«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Օրերս՝ մայիսի 24-ին, հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաեւի հանդիպումը: Նրանք, նշենք, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան վերջին այցի հայտարարության, սահմանազատման ու սահմանագծման աշխատանքների մեկնարկը պետք է տան:
Սակայն մինչեւ սահմանների գծումն ու դրանց հաստատումը հիշենք, թե տարիուկես առաջ Նիկոլ Փաշինյանն ադրբեջանցիների՝ Սյունիք ներխուժելու մասին ինչպես էր արտահայտվում: Այսպես, 2020-ի դեկտեմբերի 24-ի կառավարության նիստի ժամանակ նա վստահեցնում էր. «Ուզում եմ կրկնել, որ Սյունիքի եւ, ընդհանրապես, ՀՀ-ի միջազգայնորեն ընդունված, ճանաչված տարածքից ոչ մի միլիմետր զիջման մասին խոսք չի եղել եւ չի կարող լինել, մյուս կողմից՝ սա չի նշանակում, թե այս պրոցեսները պետք է համարել սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա. դրանք բոլորովին տարբեր հարցեր են: Այս փուլում տեղի է ունենում սահմանային որոշակի կետերի տեղորոշում, որի օպերատիվ նպատակն անվտանգության ապահովումն է»:
Դրանից օրեր առաջ, սակայն, 2020-ի դեկտեմբերի 18-ին անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարում էր, թե երկու երկրները ոչ միայն Սյունիքում, այլեւ հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում դեմարկացիա ու դելիմիտացիա են իրականացնում: «Սահմանազատում է կատարվում, եւ այն կատարվում է որոշակի փաստաթղթային հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ զուտ դեմարկացիան ունի փաստաթղթային հիմք, եւ հենց փաստաթղթով էլ մենք շարժվում ենք»,- ասում էր նա:
Փաստորեն, դեռ տարիուկես առաջ կառավարական կաբինետի անդամները, մեկը մյուսից անտեղյակ, մե՛կ հայտարարում էին, թե սահմանազատում ու սահմանագծում չի կատարվում, մե՛կ հակառակ պնդումն էին անում: Իրականում, սակայն, նրանք մոլորեցնում ու հերթական անգամ խաբում էին հանրությանը:
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում