Նախկին պատգամավոր, ադրբեջանահետ Տաթեւիկ Հայրապետյանը սոցցանի իր էջում գրել է. «Երեկ Ադրբեջանում էր Իսրայելի գյուղատնտեսության նախարարը: Առաջին հայացքից ոչ այնքան կարեւոր այս լուրը մի քանի հետաքրքիր նյուանսներ է պարունակում: Իսրայելցի պաշտոնյային ընդունել է նաեւ Ալիեւը, մի շարք հարցերի հետ մեկտեղ քննարկվել են ներկայումս Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում իսրայելական ներդրումների կազմակերպման վերաբերյալ հարցեր: Իմ տպավորությամբ՝ Իսրայելի նպատակն է ամրանալ հենց Իրանի հետ սահմանակից շրջաններում, որը նախկինում կազմում էր Արցախի անվտանգության գոտին: Փաստացի դա նաեւ Իրանի համար էր անվտանգության գոտի: Սա այն գինն է, որ Ադրբեջանը վճարում է Իսրայելին 44-օրյա պատերազմից առաջ եւ հետո իրեն մատուցած կարեւոր ծառայությունների համար: Գյուղատնտեսության նախարարի այցից առաջ՝ ապրիլի վերջին, Ադրբեջանի նախագահի հետ հանդիպում ունեցավ Իսրայելի ֆինանսների նախարարը՝ Ավիգդոր Լիբերմանը: Վերջինս նախկինում զբաղեցրել է Իսրայելի պաշտպանության նախարարի, ԱԳՆ ղեկավարի, ինչպես նաեւ փոխվարչապետի պաշտոնները: Դրանից կարելի է դատել, թե որքան կարեւոր է եղել այս այցը իսրայելական կողմի համար:
Դեռ անցած տարի հրապարակված իմ վերլուծություններից մեկում նշել էի, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի ռազմական հաջողության հետեւանքով Արցախում եւ Արցախի շուրջ ստատուս-քվոյի փոփոխության պատճառով խարխլվել է տարածաշրջանային բալանսը՝ առաջ բերելով անվտանգային նոր մարտահրավերներ ոչ միայն Հայաստանի ու Արցախի, այլ տարածաշրջանային այլ պետությունների համար եւս:
Փաստացի մոտ երեք տասնամյակ Արցախը զսպիչ գործոն էր ամբողջ տարածաշրջանում թուրք-ադրբեջանական տանդեմին դիմակայելու համար: 2020թ. պատերազմում Թուրքիայի ակնհայտ աջակցության շնորհիվ ռազմական հաջողության հասնելուց հետո Ադրբեջանի եւ Թուրքիայի առաջնորդները շարունակում են խորացնել ռազմաքաղաքական համագործակցությունը եւ բացահայտ հայտարարում, որ տարածաշրջանում հարցերը լուծելու են միասնաբար՝ հիմքում դնելով էթնիկ` թյուրքական գործոնը: Սա, իհարկե, ուղիղ հարված է եւ մարտահրավեր ամբողջ տարածաշրջանի համար եւ չի կարող անտարբեր թողնել տարածաշրջանի մյուս պետություններին:
Վերջին շրջանում Իսրայելի պաշտոնյաների ինտենսիվ այցերն ավելի ակներեւ են դարձնում Իսրայելի մտադրությունները՝ Իրանի հետ կապված: Ադրբեջանն էլ ամենայն պատրաստակամությամբ ծառայում է այդ նպատակին: Այդ համատեքստում ուշագրավ է այսօր ադրբեջանական քարոզչական կայքերից մեկի՝ haqqin.az-ի հոդվածը՝ «Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ լայնամասշտաբ պատերազմի» սադրիչ վերնագրով:
Այս ամենի ֆոնին մենք, փոխարենը ճիշտ գնահատենք, թե ինչպես է փոթորկվում տարածաշրջանն ու աշխարհը, ինչպես են բոլորը փորձում ուժով հարց լուծել, ստեղծում ենք մեզ համար կեղծ «խաղաղասիրության» դիսկուրս ու փորձում հավատալ դրան, քանի որ դա հեշտ է: Իսկ իրականությունն այլ է. չկա ու չի կարող լինել միակողմանի խաղաղություն, ավելին՝ ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի կողմից տարվող ագրեսիվ քաղաքականությունը մեզ թելադրում է հնարավորինս արագ ու հմուտ կերպով վերականգնել մեր մարտունակությունն ու հզորացնել զինված ուժերի կարողությունները: Մնացածը ինքնախաբեություն է եւ կարող է շատ աղետալի հետեւանքներ ունենալ մեր պետության համար՝ հատկապես հաշվի առնելով տարածաշրջանում լարվածության աճի մեծ հավանականությունը»:
Ն. Պ.
ՆԱՏՕ-Ն ՊԱՏՐԱՍՏ Է
ՆԱՏՕ-ն հանձնառու Է Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգության ապահովման խնդրին, որոնք մայիսի 18-ին դաշինքին միանալու պաշտոնական հայտեր են ներկայացրել, ինչպես նաեւ պատրաստ Է ադապտացնել իր ներկայությունը Բալթիկ ծովի տարածաշրջանում: Այդ մասին հայտարարել Է գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ հանդես գալով Ֆինլանդիայի եւ Շվեդիայի դեսպանների կողմից հայտերը ներկայացնելու արարողությանը: Մայիսի 18-ին այս երկրների դեսպանները հանդիսավոր մթնոլորտում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում Ստոլտենբերգին են փոխանցել անդամակցության հայտերը: «Վերջին օրերին մենք դաշնակից երկրներից հայտարարություններ ենք լսել Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անվտանգությանը հանձնառու լինելու մասին: ՆԱՏՕ-ն արդեն աչալրջորեն Է վերաբերվում Բալթիկ ծովի տարածաշրջանին, բայց ՆԱՏՕ-ի եւ դաշնակիցների ուժերը կշարունակեն անհրաժեշտության դեպքում ադապտացվել նաեւ հետագայում: Մենք պետք Է լինենք միասին»,-ասել Է Ստոլտենբերգը. հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐ՝ ԱՐՑԱԽՈՒՄ
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված կամ փաստացի բնակված քաղաքացիներին 300.000 դրամի չափով սոցիալական աջակցության ծրագրի իրագործման ընթացքում ապօրինի ստացվել է 47.700.000 գումար: Արցախի Հանրապետության դատախազության փոխանցմամբ՝ միջոցառման իրագործման ընթացքում թույլ տրված ենթադրյալ չարաշահումների դեպքերի առթիվ Արցախի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից հարուցվել էին քրեական գործեր: Հիշյալ գործերով իրականացված նախաքննության ներկա փուլում ձեռք բերված ապացուցողական տվյալներով հիմնավորվել է, որ ընդհանուր Արցախի 159 քաղաքացի, չունենալով ՀՀ կառավարության հիշյալ որոշմամբ սահմանված աջակցությունը ստանալու իրավունք, նշված որոշման սխալ մեկնաբանման ու կիրառման հետեւանքով ներառվել էր շահառուների ցանկում եւ ստացել հատկացվող 300.000 դրամի չափով աջակցությունը: Այդպիսով ՀՀ պետական բյուջեից, որպես սոցիալական աջակցություն, ավել է վճարվել ընդհանուր 47.700.000 դրամ գումար: Հիշյալ գումարի մի մասը քաղաքացիների կողմից կամովին հատուցվել է, իսկ մնացյալների վերաբերյալ հաղորդվել է ՀՀ իրավասու մարմնին՝ անհիմն հարստացած անձանց նկատմամբ գույքային պահանջ ներկայացնելու հարցը քննարկելու համար: Վերոհիշյալ քրեական գործերով նախաքննությունը շարունակվում է սոցիալական աջակցության ներկայացված ծրագրի կիրառման ընթացքում ապօրինությունների ու չարաշահումների հերթական դեպքերը վեր հանելու նպատակով:
ԿԱԼԱՆՔ՝ ՀԱՅՀՈՅԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Բերդ համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղի վարչական ղեկավար Արկադի Յամուկյանի եւ Բերդ խոշոր համայնքի ավագանու անդամ Սարգիս Մարգարյանի հանդեպ որպես խափանման միջոց Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Սասուն Մխիթարյանի որոշմամբ ընտրվել է 2 ամիս ժամկետով կալանքը։ Ա. Յամուկյանը եւ Ս. Մարգարյանը մեղադրվում են այն բանի համար, որ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւան քաղաքի նստավայրում ընթացող, Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործով դատավարության՝ 2022թ. մարտի 4-ի նիստում ժամը 09:55-ի սահմաններում՝ Հ. Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը քննության առնելու մասին որոշումը հրապարակելուց հետո, նրանք դատավոր Սամվել Մարդանյանի հասցեին սեռական հայհոյանքներ են հնչեցրել։ Նրանց, ինչպես նաեւ Հ. Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 343 հոդվածի 3-րդ մասով («Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը, որը դրսեւորվել է պաշտոնեական լիազորությունների իրականացման առնչությամբ դատավորին վիրավորելով»): Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է տուգանք` 200-500 հազար դրամի չափով, կամ կալանք` 2-3 ամիս ժամկետով: Ուշագրավ է, որ ոչ ծանր հոդվածով մեղադրվող վարչական ղեկավարի եւ ավագանու անդամի հանդեպ, որոնք արդարադատությունից թաքնվելու ոչ մի շահագրգռվածություն չունեն, որպես խափանման միջոց դատավոր Սասուն Մխիթարյանը 2 ամիս ժամկետով կալանքն է որոշել։ Ա. Յամուկյանի փոխանցմամբ՝ ինքը եւ Ս. Մարգարյանը 29 օր գտնվել են կալանքի տակ, հետո գործը քննող քննիչի որոշմամբ իրենց խափանման միջոցը փոխվել է, կալանքը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ։ Սույն գործով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդ քաղաքի նստավայրում դատաքննություն է ընթանում։ Այդ դատաքննության ապրիլի 29-ի նիստում դատավոր Զոյա Զաքինյանը նշել է, որ որպես ամբաստանյալ ներգրավված անձերից մեկը Հ. Մանուչարյանն է, վերջինիս վերաբերյալ քրեական գործով ինքը նախկինում ինքնաբացարկ է հայտնել՝ նկատի ունենալով իր եւ Հ. Մանուչարյանի երեխաների միջեւ ընկերական հարաբերությունների առկայությունը. նույն հիմքը առկա է նաեւ ներկայումս։ Դատավորը հայտնել է, որ սույն գործը դատական քննության նշանակելու պահին Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, որպես քրեական գործեր քննող դատավորներ, պաշտոնավարում էին ինքը եւ Սամվել Մարդանյանը, որը սույն գործով ներգրավված է որպես վկա։ Հետեւաբար տվյալ պահին իր ինքնաբացարկի դեպքում կարող էր առաջանալ գործի ողջամիտ դատաքննության իրավունքի խախտում, քանզի տվյալ պահին գործը չէր կարող մակագրվել այլ դատավորի։ Ներկայումս Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակվել է քրեական գործեր քննող դատավոր, ուստի Զ. Զաքինյանը ինքնաբացարկ է հայտնել։ Նշված քրեական գործով դատաքննությունում կնախագահի նորանշանակ դատավոր Արամ Մարտիրոսյանը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ