«Դառնալով Հայաստանի դիվանագիտական կորպուսի աշխատանքին՝ հարկ եմ համարում ընդգծել, որ լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը: Դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները պետք է հաշվետու լինեն նաեւ խորհրդարանին: Պետք է գնահատել մեր դեսպանությունների աշխարհագրական սփռվածության եւ տարիներ ընթացքում դրանց գործունեության արդյունավետությունը, որոշել դրանց հետագա աշխատանքի նպատակահարմարությունը». այս խոսքերն ասել է Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսի 8-ին, երբ խորհրդարանում երկրորդ անգամ տեղի էր ունենում նրա ընտրությունը: Նա եւ իր թիմի անդամները ոչ մեկ անգամ են բարձրաձայնել, թե շատ հաճախ այդ պաշտոնին նշանակվում են ոչ թե իրենց արժանիքների համար, այլ քաղաքական նկատառումներից ելնելով: Այլ կերպ ասած` մեղադրում էին, թե Սերժ Սարգսյանի իշխանությունը երբ չէր ցանկանում ինչ-որ մեկին նեղացնել, նրան դեսպանի պաշտոնի էր նշանակում: Այժմ այդ նույն պրակտիկան շարունակում է Նիկոլ Փաշինյանը: Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին։ Այս տարվա հունվարի 5-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան նշանակվեց Վաղարշակ Հարությունյանը, իսկ փետրվարի 22-ին էլ Հովհաննես Իգիթյանը նշանակվեց Լիտվայում ՀՀ դեսպան: Ի տարբերություն նախկին նշանակումների՝ Իգիթյանն ու Հարությունյանն արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունեն, մինչդեռ նախորդ նշանակումները հստակ քաղաքական են եղել: Ստացվում է՝ «լրջորեն պետք է վերանայվի ոչ կադրային դեսպանների եւ գլխավոր հյուպատոսների նշանակման ավանդույթը» արտահայտությամբ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբել է քաղաքացիներին:
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել մայիսի 18-ին ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ՀՀ անվտանգության խորհրդի նիստից: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ այդ օրը քննարկվել են ԱԽ իրավասությունների տիրույթին վերաբերող ընթացիկ հարցեր: «Ժողովուրդ» օրաթերթին այդ անակնկալ նիստից որոշ հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել, սակայն հաշվի առնելով թեմայի նրբությունը՝ կներկայացնենք մի քանի դրվագներ միայն: Ըստ այդմ՝ Նիկոլ Փաշինյանը նիստի ժամանակ խոսել է Մոսկվա կատարած այցի եւ այնտեղ իր անցկացրած հանդիպումների մասին: Այնուհետեւ անցում է կատարվել Հայաստանի ներքաղաքական կյանքի շուրջ քննարկումներին: Մասնավորապես, ուժային համակարգի ներկայացուցիչները զեկուցել են իրավիճակը վարչապետին եւ ասել, որ անհանգստանալու ոչինչ չունեն, քանի որ Ֆրանսիայի հրապարակում հավաքված բազմության թիվը չի ավելանում: Եվ չնայած նրանց հուսադրող տեղեկություններին՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է ամենօրյա ռեժիմով՝ առավոտյան եւ երեկոյան իրեն զեկուցել իրավիճակը: Ստացվում է, որ Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ առավելապես ուշադրություն է դարձվել ՌԴ այցին եւ ներքաղաքական հարցերին. սահմանային անվտանգության հարցերը, կարծես թե, ստվերվել են: Հիշեցնենք, որ, բացի ԱԽ անդամներից, այդ նիստին մասնակցել են նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը եւ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը: Ընդգծենք, որ նախկինում, երբ ԱԺ նախագահն Արարատ Միրզոյանն էր, նմանօրինակ նիստերին նա, որպես կանոն, չէր մասնակցում:
Ապրիլի 17-ից սկսած՝ Հայաստանում իրավապահ համակարգը, կարելի է ասել, կաթվածահար վիճակում է: Տպավորություն է, թե ուժայինները մոռացել են իրենց բուն գործերը եւ ըննդիմության ակցիաների հետեւանքով այլ օրակարգի մեջ են հայտնվել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգի ներկայացուցիչները միմյանց հետ զրույցներում դժգոհում են, թե ամբողջ օրը ստիպված են լինում հրատապ խորհրդակցություններ անել: Ինչու՝ որովհետեւ ընդդիմության ակցիաների հետեւանքով տարբեր ստորաբաժանումներում աշխատող պաշտոնյաները ստիպված են զբաղվել ակտիվիստներով, նոր գործեր հարուցել, քննել դրանք, որոշներին հատուկ ուշադրություն սեւեռել, որպեսզի նոր գործ հարուցվի, եւ այլն: Արդյունքում երկրորդ պլան են մղվել մյուս գործերը: Մի շարք փաստաբաններ «Ժողովուրդ» օրաթերթին դժգոհեցին, որ իրավապահների այս գործելաոճի հետեւանքով շատ կալանավորվածների կամ այլ կարգավիճակ ունեցող մեղադրյալների մասով գործերի քննությունները դոփում են տեղում: Չի բացառվում, որ շատ փաստաբաններ աղմուկ բարձրացնեն եւ պահանջեն իրավապահներից քննություն սկսել կամ շարունակել, այլ ոչ թե անվերջ հրատապ խորհրդակցություններ անել:
Երեւանում կայանալիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կազմակերպչական հարցերով, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, «Ֆակտորի փրոդաքշն»-ն է զբաղվում: Թեեւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Ֆակտորի փրոդաքշն» ընկերության հիմնադիրները Վազգեն Պողոսյանն ու Ռուդիկ Տեր-Գալստյանն են, բայց ընկերության ստեղծման, ինչպես նաեւ այժմյան գործունեության մասով ակտիվ դերակատարում ունի Երեւանի նախկին փոխքաղաքապետ, Հանրային հեռուստաընկերության գլխավոր պորդյուսեր Տիգրան Վիրաբյանը: Գյումրու դրամատիկական թատրոնից սրընթաց կերպով Երեւանի քաղաքապետի տեղակալի աթոռին հասած Վիրաբյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում մեր լուրն այսպես մեկնաբանեց. «ՀՀ-ում 100-ավոր ընկերություններ տարբեր օրերի դրամաշնորհներ են շահում, ու, բնականաբար, որեւէ ընկերության հետ կապ չունեմ»: «Մեր տեղեկություններով՝ թեեւ փաստաթղթերում Ձեր ընկերների անուններն են գրանցված, Դուք ընկերության փաստացի հիմնադիրներից ու դերակատարներից եք»,- նկատեցինք մենք: «Ես տասնյակ ընկերներ ունեմ, որոնք տասնյակ ընկերություններ ունեն տարբեր ոլոտներում՝ սննդի, մշակութային սպասարկման եւ այլն: Այդ ընկերները տարբեր ոլորտներում մասնակցում են տարբեր «տենդերների»: Օրենքով արգելվա՞ծ է ընկեր ունենալ, որ կարող է որեւէ տեղ որեւէ տենդերի մասնակցել»,- նշեց նա: Իհարկե, օրենքով ընկերներ ունենալն արգելված չէ, բայցեւ, համաձայնեք, տարօրինակ է, որ «շա՜տ պատահականորեն» պետական նշանակության կարեւորագույն ու «յուղոտ» բոլոր միջոցառումները միշտ նույն՝ Հանրային ՀԸ-ի գլխավոր պրոդյուսերի հետ կապվող ընկերությունն է հաղթում: Օրինակի համար նշենք, որ 2019-ի Ամանորին հենց «Ֆակտորի»-ն է 24 միլիոն դրամով վառել շուրջ 150 հազար դոլարանոց տոնածառի լույսերն ու ապահովել այդ օրվա տոնական երեկոն: 2018-ին էլ «Ֆատկորի»-ին է վստահվել Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կազմակերպումը, 2019-ին «Ֆակտորի փրոդաքշն»-ն է կազմակերպել Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումները: Եվ այստեղ, ինչպես կասեր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, «բա կոռուպցիան պոզով-պոչո՞վ է լինում»: