականի փետրվարի 22-ին փորձել է մտցնել «Արմավիր» ՔԿ հիմնարկի արգելված գոտի եւ հանձնել Վ. Օհանյանին, սակայն հիշյալ երեք բջջային հեռախոսները նույն հիմնարկի հսկիչ անցագրային կետում ժամը 09.20-ին կատարված Հ. Այվազյանի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են: Այսպիսով, Հայկ Ռաֆիկի Այվազյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով:
Վադիմ Կարենի Օհանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, իր օգտին գործողություն կատարելու համար նույն հիմնարկի պահպանության ապահովման բաժնի առաջատար մասնագետ Հայկ Ռաֆիկի Այվազյանին տվել է կաշառք: Մասնավորապես, տեղյակ լինելով, որ Հայկ Այվազյանը, զբաղեցրած պաշտոնի հետ մեկտեղ ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 4-րդ միկրոշրջան թիվ 36/3-4 հասցեում տեղակայված ավտոլվացման կետում իրականացնում է ավտոլվացողի աշխատանքներ եւ շահագրգիռ է հիշյալ սպասարկման կետի հաճախորդների ու շրջանառության ավելացմամբ, «Արմավիր» ՔԿ հիմնարկում 2022 թվականի փետրվարի 18-ի հերթապահության ընթացքում նրան խոստացել է առավելություն, այն է՝ առաջարկել է երեք բջջային հեռախոսներ բերելու եւ ՔԿՀ-ում իրեն հանձնելու դիմաց ավտոմեքենայի քիմմաքրման համար երեք հաճախորդ ուղարկել նրա կողմից շահագործվող ավտոլվացման կետ, որպիսի առաջարկն ընդունվել է Հայկ Այվազյանի կողմից:
Ի կատարումն Հ. Այվազյանի եւ Վ. Օհանյանի ձեռք բերված համաձայնության՝ 2022 թվականի փետրվարի 20-ին Հ. Այվազյանը ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում անհայտ անձից ստացել է երեք բջջային հեռախոսներ, ապա 2022 թվականի փետրվարի 22-ին դրանք փորձել է մտցնել «Արմավիր» ՔԿ հիմնարկի արգելված գոտի եւ հանձնել Վ. Օհանյանին, սակայն հիշյալ երեք բջջային հեռախոսները նույն հիմնարկի հսկիչ անցագրային կետում ժամը 09.20-ին կատարված Հ. Այվազյանի զննությամբ հայտնաբերվել եւ առգրավվել են: Այսպիսով, Վադիմ Կարենի Օհանյանին մեղսագրվում է արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով:
ԴԻՄԵԼ Է ՈՍՏԻԿԱՆԱՊԵՏԻՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը հայտարարություն է տարածել.
«Սույն թվականի մայիսի 16-ից ունենք այնպիսի իրավիճակ, երբ ոստիկանության ծառայողների կողմից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային միջոցները առանց հիմնավորման տարվել են հատուկ պահպանվող տարածք եւ մինչ օրս չեն վերադարձվում սեփականատերերին։
Ընդ որում՝ մեքենաների սեփականատերերին Ոստիկանության կողմից չի տրվել այն հիմնավոր պատճառաբանությունը, թե ինչ հիմքով են իրենց տրանսպորտային միջոցները պահվում հատուկ պահպանվող տարածքում։
Ստացվում է՝ ոստիկանությունն ուղղակի առգրավել է ՀՀ քաղաքացիների գույքը եւ ո՛չ վերադարձնում է, ո՛չ էլ նշում է, թե ինչ հիմքով չի վերադարձնում: Սա ամենաթողություն է…
Արձանագրենք, որ տրանսպորտային միջոցները հատուկ պահպանվող տարածք տանելը եւ դրանք իրենց օրինական տիրապետողներին չվերադարձնելը առանց իրավական հիմնավորման խախտում է քաղաքացու մի շարք իրավունքները, այդ թվում՝ սեփականության իրավունքը։ Հետեւաբար ոստիկանության նման գործողությունները չեն բխում օրենքից, դրանք անձի սեփականության իրավունքին ակնհայտ անհամաչափ միջամտություն են, եւ այդ տրանսպորտային միջոցները պետք է անհապաղ վերադարձվեն դրանց օրինական տիրապետողներին։
Նկատի ունենալով, որ ներկայացրած հարցի լուծումը ենթակա է ՀՀ ոստիկանության իրավասությանը՝ գրություն եմ ուղարկել ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանին եւ խնդրել եմ հանձնարարել համապատասխան մարմիններին՝ ուսումնասիրելու ներկայացված խնդիրը եւ տրամադրելու տեղեկություն ստորեւ նշված հարցերի վերաբերյալ.
- սույն թվականի մայիսի 16-ից իրազեկման ավտոերթ իրականացնող քաղաքացիների տրանսպորտային քանի՞ միջոց է տարվել հատուկ պահպանվող տարածք եւ ի՞նչ հիմնավորմամբ,
- ոստիկանության կողմից ե՞րբ է նախատեսվում նշված քաղաքացիներին վերադարձնել հատուկ պահպանվող տարածքում գտնվող իրենց տրանսպորտային միջոցները»:
ԶՈՀՎԱԾԻ ՀՈՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼ ԵՆ
Զոհված զինծառայող Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին շտապօգնության մեքենայով երեկ տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Այս մասին փոխանցել է Գարիկ Գալեյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը։ «Նա երկու շաբաթ առաջ տարել էր սրտի վիրահատություն, հինգ ստենդ է տեղադրված եղել, եւ հիմա տեղափոխում են ԲԿ»։
Ինչ վերաբերում է նրան առաջադրված մեղադրանքին, փաստաբանի խոսքով՝ այն աղերս չունի իրավաբանության հետ. «Մեղադրանք է առաջադրվել նրան՝ անձի համազգեստը քաշքշելով ֆիզիկական ցավ պատճառելու համար։ Քննիչին խնդրել ենք պարզաբանի, թե համազգեստը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ, կամ համազգեստից քաշքշելով՝ անձը ինչպես կարող է ֆիզիկական ցավ ստանալ։ Քննչական գործողությունները դադարեցվել են, քանի որ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց»։ Փաստաբանն ասել է, որ ընթացակարգով կալանքի միջնորդություն են ներկայացնելու, եւ դիմել դատախազությանը. «Դիմում եմ դատախազությանը, քանի որ իրենք ունեն շանս ցույց տալու իրենց վճռականությունը եւ հետ վերցնեն կալանավորման միջնորդությունը, որը ներկայացվել է կամ ներկայացվելու է»։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, պատգամավորներ Տիգրան Աբրահամյանն ու Արմենուհի Կյուրեղյանը միջնորդություն են ներկայացրել Գարիկ Գալեյանի խափանման միջոցը փոխելու համար: «Պետք է դիմումը քննարկեն, որից հետո կատարենք վճարում, վճարումից հետո կորոշեն՝ խափանման միջոցը փոխեն, թե ոչ: Հույս ունենք՝ քննչական մարմինը գիտակից կգտնվի ու նման անհեթեթ մեղադրանքով հերոսի ծնողին մեղադրանք չի առաջադրի», – ասել է Արթուր Վանեցյանը։
Ըստ Վանեցյանի՝ այս իրավիճակը տարօրինակ է, երբ անհիմն մեղադրանքով ձերբակալված է հերոսածին հայր Գարիկ Գալեյանը. «Ծայրահեղ իրավիճակ է, անհավատալի է, որ հիմա մենք կանգնած ենք ու ասում ենք՝ ձերբակալվել են Գարիկ Գալեյանն ու իր եղբայրը»,-ասել է նա:
Պատգամավորները անձնական երաշխավորություն են ներկայացրել Գալեյանի համար. երեք պատգամավորով պետք է վճարեն 500-հազարական դրամ։
Հիշեցնենք, որ, Քննչական կոմիտեի տեղեկացմամբ, նախնական տվյալներով՝ 2022թ. մայիսի 17-ին՝ ժամը 14:05-ի սահմաններում, մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ ՊՆ N զորամասի տարածք, որի ընթացքում չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին՝ ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ հայհոյել են, քաշքշել եւ բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Պարզվել են իշխանության ներկայացուցչի նկատմամբ առերեւույթ բռնություն գործադրած եւ ծանր վիրավորանք հասցրած անձանցից երեքի ինքնությունը, որոնք Գարիկ եւ Արթուր Գալեյան եղբայրներն են, ինչպես նաեւ քաղաքացի Ազգուշ Մարտիրոսյանը: Նրանցից մեկը՝ Գարիկ Գալեյանը, ձերբակալվել է: