ՀԱՅԱՍՏԱՆ Է ԵԿԵԼ ՇՈՒՐՋ 6 ՀԱԶԱՐ ԱՆՁ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուս-ուկրաինական բարդ իրավիճակով պայմանավորված՝ ակտիվացել է Ուկրաինայից, Ռուսաստանից Հայաստան ներգաղթի գործընթացը: ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանը նշեց, որ մեծ թվով հայեր հետաքրքրվում են Հայաստանում քաղաքացիություն ձեռք բերելու, կացության տարբեր կարգավիճակներ ստանալու հարցերով:

 

«Առաջին եռամսյակի տվյալներով՝ ուկրաինական փաստաթղթերով շուրջ 6 հազար սահմանահատում կա Հայաստան, այսինքն՝ ուկրաինական փաստաթղթերով մուտք են գործել մեր երկիր: Նրանց մեծ մասը հայեր են: Իրավիճակի սրացմամբ պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը մշակել էր արեւմտյան սահմանով ԵՄ երկրներ՝ Լեհաստան, Սլովակիա, Հունգարիա, Ռումինիա դուրս գալու անցակետերի վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, ինչը օգնել է մեր հայրենակիցներից շատերին դուրս գալ Ուկրաինայից: Դրանից բացի, համախմբել ենք ԵՄ այդ 4 երկրներում հայկական համայնքներին, որոնք կարողացել են կանգառի կայաններ ստեղծել մեր հայրենակիցների համար մի քանի օր կանգ առնելու, Հայրենիք վերադարձը կազմակերպելու համար: Հայկական համայնքները զգալի օժանդակություն են ցուցաբերել մարդկանց տեղավորելու, փաստաթղթերը կարգի բերելու, ֆինանսապես աջակցելու, նրանց ճանապարհելու հարցում, ինչի համար շնորհակալ ենք»,-ասել է Հովհաննես Ալեքսանյանը:

Այն մեր հայրենակիցներին, որոնք երկրից դուրս գալու ֆինանսական հնարավորություն չեն ունեցել, Հայաստանը որոշակի օժանդակություն է ցուցաբերել, տոմսեր են ձեռք բերվել, որ կարողանան վերադառնալ: Հովհաննես Ալեքսանյանի խոսքով՝ եղավ մի պահ, երբ Ուկրաինայից դուրս եկած հայերին ընդունող եվրոպական երկրների հայ համայնքները, հատկապես՝ Լեհաստանի հայ համայնքը, աշխատում էր ծանրաբեռնված, հնարավորությունները սեղմ էին: Հանձնակատարի գրասենյակը կառավարությանն ուղղված գրություն է պատրաստել դեսպանությունների ֆինանսական հնարավորություններն ընդլայնելու համար, որպեսզի քաղաքացիներին ուղված աջակցությունը շարունակվի:

«Իհարկե, չեղավ օդանավով հատուկ չվերթի կազմակերպում, բայց այլ ձեւաչափով աջակցություն կա, եւ այն ընտանիքները, որոնք դիմում են դեսպանություն, կարողանում են այդ հնարավորությունից օգտվել: Ասեմ, որ Գերմանիայի կառավարությունը ֆինանսավորում է վերադարձի ծրագիրը: Նրանք, ովքեր ՀՀ քաղաքացիներ են եւ Ուկրաինայից դուրս գալուց հետո ժամանակավորապես գտնվում են Գերմանիայի տարածքում, կարող են դիմել Գերմանիայի կառավարությանը, ստանալ ֆինանսական աջակցություն»,-ասաց Հովհաննես Ալեքսանյանը:

Ուկրաինայից դուրս եկող հայերին ուղղված աջակցության հաջորդ փուլն իրականացվում է արդեն Հայաստանում: Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը ներկայում Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հետ իրականացնում է մի ծրագիր, որն ունի 4 բաղադրիչ: Առաջին բաղադրիչը բնակվարձի սուբսիդավորումն է՝ մինչեւ 70 հազար դրամի չափով: Երկրորդ բաղադրիչը կրթական է. կան Ուկրաինայից ընտանիքներ, որոնց երեխաները սովորում են ՀՀ բուհերում: Եթե նրանք համապատասխան փաստաթղթերը ներկայացնեն, ապա կարող են ուսման վարձի սուբսիդավորում ստանալ: Երրորդ բաղադրիչը առողջապահական հարցերին է վերաբերում, 4-րդը միանվագ աջակցությունն է: Ծրագրի տարբեր բաղադրիչներից օգտվելու համար գրասենյակին արդեն դիմել է Ուկրաինայից Հայաստան տեղափոխված շուրջ 80 ընտանիք: Ուկրաինայի հայ համայնքը մեծությամբ 4-րդն է աշխարհում, ունի շուրջ 400 հազար հայ բնակչություն: Հովհաննես Ալեքսանյանը նկատեց, որ մեր բազմահազար հայրենակիցներ չեն պատրաստվում Ուկրաինայից դուրս գալ: Նրանք ունեն զինապարտ որդիներ, ամուսիններ, գույք ու չեն ցանկանում թողնել երկիրը:

Ն. Պ.

 

 

 

ԱՊԱՌԻԿ՝ ՎԱՃԱՌՔԻ ԿԵՏԵՐՈՒՄ

«ՎՏԲ-Հայաստան» բանկը մեկնարկում է ապառիկ վաճառքի կետերում վարկերի  ձեւակերպումը ոչ թղթային տեխնոլոգիայի կիրառմամբ: «ՎՏԲ-Հայաստան» բանկը վաճառակետերում ապառիկ վարկեր տրամադրելիս հաճախորդներին հնարավորություն է ընձեռում ստորագրել փաստաթղթերը թվային ձեւաչափով: Տեխնոլոգիան կարագացնի վարկերի ձեւակերպումը միջինը 30%-ով։ Գործընկեր կազմակերպությունների վաճառակետերում ապառիկ վարկ ստանալիս «ՎՏԲ-Հայաստան» բանկի հաճախորդները կկարողանան ընտրել, թե ինչպես ստորագրել վարկային պայմանագիրը՝ ավանդական թղթային, թե թվային: Digital ձեւաչափն ընտրելիս վարկառուն ծանոթանում է պայմանագրին եւ այն հաստատում պլանշետի վրա ստորագրությամբ, իսկ գործարքի ավարտից հետո էլեկտրոնային փոստով ստանում է վարկային բոլոր փաստաթղթերը: Թվային ստորագրությունը հիմնված է E-sign ոչ թղթային տեխնոլոգիայի վրա, որը ներդրվել է բանկի հայաստանյան գործընկերոջ կողմից: Գործարքի անվտանգությունն ապահոված է նրանով, որ ամեն անգամ էլեկտրոնային ստորագրություն մուտքագրելիս ավտոմատ կերպով ձեւավորվում  է հատուկ ծածկագիր:

««ՎՏԲ-Հայաստան» բանկն աջակցում է բնական ռեսուրսների պահպանմանն ուղղված ESG-նախաձեռնություններին եւ ակտիվորեն զարգացնում է «բանկ՝ առանց թղթի» գաղափարը: Մեր փորձագետների կանխատեսումների համաձայն՝ վաճառակետերում ապառիկ վարկեր ձեւակերպելիս փաստաթղթերի թվային ստորագրության կիրառումը կխնայի տարեկան ավելի քան 600 հազ?թերթ թուղթ»,- նշում է «ՎՏԲ-Հայաստան» բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Տաթեւիկ Բադալյանը։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 

 

 

ՄՍԱՄԹԵՐՔ Է ՈՉՆՉԱՑՎԵԼ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երեւանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել մայրաքաղաքի Գարեգին Նժդեհ 9 եւ Գարեգին Նժդեհ 3 հասցեներում գործող «Տիտան-93» ՍՊԸ-ին պատկանող իրացման կետերում: Ստուգման արդյունքում հայտնաբերվել է 4,5 կգ գառան միս, 2,5 կգ տավարի ենթամթերք (լյարդ)՝ առանց սպանդանոցային մորթը հավաստող ձեւ 5 անասնաբուժական վկայականի, 43,5 կգ տավարի միս՝ մսեղիքի վրա առանց կնիքի առկայության, ինչի պատճառով հնարավոր չի եղել նույնականացնել ու պարզել՝ արդյոք այն սպանդանոցային ծագում ունի, թե ոչ, ինչպես նաեւ քաբաբի համար նախատեսված ֆարշ՝ 9 կգ հավի եւ 5 կգ տավարի, առանց անվտանգությունը հիմնավորող փաստաթղթի առկայության: Նշված խմբաքանակների իրացումը սահմանված կարգով կասեցվել է եւ ոչնչացվել:

 




Լրահոս