Լուսանկարն արվել է Երեւանում
Երեկ ահազանգ է եղել, որ «Հաղթանակ» զբոսայգում տրակտորով ծառերի սպանդ է իրականացվում:
Պարզվել է, որ «Հաղթանակ» զբոսայգու լճի հատվածում գտնվող կիսակառույց շինության տարածքում ոչ թե ծառերի սպանդ է իրականացվում, ինչի համար բնակիչները անհանգստացել էին, այլ այգու կանաչապատման պատասխանատուները տրակտորով հեռացնում են կիսակառույց շինությանը հարակից, տարիներով կուտակված շինաղբն ու բետոնե, դարն ապրած պանելներն ու երկաթե ժանգոտ կոնստրուկցիաները:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ու՞ր պետք է դիմել հաշմանդամության կարգավիճակ ստանալու համար:
Լիլիթ Մանուկյան (36 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ եթե անձն ունի առողջական խնդիրներ՝ հաշմանդամության կարգավիճակ ստանալու, ապա նա կարող է դիմել իրեն համապատասխան բուժում կամ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որտեղ անհրաժեշտ ախտորոշիչ, բուժական եւ վերականգնողական միջոցառումների իրականացումից հետո, իսկ տեւական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ` նաեւ բուժման ընթացքում, սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո, անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում նրան կուղեգրի բժշկասոցիալական փորձաքննության՝ տրամադրելով համապատասխան ուղեգիր: Ուղեգրի առկայության դեպքում բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով անձը կարող է գրավոր դիմել իր բնակության վայրը սպասարկող ԲՍՓ հանձնաժողով՝ դիմումին կցելով առողջական վիճակի վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Հաշվառում չունեցող անձինք կարող են ենթարկվել բժշկասոցիալական փորձաքննության` ներկայացնելով տեղեկանք փաստացի բնակության վայրից:
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ինչ կարգով է իրականացվում անվան փոխման պետական գրանցումը:
Անիտա Հարությունյան (38 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ տեղեկացնում ենք, որ անվան փոխման պետական գրանցման հիմքերն են՝
տասնութ տարին լրացած անձն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով փոխելու իր անունը, որը ներառում է անունը, հայրանունը եւ ազգանունը,
տասնվեցից մինչեւ տասնութ տարեկան անձն իր անվան եւ (կամ) ազգանվան փոխման պետական գրանցումը կատարում է ծնողների, որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) գրավոր համաձայնության առկայության դեպքում, իսկ նման համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ՝ բացառությամբ նրա՝ օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչվելու դեպքերի: Տասնվեց տարին չլրացած անձի անվան կամ ազգանվան փոխման պետական գրանցումը կատարվում է ծնողների համատեղ (որդեգրողների կամ խնամակալի (հոգաբարձուի) դիմումի հիման վրա, իսկ համաձայնության բացակայության դեպքում՝ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի որոշմամբ:
Անվան փոխման պետական գրանցման դիմում կարող է ներկայացվել, եթե՝
1) ծնունդը գրանցվել կամ սույն օրենքով սահմանված կարգով վերականգնվել է Հայաստանի Հանրապետության ՔԿԱԳ մարմիններում կամ Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հիմնարկներում,
2) ծնունդը գրանցել է օտարերկրյա պետությունը, եւ Հայաստանի Հանրապետությունն իրավասու է կատարելու անվան փոխում՝ երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:
Դիմումները գործակալություն են ներկայացվում էլեկտրոնային եղանակով կամ սպասարկման կենտրոնների միջոցով:
ՀՀ արդարադատության նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Անվան փոխումը Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցում է ԱՆ Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունը, իսկ օտարերկրյա պետության տարածքում կարող է գրանցել դիվանագիտական ծառայության մարմինը անվան փոխման մասին ակտային գրանցում կատարելու միջոցով: