ՖՈՏՈ. Հայտնի և անհայտ անուններ. ովքեր են ընդգրկված սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին:

Հանձնաժողովի նախագահը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է: Փորձենք հասկանալ, թե հանձնաժողովի մյուս անդամներն ովքեր են եւ ինչ գործունեություն կարող են ծավալել այս կառույցում:

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը մինչ այս տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արտաքին գործերի նախարարությունում եւ նախարարի տեղակալ է նշանակվել միայն այս տարվա հունվարի 26-ին:

Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ոչ վաղ անցյալում ՀՀ ոստիկանապետն էր եւ ավելի շատ պաշտոններ է զբաղեցրել այս համակարգում:

Գրիգոր Մինասյանը եւս ոչ վաղ անցյալում է նշանակվել ՀՀ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում: Նախարարության կայքում կարդում ենք. Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը համակարգում է Նախարարության աշխատանքները՝ Նախարարությանը վերապահված քաղաքականության իրականացման իրեն հանձնարարված հետևյալ բնագավառներում՝

ա. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,

գ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

դ. Հայաստանի բոլոր մարզերում «Մեկ պատուհանի» սկզբունքով հանրային ծառայությունների միասնական գրասենյակի գործարկման.

Մնում է հասկանալ  Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովում կատարվելիք աշխատանքները համապատասխանում իր լիազորությունների շրջանակին:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարարի  Հովհաննես Հարությունյանը նախկինում զբաղեցնում էր Շիրակի մարզպետի պաշտոնը: Բայց մասնագիտությամբ բժիշկ Հովհաննես Հարությունյանը ինչու է հայտնվել այս հանձնաժողովում:

Կադաստրի կոմիտեից նախագահի երկու տեղակալներն են այս հանձնաժողովի կազմում՝ Նարինե Ավագյանն ու Արամ Գուգարանցը: Վերջինս իր պաշտոնին նշանակվել է նախորդ տարի, իսկ Նարինե Ավագյանը՝ 2020 թվականին:

Զինված ուժերից հանձնաժողովի կազմում ներկայացված են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Առաքել Մարտիկյանը եւ ռազմատեղագրական ծառայության պետը: Ընդ որում, մինչեւ Կամո Քոչունցի նշանակումը, հենց Առաքել Մարտիկյանի անունն է շրջանառվել որպես Շտաբի պետ:

Ազգային անվտանգության ծառայությունից հանձնաժողովի կազմում են դեպարտամենտի պետն ու սահմանապահ զորքերի հրամանատարը:  Արման Մարալչյանը 2020 թվականի հոկտեմբերի 26-ին է Հանրապետության նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի հրամանատար: ԱԱԾ դեպարտամենտի պետ, գնդապետ Դավիթ Սանամյանը, Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվա կապակցությամբ, 2021 թվականին ստացել էր մարտական ծառայության մեդալ, իսկ Մարալչյանն էլ՝ Արիության մեդալ:

Ահա հենց այս մարդիկ են ընդգրկված Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի կազմում:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս