ՍԽԱԼ ՀՐԱՄԱՆՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արա  Խլոյանի՝ 2021 թվականի հունիսի 25-ի հրամանով՝ Արտակ Հարությունյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ, նա ազատվել է ազգային պարկի «Դիլիջան տեղամաս»  մասնաճյուղի պետի պաշտոնից։ Վերջինս դիմել է դատարան, քաղաքացիական հայցն ընդունվել է վարույթ, կայացել է դատաքննություն։

 

2022 թվականի ապրիլի 27-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սարգիս Արմենակյանը վճռել է Ա. Հարությունյանի հայցը բավարարել, անվավեր ճանաչել  Ա. Խլոյանի 2021 թվականի հունիսի 25-ի թիվ 258-Ա հրամանը՝ «Դիլիջան տեղամաս» մասնաճյուղի պետ Ա. Հարությանյանի նկատմամբ կարգապահական տույժ կիրառելու եւ նրան աշխատանքից ազատելու մասին, Ա. Հարությունյանին վերականգել իր նախկին աշխատանքում, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Հարությունյանի բռնագանձել միջին աշխատավարձը՝ հաշվարկը կատարելով հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝ 2021թ. հունիսի 25-ից մինչեւ վերջինիս իր նախկին աշխատանքում վերականգնելու օրն ընկած ամբողջ ժամանակահատվածի համար,  «Դիլիջան ազգային պարկ»  ՊՈԱԿ-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե բռնագանձել 4000 դրամ, ինչպես նաեւ դատարանի վճռով  հաշվարկվող գումարի երկու տոկոսը՝ որպես վճարման ենթակա պետական տուրքի գումարներ։ Ազգային պարկի տնօրենի ԺՊ Արմեն Ղազարյանը, չսպասելով, որ անցնի մեկամսյա ժամկետը, եւ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնի, օրերս հրաման է տվել Ա. Հարությունյանին վերականգնել իր նախկին աշխատանքում։

Ազգային պարկից հայտնում են՝ ազգային պարկի իրավաբանը համարել է, որ դատարանի վճիռը բողոքարկելու իմաստ չկա, վերաքննիչ դատարանում հաղթելու շանս գոյություն չունի, իսկ յուրաքանչյուր օրվա համար ՊՈԱԿ-ը պետք է Ա. Հարությունյանին գումար վճարի։ Ազգային պարկը հանիրավի աշխատանքից ազատված աշխատողներին մեծ գումարներ է վճարում։  Ազգային պարկի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Ադամ  Պողոսյանի՝ 2021 թվականի  մարտի 23-ին հրամանով՝ էկոկրթության մասնագետ եւ հանրային կապերի պատասխանատու Անահիտ Ամիրխանյանը  մարտի 24-ին ազատվել է աշխատանքից։

Վերջինս դիմել է դատարան։ Մեկ տարի անց՝ 2022 թվականի արտի 24-ին, դատավոր Նանա Դալլաքյանը վճռել  է քաղաքացիական հայցը բավարարել մասնակի, անվավեր ճանաչել Ա. Ամիրխանյանին աշխատանքից ազատելու մասին 2021 թվականի մարտ 23-ի հրամանը, Ա. Ամիրխանյանի հայցը ընդդեմ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի՝ նախկին աշխատանքում վերականգնվելու, իսկ անհնարինության դեպքում՝ այլ պաշտոնի նշանակվելու պահանջի մասին մերժել, «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Ամիրխանյանի բռնագանձել միջին աշխատավարձի չափով գումար հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար՝  սկսած 2021 թվականի մարտի 24-ից մինչեւ դատարանի վճռի օրինական ուժի մեջ մտնելը, Ա. Ամիրխանյանին աշխատանքում չվերականգնելու դիմաց «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ից հօգուտ Ա. Ամիրխանյանի բռնագանձել նրա միջին աշխատավարձի տասներկուպատիկի չափով գումար, եւ 200 հազար դրամ՝ որպես  փաստաբանի խելամիտ վարձատրության գումար։ Այդ դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

800-ԱՄՅԱ ՎԱՆՔԸ՝ ՎԱՏ ՎԻՃԱԿՈՒՄ

Բերդի տարածաշրջանում գտնվող Խորանաշատ վանքի 800-ամյակն է։ Խորանաշատի Վարդապետարանը  միջնադարյան Հայաստանի  միակ պատմագիտական դպրոցն է, որը հայ մշակույթին եւ հայ եկեղեցուն տվեց երեւելի դեմքեր։ Խորանաշատում ուսուցչապետ Վանական վարդապետը կրթական եւ քարոզչական գործին զուգահեռ շատ մեծ տեղ էր հատկացրել ձեռագրեր օրինակելու գործին, ինքն էլ անձամբ հետեւել է այդ աշխատանքներին։ Հոգեւոր, կրթական, մշակութային կենտրոնը գտնվում է Բերդ համայնքի սահմանամերձ Չինարի գյուղից մեկուկես  կիլոմետր  հեռու՝ ադրբեջանական դիրքերից   մոտ 150 մետր հեռավորությամբ։

Չինարի  բնակավայրի վարչական ղեկավար Սամվել Սաղոյանի փոխանցմամբ՝ վանքի եւ կից վարդապետարանի վիճակը վատ է, պատերի վրա եւ գմբեթին աճում են ծառեր, խոտեր։ Նա ասաց, որ նախկին տարիներին  այդ ծառերը իրենք մաքրում, հեռացնում էին, սակայն այժմ վախենում են, որ  ծառերն արմատախիլ  անելու դեպքում կարող են փլուզումներ լինել։ Վարչական ղեկավարն ասաց, որ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, հուշարձանների ու պատմական միջավայրի  պահպանության բաժնի աշխատողները պարբերաբար այցելում են Խորանաշատ։ Խորոնաշատի հոբելյանի կապակցությամբ սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ երկու  երիտասարդ, շնորհալի քույրեր փոքր վճարով Խորանաշատի պատկերով զարդարված սպիտակ շապիկներ  են  վաճառում մատչելի  գնով։

 

 

ԳՈՐԾԱՐԱՆԻՆ ԴԱՏԻ Է ՏՎԵԼ

«Հիտեքս Պլաստիկ» ՓԲԸ-ն 2021 թվականի նոյեմբերի 15-ին գումարի բռանգանձման պահանջով Տավուշի մարզի առաջին ատյանի դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ի։ 2022թ. հունվարի 10-ին, Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ,  դիմումն ընդունվել է վարույթ, դատարանի նույն օրվա մեկ այլ որոշմամբ մերժվել է հայցի ապահովման միջոց կիրառելու մասին հայցվորի միջնորդությունը։ 2022թ.-ի ապրիլի 28-ին Դիլիջան քաղաքում կայացած դռնբաց նախնական դատական նիստում դատավոր Աշոտ Ջավախյանը որոշել է սույն քաղաքացիական գործով կայացնել ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում, գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի  մեջ նշել «Հիտեքս Պլաստիկ» ՓԲԸ-ի եւ  «Դիլիջան ջուր» ՍՊԸ-ի միջեւ  պարտավորական հարաբերությունների փաստի առկայությունը, համաձայն որի՝ «Հիտեքս Պլաստիկ»   ՓԲԸ-ն   «Դիլիջան ջուր»  ՍՊԸ-ին մատակարարել է 3 միլիոն 156 հազար 81 դրամ արժողությամբ պրեֆորմաներ (նախակաղապարներ), առկա է ստանձնած պարտավորությունների պատշաճ կերպով չկատարելու փաստը, որոնց հանրագումարը հայցադիմումը ներկայացնելու  օրվա դրութամբ կազմում է  3 միլիոն 10 հազար 102 դրամ, որից 2 միլիոն 856 հազար 81 դրամը՝ որպես հիմնական պարտքի չվճարված մաս, 154 ազար 21 դրամը՝ որպես հաշվարկված տոկոսներ։ Դատավորը գործին մասնակից անձանց կողմից ապացույցներ եւ դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ դատարան ներկայացնելու համար ժամկետ է սահմանել մինչեւ 2022թ. հունիսի 16-ը։

Ո. ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԵՆ ՔՆՆԱՐԿԵԼ

Թուրքիայի արտգործնախարարը հայտնել է, որ այլ հարցերի հետ միասին հանդիպման օրակարգում եղել է նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը եւ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։ «Քննարկել ենք Ուկրաինայում իրավիճակը, Հայաստանի հետ կարգավորումը, Սիրիայի եւ այլ տարածաշրջաններում խնդիրները»,- ասել է Չավուշօղլուն։  Քննարկվել են ԱՄՆ-Թուրքիա երկկողմ հարաբերությունների օրակարգում եղած թեմաները, այդ թվում՝ պաշտպանության, ահաբեկչության դեմ պայքարի, էներգետիկայի եւ սննդի անվտանգության, կլիմայի փոփոխության դեմ պայքարի եւ այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման վերաբերյալ հարցեր։

Հիշեցնենք, որ Երեւանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, եւ երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին` Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։ Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների միջեւ արդեն երեք հանդիպում է տեղի ունեցել։

 

 

 

10 ՏՈԿՈՍ ՀԵՏՎՃԱՐ

Կառավարությունը մայիսի 18-ի նիստին որոշում ընդունեց՝ 2022 թվականի հուլիսի 1-ից կենսաթոշակը կամ նպաստն անկանխիկ եղանակով ստացող այն քաղաքացիները, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում գործող առեւտրի կետերում եւ ծառայություններ մատուցող կազմակերպություններում վճարային քարտերով ու վճարում ընդունող սարքերով կկատարեն գործարքներ, հաջորդ ամիս կստանան 10%-ի չափով հետվճար։ Հետվճարի մեխանիզմը կգործի նաեւ կոմունալ վճարումների դեպքում, եթե դրանք կատարվեն կենսաթոշակային քարտը թողարկած բանկի բանկոմատների միջոցով։

Տրամադրվող հետվճարը կձեւավորվի հետեւյալ համամասնությամբ՝ պետություն՝ 5%, համագործակցող բանկ՝ 5%: Անկախ կատարած գործարքների չափից՝ հետվճարի գումարը չի կարող գերազանցել 5,000 դրամը։




Լրահոս