Պաշտոնական Երեւանը հույս ունի, որ ինչ-որ պահի Հայաստանն ու Ադրբեջանը կգան ընդհանուր հայտարարի խաղաղության օրակարգի շուրջ։ Այդ մասին երեկ՝ կառավարության նիստից հետո, հայտարարեց անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ շեշտելով՝ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել։
Գրիգորյանը վերահաստատեց Երեւանի դիրքորոշումը՝ Ադրբեջանի եւ Հայաստանի առաջարկած փաթեթները պետք է միացնել եւ դրա արդյունքում սկսել բանակցություններ խաղաղության օրակարգի շուրջ։
Հարցն, ըստ ԱԽ քարտուղարի, բարձրացվել է նաեւ Բրյուսելում, Ադրբեջանի կողմից էլ եղել է ընկալում, որ պետք է առաջ շարժվել։
«Այդ երկկողմ տրամաբանության մեջ պետք է ներառվի այդ երկու առաջարկների փաթեթը, որը պետք է միացնել եւ այդ օրակարգով առաջ շարժվել», – նշեց Գրիգորյանը՝ ընդգծելով՝ կշարունակեն աշխատել, որպեսզի կարողանան արդյունքի հասնել։
Ապրիլի 6-ին՝ Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում, Երեւանը նաեւ առձեռն Բաքվին է փոխանցել 6-կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաեւ Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության եւ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը
Երեկ Բրյուսելում, պատասխանելով «Ազատության» հարցին, Հայստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ասել էր, որ Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաեւ Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու Երեւանի առաջարկը, մինչդեռ մոտ մեկ ամիս առաջ հենց Բրյուսելում Հայաստանի ու Ադբեջանի առաջնորդները պայմանավորվել էին արագորեն առաջ շարժվել խաղաղության պայմանագիր կնքելու ուղղությամբ եւ այն նախապատրաստելու հանձնարարական տվել իրենց արտգործնախարարներին։
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքում է շրջանառվող տեղեկությունները, թե, իբր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվա վերջին այցի շրջանակում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաջնորդներից աջակցություն է խնդրել՝ Հայաստանում ընդդիմության ցույցերի, անհնազանդության ակցիաների հետ կապված:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում, անդրադառնալով հարցին, մասնավորապես ասել է. «Վարչապետի մասին կեղծ լուրերի տարափը վերջին շրջանում ահագնացել է նաեւ միջազգային մակարդակում, եւ, բնականաբար, այդ լուրը եւս կեղծ է: Ուզում եմ արձանագրել, որ վարչապետ Փաշինյանը Հայաստանի ներքաղաքական բոլոր հարցերում միշտ էլ ապավինել է հայ ժողովրդի կամքին: Նույնիսկ նոյեմբերի 9-ից հետո ստեղծած լուրջ ճգնաժամի ժամանակ նա ապավինել է միայն ժողովրդի կամքին, եւ ճգնաժամին լուծումը տեսել է ներքաղաքական ինստիտուցիոնալ կարողությունների շրջանակում»:
Իսկ ինչ վերաբերում է ընդդիմադիրների անհնազանդության գործողություններին, ԱԽ քարտուղարը շեշտեց՝ ցույցերի կազմակերպիչներն ավելի քան մեկ ամիս իրացնում են բողոքի ցույցեր անցկացնելու իրենց իրավունքը, իսկ օրենքի եւ օրինականության շրջանակներում դրանց անցկացման վերահսկողությունն իրականացնում է ՀՀ ոստիկանությունը:
«Ակնհայտ է, որ ընդդիմության կազմակերպած բողոքի ակցիաները չեն ստացել հանրության աջակցությունը: Բնականաբար, բողոքի ակցիաների հանգուցալուծումը մենք բացառապես տեսնում ենք Հայաստանի ներքաղաքական ինստիտուցիոնալ միջոցներով»,- ասաց Գրիգորյանը: Արմեն Գրիգորյանը նաեւ տեղեկացրեց, որ ՀՀ վարչապետի հրամանագրով գործում է աշխատանքային խումբ, որը Հայաստանի ներսում համակարգում է բիոանվտանգության ոլորտը: Այդ աշխատանքային խումբը համակարգում է անվտանգության խորհրդի քարտուղարը:
«Աշխատանքային խումբն ինտենսիվ աշխատում է մեր բոլոր միջազգային գործընկերների հետ: Աշխատանքային խմբի համակարգմամբ ժամանակին Ռուսաստանից մասնագետներ են այցելել Հայաստան, եւ այդ մասնագետների կողմից բարձրացված բոլոր հարցերին հայկական կողմը տվել է սպառիչ պատասխաններ»,- ասաց Գրիգորյանը:
ԱԽ քարտուղարի վստահեցմամբ՝ Հայաստանի բոլոր լաբորատորիաներում աշխատում են միայն ՀՀ քաղաքացիներ: «Այդ լաբորատորիաները գործում են Հայաստանի օրենսդրության համաձայն եւ միտված են սպասարկելու միայն Հայաստանի շահերը: Բացի այդ, կենսաբանական անվտանգությանը վերաբերող հարցերը մշտապես եղել են Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի գրասենյակների համագործակցության օրակարգում, եւ մեր ռուս գործընկերների կողմից բարձրացվող բոլոր հարցերը մշտապես ստացել են սպառիչ պատասխաններ»,-ասաց նա:
Գրիգորյանը հայտնեց, որ վերջերս նաեւ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանն է եղել Մոսկվայում, որտեղ միջգերատեսչական հանձնաժողովի հետ քննարկել է գոյություն ունեցող բոլոր հարցերը: «Հայկական կողմը տվել է բոլոր հարցերին սպառիչ պատասխան: Նաեւ այդ աշխատանքային խումբը քննարկել է Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ բիոանվտանգության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցեր»,-ասաց Գրիգորյանը:
ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
ՆՎԵՐ՝ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ
Ռուսաստանի Դաշնությունը գույք է նվիրել Հայաստանի Հանրապետության կառավարությանը: ArmLur.am-ը տեղեկացավ, որ համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է կառավարության երեկվա նիստում: Նշվում է, որ գույքը փոխանցվել է որպես հումանիտար օգնություն եւ կամրացվի Արտակարգ իրավիճակների նախարարությանը: Թե կոնկրետ ինչ գույք է փոխանցվել ՀՀ-ին, հայտնի չէ, սակայն նախագծում նշվում է, թե նախագծի ընդունումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրից: Դրույթը ներառված է ծրագրի՝ «Անվտանգություն եւ արտաքին քաղաքականություն» գլխի «Աղետներին դիմակայունության բարձրացումը» վերնագրում: Անվտանգության ապահովման հիմնական գործոններից է լինելու աղետների ռիսկի կառավարման ճկուն ու գործուն համակարգը, որի ներդրման շնորհիվ կունենանք պաշտպանված բնակչություն, տնտեսություն, տարածքներ, ենթակառուցվածքներ, մշակութային ու բնապահպանական օբյեկտներ:
ԶԱԽԱՐՈՎԱՆ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
ՌԴ ԱԳ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Արցախի՝ Ադրբեջանի զինված ուժերի կողմից օկուպացված հատվածներում հայկական մշակութային ու եկեղեցական հուշարձաններն ադրբեջանցիների կողմից վանդալիզմի ենթարկելու դեպքերը։ «Վերջերս սոցիալական ցանցերում հրապարակվեցին թարմ լուսանկարներ Հադրութի Սուրբ Հարության տաճարից, որն այժմ գտնվում է ադրբեջանական կողմի վերահսկողության ներքո։ Լուսանկարներում երեւում է, որ խաչն ապամոնտաժվել է, իսկ մակագրությունները ջնջվել են։ Ինչպե՞ս եք գնահատում Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային եւ կրոնական հուշարձանների նկատմամբ վանդալիզմի գործողությունները»,-հարցրել են ՌԴ ԱԳՆ ներկայացուցչին։ «Այդ տեսանյութի վերաբերյալ ես տեղեկատվություն չունեմ։ Մեկ անգամ չէ, որ այս հարցը շեշտել են Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մենք կողմերին կոչ ենք անում պահպանել տարածաշրջանի մշակութային եւ պատմական ժառանգությունը միջազգային մասնագիտացված կառույցների, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներգրավմամբ»,-ասել է Զախարովան։
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏ
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստորագրել Գեղամ Փաշիկյանին զինված ուժերի ռազմաբժշկական վարչության պետ նշանակելու մասին:
Ի՞ՆՉ ԿԼԻՆԻ
Այս օրերին, երբ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ցույցեր ու բողոքի ակցիաներ են կազմակերպվում Երեւանի փողոցներում, Ադրբեջանը մեծ արագությամբ ու թափով շարունակում է Բերձոր-Աղավնո ճանապարհին փոխարինող նոր ճանապարհի կառուցումը: Հայաստանն Արցախի հետ կապող նոր ճանապարհը կսկսվի Գորիսի Կոռնիձոր գյուղից, կանցնի արցախյան Հին շեն եւ Մեծ շեն գյուղերով, ապա կմիանա Եղցահող ու Լիսագոր ավտոճանապարհին: 32 կմ երկարությամբ ճանապարհն, ըստ երեւույթին, ռուս խաղաղապահները կհսկեն, այստեղով կանցնի նաեւ Հայաստանից դեպի Արցախ գնացող գազատարը: «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի համար պարզ չէ, թե հայկական ու ադրբեջանական կողմերը նոր ճանապարհի կառուցման նախագծի մասով քննարկումներ ունեցել են, թե ոչ: «Համենայնդեպս, նման քննարկման մասին հրապարակային որեւէ հայտարարություն չի եղել»,- ասում է ռազմական փորձագետն ու ուշադրություն հրավիրում ադրբեջանական կողմի շտապողականության վրա: Աղավնոյի գյուղապետ Անդրանիկ Չաուշյանը, որ մեզ հետ զրույցի պահին համագյուղացիների հետ գյուղի եկեղեցու բակում Աղավնոյի ազատագրման 30-ամյակն էր տոնում, վստահեցրեց՝ գյուղի հետագա ճակատագրի մասին պատկան որեւէ մարմին իրենց ոչինչ չի չասել:
ԴԱԴԱՐԵՑՎԵԼ ԵՆ
«Դեպքը մայիսի 12-ի գիշերն է եղել: Իրականում ոչ ոք թատրոն չի մտել, գողությունը դրսից են կատարել. արտաքին պատերին ամրացված համակարգերն են տարել»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի պետական կամերային թատրոնի ժամանակավոր պաշտոնակատար Լուսինե Երնջակյանը: «Կամերային թատրոնի օդորակիչները գողացել են: Ով եւ ինչպես՝ դեռեւս հայտնի չէ, բայց դա շատ է բարդացնում մեր աշխատանքը: Դահլիճում, այն էլ՝ լիքը հանդիսատեսով, հնարավոր չէ ներկայացում խաղալ: Մենք ստիպված ենք ժամանակավոր դադար վերցնել, լուծել բոլոր խնդիրները եւ վերադառնալ: Մայիսի 20-ից սկսած՝ բոլոր ներկայացումներն անժամկետ հետաձգվում են». այսպիսի հայտարարությամբ էր հանդես եկել Երեւանի պետական կամերային թատրոնն իր ֆեյսբուքյան էջում։ Լուսինե Երնջակյանի խոսքով՝ որոշել են մայիսի 20-ից հետո անժամկետ դադարեցնել ներկայացումները, նույնիսկ հունիս ամսվա խաղացանկը դեռ չեն ներկայացրել, քանի որ օդի ջերմաստիճանն օր օրի բարձրանում է, իրենց դահլիճն էլ փոքր է, հնարավոր չէ առանց օդափոխության այնտեղ հանդիսատես ընդունել: