«Զանգվածային լրատվության մասին» օրենքում նոր փոփոխությունները հակասում են ժողովրդավարական արժեքներին: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Հայկական երկրորդ հեռուստաալիքի «Լրաբեր» լրատվական ծրագրի ղեկավար Շավարշ Գեւորգյանը:
Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ իշխանությունն իր այդ քայլով ուզում է Ազգային ժողովում թողնել միայն իրեն ցանկալի լրագրողների ներկայությունը:
Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն և Լիլիթ Մինասյանը շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ:
Այս փոփոխություններով՝ պետական մարմինը հնարավորություն է ստանալու հարկ եղած դեպքում լրագրողին զրկել հավատարմագրումից: Գործող կարգավորումների համաձայն՝ լրագրողը կարող է զրկվել հավատարմագրումից միայն ԶԼՄ-ի դիմումի հիման վրա, ըստ պատգամավորների՝ իրենց հեղինակած նախագծով փորձում են լրացնեն օրենսդրական բացը և պետական մարմնին ևս հավատարմագրումը դադարեցնելու հնարավորություն տալ:
Լիդա Եղիազարյան