Այսօր երգչուհի Արեւիկ Ալավերդյանի դստեր` Կարինայի տարեդարձն է: Փոքրիկ գեղեցկուհին դառնում է 2 տարեկան: ArmLur.am-ի հետ զրույցում Արեւիկը կիսվել է օրվա պլաններով եւ պատմել Կարինայի նախասիրությունների եւ անկոտրում բնավորության մասին:
«Այս տարի Կարինայի ծնունդը նշել ենք մի քանի օր շուտ, որպեսզի այն տոնենք Հայաստանում, այլ ոչ թե Փարիզում: Մենք արդեն մի քանի օր է, ինչ Փարիզում ենք: Կարինայի ծնունդը նշեցինք Հայաստանում իր հարազատների, ընկերների հետ: Անկեղծ ասած, օգտվեցի առիթից, որ Հայաստանում էինք, եւ չցանկացա ուղղակի թողնել գալ Փարիզ եւ այստեղ առանց հարազատների նշել ծննդյան օրը, այլ որոշեցի մի քանի օր շուտ գեղեցիկ տոն կազմակերպել աղջկաս համար եւ այդպես ամենամտերիմների հետ միջոցառում կազմակերպեցի, լավ ու գեղեցիկ օր ունեցանք, եւ որ ամենակարեւորն է, երեխաներն իսկապես ուրախացան: Իսկ այսօր կնշենք միայն մեր ընտանիքով»,- նշեց Արեւիկը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինչպես ցանկացած մայր, նրա երազանքը նույնպես մեկն է՝ առողջ եւ անհոգ տեսնել իր երեխաներին. «Ինձ համար ամենակարեւորն այն է, որ նրանք մեծանան առողջ եւ օտար հողում լավ մարդ ու հայ: Որպես ծնող՝ ես եւ ամուսինս կաշխատենք օգնել մեր խորհուրդներով, բայց ժամանակը ցույց կտա, թե նրանք ինչ մասնագիտական ուղի կընտրեն»:
Անդրադառնալով դստեր բնավորության գծերին՝ Արեւիկն ընդգծում է, որ Կարինայի մոտ արդեն նկատել է ուժեղ բնավորության կողմեր, ինչն, ըստ նրա, ժառանգել է հենց իրենից:
«Նա արդեն պարզ ցույց է տալիս իր բնավորության գծերը: Կարինան, ի տարբերություն տղայիս, շատ կամակոր եւ ինքնուրույն է, իր ասածի տերը երեխա է, կարծում եմ՝ բնավորության այդ գծով ինձ է նման: Իմ կարծիքով՝ նա ունի արդեն ինչ-որ չափով արմատացած բնավորության գծեր. եթե ինչ-որ մի բան է ցանկանում, ապա մինչեւ վերջ գնում է եւ, ամենակարեւորը, հասնում է»,- ժպիտով նկատում է Արեւիկ Ալավերդյանը:
Նշենք, որ երգչուհի Արեւիկ Ալավերդյանը, որն արդեն երկար տարիներ է՝ բնակվում է Փարիզում, որոշել էր իրականացնել իր մանկության երազանքը, ստեղծել նոր բրենդ, որը made in Armenia պիտակով կվաճառվի Հայաստանի սահմաններից դուրս, մասնավորապես՝ նրա երկրորդ հայրենիքում` Ֆրանսիայում: Jaqett-ը գրեթե մեկ տարի է, ինչ վաճառքում է եւ մեծ պահանջարկ ունի:
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՀԱՅՏՆԻ Է ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ՕՐԸ
Ամերիկյան կինոակադեմիան հայտնել է «Օսկարի» հոբելյանական 95-րդ մրցանակաբաշխության արարողության անցկացման օրը։ Այն կկայանա 2023թ.-ի մարտի 12-ին. հայտնում է Variety-ն։ Հավակնորդների անունները կհայտարարեն հունվարի 24-ին։ Մի քանի անվանակարգերում կարճ ցանկերը հասանելի կլինեն դեկտեմբերի 21-ին։ Արարողության հաղորդավարի եւ պրոդյուսերի անուններն առայժմ հայտնի չեն։
Մարտին անցկացված «Օսկար»-ը դարձել է ամենասկանդալայիններից մեկը մրցանակաբաշխության պատմության ընթացքում։ «Ռիչարդ արքան» ֆիլմում դերակատարման համար «Լավագույն դերասան» անվանակարգում հաղթած Ուիլ Սմիթը հարվածել է կատակերգու Քրիս Ռոքի դեմքին։ Պատճառ էր դարձել Ռոքի կատակը Սմիթի կնոջ՝ Ջադա Փինքեթի մասին։ Ավելի ուշ Սմիթը ներողություն է խնդրել ու լքել Կինոակադեմիան։ Տնօրենների կազմի անդամները Սմիթին լրացուցիչ արգելել են առաջիկա տասը տարվա ընթացքում մասնացել օսկարյան միջոցառումներին։
2022թ.-ին նաեւ երկու նոր անվանակարգ է մտցվել՝ «Երկրպագուների ֆավորիտ» եւ «Ամենաուրախ պահ»։ Երկուսում էլ հաղթանակ են տարել Զաք Սնայդերի նախագծերը՝ «Մռեյլաների բանակ», «Արդարության լիգա»։ Օրերս հայտնի է դարձել, որ արդյունքները «կեղծված» են եղել Սնայդերի երկրպագուների կողմից, որոնք այդ նպատակով օնլայն բոթեր են օգտագործել։
ՄԱՐԶԻՉԸ՝ ԻՐ ԱՆԵԼԻՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմը նոր գլխավոր մարզիչ ունի. ընտրանին կգլխավորի գրոսմայստեր Արման Փաշիկյանը: Նա շեշտեց, որ առանց երկար մտածելու է համաձայնել հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնին: «Երկար տարիներ է, ինչ մարզչական աշխատանքով եմ զբաղվում, եւ մեծ սիրով համաձայնեցի գլխավորել հավաքականը: Արոնյանի` Հայաստանի հավաքականից հեռանալուց հետո ընտրանու կազմում սերնդափոխություն է տեղի ունենում: Հիմա պետք է երիտասարդներն առավել ուժեղ դառնան, քանի որ Հայաստանի շախմատի հավաքականն այնպիսի անցած ճանապարհ ունի, որն օրինակելի է»,-ասաց Փաշիկյանը: Վերջինս շեշտեց, որ հավաքականն այս տարի կայանալիք շախմատային օլիմպիադայում իր առաջ մի խնդիր ունի` հնարավորինս բարձր հորիզոնական զբաղեցնել: «Մենք տաղանդավոր երիտասարդ սերունդ ունենք, որը ճիշտ աշխատանքի դեպքում ունակ է բարձր արդյունքներ գրանցել շախմատում»,- ասաց նա: Արման Փաշիկյանը Հայաստանի առաջնության բազմակի չեմպիոն է, աշխատել է Լեւոն Արոնյանի եւ Գաբրիել Սարգսյանի հիմնած շախմատի դպրոցում, օտարերկրյա մարզիկների հետ աշխատանքային երկարամյա փորձ ունի: Մինչ այս Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչն Արշակ Պետրոսյանն էր, ում ղեկավարությամբ ընտրանին 3 անգամ դարձել է համաշխարհային օլիմպիադայի հաղթող եւ աշխարհի թիմային առաջնության չեմպիոն:
ԳՈՎԵԼ Է
Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռոնալդինյոն գովել է իտալական «Միլանի» եւ Պորտուգալիայի հավաքականի 22-ամյա հարձակվող Ռաֆայել Լեաուին։ «Ես շատ եմ հավանում Ռաֆայել Լեաուի խաղը։ Նա գերազանց ֆուտբոլիստ է։ Այժմ Լեաուն լավագույն խաղացողներից է աշխարհում»,- Ռոնալդինյոյի խոսքը մեջբերում է CalcioNews24-ը։ Ընթացիկ մրցաշրջանում Լեաուն «Միլանի» հետ բոլոր մրցաշարերում մասնակցել է 41 հանդիպման, խփել 14 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։ Լեաուն «Միլան» է տեղափոխվել 2019-ին ֆրանսիական «Լիլից» 35 միլիոն եվրոյի դիմաց։
ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է
Իտալական «Ռոմայի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հետաքրքրված է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» սերբ կիսապաշտպան Նեմանյա Մատիչի ծառայություններով: Իտալական ակումբը բանակցում է այդ ուղղությամբ։ Մոուրինյոն ու Մատիչը համատեղ աշխատանքի փորձ ունեն «Չելսիում» եւ «Մանչեսթեր Յունայթեդում»։ Հուլիսին նա կհեռանա մանչեսթերյան ակումբից, որի կազմում Անգլիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 23 հանդիպման, կատարել 4 գոլային փոխանցում։ Նեմանյա Մատիչին ձեռք բերելու ցանկությունի ունի նաեւ Թուրինի «Յուվենտուսը»։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։