Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետ Փաշինյանը, մինչ օրակարգի քննարկմանն անցնելը, հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացվում է ստորև.
«Կառավարության նիստի հարգելի մասնակիցներ,
Սիրելի հայրենակիցներ,
Կարևոր լուր ունեմ ձեզ փոխանցելու:
2022 թվականի մայիսի 25-ին, Երևանի ժամանակով ժամը 22.35-ին, Ամերիկայի Միացյալ Նահանգների Կանավերըլ հրվանդանում գտնվող տիեզերակայանից SpaceX ընկերության տիեզերանավով Երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը: Սա տեղի է ունեցել հայկական պետական «Գեոկոսմոս» ՓԲԸ-ի և իսպանական «Սանտլանտիս» ընկերության համագործակցության արդյունքում:
Տեղի ունեցածի նշանակությունը հնարավոր չէ գերագնահատել: Սրանով Հայաստանի Հանրապետությունը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան, և մենք հույս ունենք, որ այս ոլորտում մեր ունեցած հարուստ ավանդույթները կվերականգնվեն: Նկատի ունեմ Հայաստանում երկար տարիներ գոյություն ունեցած տիեզերական գիտաարտադրական ոլորտը: Այս համատեքստում ուզում եմ ընդգծել, որ մեր առաջնահերթ նպատակներից մեկը տիեզերական տեխնոլոգիաների տեղայնացումն է Հայաստանի Հանրապետությունում, ինչպես նաև
տիեզերական սարքերի արտադրության կազմակերպումը:
Առաջիկայում՝ ավելի կոնկրետ 2022 թվականին, մինչև 2023 թվականի վերջը, Հայաստանի Հանրապետությունում կստեղծվի արբանյակի կառավարման կենտրոն և ընդունիչ կայան, որի շուրջ կձևավորվի մասնագետների գիտագործնական թիմ: Կառավարման կենտրոնի գլխավոր գործառույթներից են արբանյակի կառավարումը և տիեզերալուսանկարների ստացումը: Պլանավորվում է, որ ընդունիչ կայանը արբանյակային տվյալների ստացման և փոխանցման ծառայություններ կմատուցի նաև արբանյակների այլ օպերատորների համար:
Արբանյակի կողմից արված լուսանկարները Հայաստանում կօգտագործվեն սահմանների հսկողության, արտակարգ իրավիճակների կանխարգելման և կառավարման, շրջակա միջավայրի պահպանության, ներառյալ կլիմայական փոփոխությունների մոնիթորինգի, քաղաքաշինության, ճանապարհաշինության, երկրագիտության և այլ ոլորտներում։
Տիեզերական տեխնոլոգիաները՝ արբանյակներ, ընդունող կայաններ, արբանյակների վրա տեղադրվող սկանավորման, տեսադիտարկման, կապի և այլ համակարգեր, համարվում են համաշխարհային տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից մեկը։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ Անվտանգության խորհրդի գրասենյակի և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից մշակվել և 2020 թվականի մարտի 6-ին Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, որը համապատասխան կառավարության որոշումների փաթեթի հետ միասին սահմանում է տիեզերական գործունեության
կանոններն ու տեխնիկական կանոնակարգերը, ինչպես նաև անվտանգության ստանդարտները, լիցենզավորման,
թողարկման, կառավարման կարգերը։ Օրենսդրական այս փաթեթով նաև հարկային արտոնություն է տրամադրվել ոլորտում աշխատող լիցենզավորված ընկերություններին։
Այս համատեքստում ցանկանում եմ խոսել ևս մեկ կարևոր իրադարձության մասին, որը սերտորեն կապված է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում մեր քայլերի հետ։
Սույն թվականի սեպտեմբերի 5-10-ը Հայաստանը հյուրընկալելու է աշխարհում հայտնի STARMUS VI (Սթարմյուզ 6) գիտատեխնոլոգիական փառատոնը, որին կմասնակցեն տիեզերագնացներ ամբողջ աշխարհից, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականներ, աստղաֆիզիկոսներ, արվեստագետներ և երաժիշտներ։ Հայաստանը հնարավորություն կունենա աշխարհին ներկայանալու հարուստ գիտական և տեխնոլոգիական նորարարությունների պատմությամբ, հնարավորություններով և ապագայի տեսլականով։
Ամփոփելով արբանյակի թողարկման, բացթողնման թեման՝ ասեմ, որ երեկ հրթիռի արձակման վայրում ներկա են գտնվել ՀՀ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը: Հայաստանի Հանրապետության առաջին արբանյակի արձակման շուրջ բոլոր որոշումները կայացվել են գաղտնիության պայմաններում, և այս է պատճառը, որ նախնական որևէ տեղեկատվություն չի հրապարակվել: Գաղտնիության հետ կապված որոշումները կայացրել ենք ինչ- ինչ նկատառումներից ելնելով: Կատարված աշխատանքը, ահա, տվել է կոնկրետ արդյունք, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս»: