Երևանում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, 80 կգ քաշային Համբարձում Հակոբյանը մենամարտել է մոլդովացի Դմիտրի Կոստյուկի հետ և 5-0 հաշվով հաղթանակ է տարել:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը:
Մենամարտից հետո հայ բռնցքամարտիկը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին աջակցության համար, իսկ հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանն առանձնացրել է Հակոբյանի կամային բարձր որակները:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ևս մեկնաբանել է Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակը Եվրոպայի առաջնությունում. «Համբարձումը կամային բարձր որակներ և ֆանտաստիկ տրամադրվածություն դրսևորեց: Մրցակիցը բարձրահասակ էր, պետք էր ներքևից աշխատել, բայց առաջին ռաունդում այդպես չարեց ու պարտվեց 2-3 հաշվով: Երկրորդ ռաունդում արդեն կիրառեց շատ գրագետ մարտավարություն, իսկ երրորդ ռաունդում աշխատեց ֆիզիկական պատրաստվածությունը: Իրեն շատ լավ էր զգում, իսկ մոլդովացին հոգնել էր: Կարևորը՝ պատրաստ է և նպատակամղված»:
ԿԳՄՍ նախարարի տեղակալի խոսքով՝ մրցումային երկրորդ օրը վատը չէր. «Մեր հարվածային ուժերը դեռ ռեզերվում են»:
Այսօր Հայաստանն ուներ ևս երկու ներկայացուցիչ` 54 կգ քաշային Ջանիկ Սահակյանը և 71 կգ քաշային Նարեկ Զախարյանը, ովքեր, սակայն, պարտվել են իրենց մեկնարկային մենամարտերում և լքել պայքարը: