Ինչպես հայտնի է, «Ժողովուրդ» օրաթերթը հոդված էր հրապարակել` «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով, որտեղ նշվել էր, որ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը կաշառք է վերցրել Թթուջուրի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչի թափուր տեղում մրցույթի մասնակիցներից մեկին նշանակելու համար:Հիշեցնենք, որ ուսուցչի «պաշտոնը» զբաղեցնելու համար պայքարող Աննա Թորոսյանն ինքն էր «Ժողովուրդ»-ին տեղեկացրել, որ մարզպետ Նվեր Պողոսյանն իր վարորդի միջոցով կաշառք է վերցրել: Նշված հրապարակման մեջ մենք ներկայացրել էինք նաեւ մարզպետի մեկնաբանությունը: Սակայն, ինչպես հայտնի է, Նվեր Պողոսյանը, «վիրավորվելով» հրապարակումից, որոշեց դատի տալ «Ժողովուրդ»-ին:Նաեւ տեղեկացրել էինք, որ ՀՀ գլխավոր դատախազությունից գրություն է ուղարկվել ՀՀ ոստիկանությանը «Ժողովուրդ» օրաթերթի հրապարակման առնչությամբ նյութեր նախապատրաստելու համար: Այսինքն` Նվեր Պողոսյանի` կաշառք վերցնելու պատմությունը քննվում է նաեւ իրավական այդ ատյանում: Երեկ «Ժողովուրդ»-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ նյութերի նախապատրաստման աշխատանքները շարունակվում են: Այդ ընթացքում ոստիկանություն են հրավիրվել Աննա Թորոսյանն իր ամուսնու հետ, ինչպես նաեւ (ըստ Աննա Թորոսյանի) կաշառք տվող ուսուցիչը` Արթուր Մխիթարյանը: Սակայն տարօրինակ է, որ մարզպետ Նվեր Պողոսյանը եւ նրա վարորդը, ով մեղադրվում էր կաշառքը մարզպետին փոխանցելու մեջ, մինչ օրս չեն հրավիրվել ոստիկանություն: Մինչդեռ ակնհայտ է, որ գործը բազմակողմանի ուսումնասիրելու համար պարտադիր է, որ ոստիկանություն հրավիրվեն նաեւ ԲՀԿ-ական մարզպետն ու իր վարորդը: Ի դեպ նշենք, որ ոստիկանությունը բոլոր տեղեկությունները պարտաճանաչորեն զեկուցում է մարզի դատախազին:Նկատենք նաեւ, որ Նվեր Պողոսյանը նախկին ոստիկան է, ու երեւի դա է պատճառը, որ մարզպետին չեն հրավիրում բաժանմունք: Բայց դա մեզ չի խանգարում հետամուտ լինել պարզելու, թե ինչու այս պատմության կենտրոնական դեմքը` մարզպետը, ոստիկանության ուշադրությունում չի հայտնվում:Երեկ մենք տեղեկացանք, որ ԲՀԿ-ական Նվեր Պողոսյանն իր կուսակից ընկերների շրջանակում «ելույթ» է ունեցել եւ նշել, թե ինքը վստահ է, որ «Ժողովուրդ»-ն իրենից ներողություն է խնդրելու, ուստի հետամուտ է լինելու դատական գործընթացին, որպեսզի թերթն իրեն վճարի այդ միլիոնները:Մենք փորձեցինք այդ տեղեկությունը ճշտել հենց մարզպետից, սակայն նա մեր հեռախոսազանգերին համառորեն չէր պատասխանում: Անգամ հաղորդագրություն ուղարկեցինք` տեղեկացնելով, որ հարց ունենք ճշտելու, բայց պարոնն այդպես էլ չարձագանքեց: Ուստի, եթե նա չի ցանկանում պարզաբանել իր հետ կապված հարցերը, իսկ մարզպետարանի աշխատակիցներն էլ իրավասու չեն պատասխանել դրանց, ապա մենք մեզ իրավունք ենք վերապահում այդ հարցերին անդրադառնալ առանց նրա մեկնաբանության: Մանավանդ, որ մարզպետը սովորություն ունի «Ժողովուրդ»-ում տպագրված հոդվածի կապակցությամբ այլ լրատվամիջոցում հանդես գալ «ճոռոմ» խոսքերով:Վերջում հավելենք, որ անպայման հետեւելու ենք հետագա զարգացումներին:ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ՄԱՐԶՊԵՏԻ ԳՈՐԾՈՎ ՀԵՏԱՄՈՒՏ ԵՆՔ ԼԻՆԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ