Ղազախստանը բարձրացնում է ՀԱՊԿ-ն ՄԱԿ-ի խաղաղարար գործունեությանը ներգրավելու հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) երեսուն տարվա ընթացքում հաստատվել է որպես բազմակողմ համագործակցության գործուն մեխանիզմ, որը հետագա զարգացման շատ լուրջ ներուժ ունի: «Արմենպրես»-ի թղթակիցը հաղորդում է, որ այդ մասին Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 30-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի ընթացքում հայտարարեց Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևը՝ շնորհավորելով գործընկերներին կարևոր տարեդարձի կապակցությամբ:

«Արդի պայմաններում մեծ նշանակություն է տրվում միջազգային անվտանգության և կայունության ապահովման հարցերին: Դա շատ արդիական խնդիր է այդ թվում Ղազախստանի և Կենտրոնական Ասիայի համար: Այս իմաստով ՀԱՊԿ-ը մեր տարածաշրջանում փոխգործակցության և անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքի համակարգման կարևոր գործիքներից մեկն է», – արձանագրեց Ղազախստանի դեսպանը:

Խոսելով ՀԱՊԿ-ի 30-ամյա գործունեության և ձեռքբերումների մասին դեսպան Իմանբաևը հիշեցրեց, որ կազմակերպության գլխավոր առաջադրանքներից են խաղաղության, միջազգային ու տարածաշրջանային անվտանգության և կայունության ամրապնդումը, անդամ պետությունների անկախության, տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանությունը հավաքական սկզբունքի հիման վրա: Այս համատեքստում ղազախ դիվանագետը գոհունակությամբ շեշտեց ՀԱՊԿ-ի մշտական աշխատանքային մարմինների, սերտ համագործակցության զանազան ձևաչափերի արդյունավետ գործունեության, ինչպես նաև պաշտպանական, իրավապահ և կազմակերպության խաղաղարար և խաղաղապահ ներուժի ամրապնդման փաստը:

«Ընդհանուր առմամբ, Ղազախստանի Հանրապետությունը հանդես է գալիս այնպիսի պայմանների ստեղծման օգտին, որոնք թույլ են տալիս միջազգային իրավունքի հիման վրա հակազդել նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին և լուծել առաջացող վտանգների վաղ նախազգուշացման ու կանխարգելման խնդիրները՝ վերացնելով դրանց հիմքում ընկած հիմնարար պատճառները», – հավելեց դեսպանը:

Ղազախստանը հատուկ ուշադրություն է դարձնում միջազգային ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը հակազդելու, թմրանյութերի և զենքի ապօրինի շրջանառության, անօրինական միգրացիայի խնդիրներին, այդ թվում՝ Աֆղանստանի զարգացումների համատեքստում: Այս տեսակետից Ղազախստանի դեսպանը ուշադրություն հրավիրեց վերջին մեկ տարվա ընթացքում Աֆղանստանում ստեղծված իրադրության և դրանից բխող հնարավոր սպառնալիքների վրա: Դեսպան Իմանբաևի խոսքով՝ զինյալ խմբավորումների չնվազող ակտիվությունը Աֆղանստանի տարածքում առաջվա պես սպառնում է ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգությանն ու կայունությանը:

«Այդ կապակցությամբ մենք համոզված ենք, որ ՀԱՊԿ մասնակից երկրները պետք է հաշվի առնեն նշված խնդրից բխող բոլոր հնարավոր սպառնալիքները և էլ ավելի մեծ ուշադրություն հատկացնեն Կենտրոնական Ասիայի հարավային սահմանների անվտանգության ապահովմանը», – հավելեց Բոլատ Իմանբաևը:

ՀԱՊԿ-ի մյուս կարևոր առաջնահերթությունը, որի վրա ուշադրություն հրավիրեց Ղազախստանի դեսպանը, կազմակերպության խաղաղապահ ուժերի ներուժի ամրապնդումն է:

Տեղին է, իհարկե, հիշեցնել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը առաջին անգամ գործնականում ցույց տվեց իր ներուժը այս ոլորտում 2022 թ. հունվարին Ղազախստանում տեղի ունեցած ներքաղաքական ցնցումների ժամանակ: Եվ այժմ կազմակերպության անդամ Ղազախստանը, ըստ դեսպան Իմանբաևի, կարծում է, որ արդեն ժամանակն է բարձրացնել ՀԱՊԿ-ը Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) խաղաղարար գործունեությանը ներգրավելու հարցը:

«Տվյալ քայլը կամրապնդի ՀԱՊԿ-ի իրավասուբյեկտայնությունը, կապահովի խաղաղության աջակցման և պահպանման միջազգային գործողություններին կազմակերպության մասնակցության պրակտիկան: Այս ուղղությունը նաև համապատասխանում է ընթացիկ տարում կազմակերպությունում Հայաստանի նախագահության առաջնահերթություններից մեկին՝ անդամ պետության, որն ակտիվորեն առաջ է մղում ՀԱՊԿ-ի միջազգային համագործակցությունը ՄԱԿ-ի և միջազգային այլ կազմակերպությունների ու կառույցների հետ», – հայտարարեց դեսպան Իմանբաևը:

Ուշագրավ է, որ հենց Ղազախստանի նախաձեռնությամբ է հիմնվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի՝ խաղաղարարության զարգացման հարցերով հատուկ ներկայացուցչի ինստիտուտը:

Ղազախստանի դեսպանը նաև հաղորդեց, որ այս տարվա ընթացքում՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի Հանրապետության նախագահության շրջանակում ծրագրված են բազմաթիվ միջազգային միջոցառումներ, որոնք պետք է տեղի ունենան Երևանում, այդ թվում՝ հունիսին տեղի է ունենալու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը: Նախատեսված են նաև ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործոց նախարարների խորհրդի և ՀԱՊԿ անդամ պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների խորհրդի նիստերը:




Լրահոս