ԴԱՏԱՎՈՐԸ ԲԱՆԱԿՈՒՄ ՉԻ ԾԱՌԱՅԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի հրամանով Սարգիս Սերգոյի Երիցյանը նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Ճիշտ է, Սերգո Երիցյանն ամեն ինչ անում էր, որպեսզի որդին Երեւանում տեղավորվի աշխատանքի, ասենք` Արաբկիրում աշխատի որպես դատավոր, սակայն ստացվեց այնպես, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց Ռուբեն Բունիաթյանը, իսկ Սերգոյի տղային բաժին ընկավ հայրենի Լոռին: Գուցե այստեղ անգամ ավելի լավ է, քան Երեւանում, որովհետեւ այստեղ բազմաթիվ «յուղոտ» քրեական գործեր են լսվում: Էլ չենք ասում այն մասին, որ հայր Երիցյանն էլ հիմնադրել ու ղեկավարում է «Լոռվա ձոր» հասարակական կազմակերպությունը, որի հանդեպ անտարբեր չէ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը: Ճիշտ է, նախագահի հրամանագրով Նարեկ Աղվանի Հովսեփյանը դատավորի պաշտոն չստացավ, բայց հավանաբար Գառնիկիչը հայրական հոգածություն կտածի Սարգիս Սերգոյիչի հանդեպ: Հնարավոր է, որ Սարգսի գործերը մի քիչ լավ չգնան այն պատճառով, որ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի որդի Աղասիկը եւս նշանակում չստացավ, բայց դե հիմա ո՞վ կհանդգնի խանգարել Սերգո Երիցյանի որդուն, մանավանդ, որ այս նշանակումը չափազանց հավանական է դարձնում Լեզվի պետական տեսչության պետի ժամանակավոր պաշտոնակատարի` ԱԺ պատգամավոր դառնալը հայրենի Լոռուց: Սարգիս Երիցյանը դատավոր նշանակվածների մեջ ամենաերիտասարդն է, ծնվել է 1983-ին, 2003-ին, երբ հայրը կրթության եւ գիտության նախարարն էր, ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ու նախարար հոր հրահանգով դարձել մագիստրանտ: Նույն` 2003-ին մագիստրատուրա ընդունվելիս տապալվեցին համալսարանի մի քանի շնորհալի շրջանավարտներ, սակայն նախարարի որդու համար բոլոր դռները բաց էին: Այն էլ այնպիսի որդու, որն այդ ժամանակ «Օրինաց երկրի» երիտասարդական թեւի առաջնորդներից էր: Բակալավրի աստիճան ստացած Սարգիսն աշխատանքի անցավ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչությունում որպես պետի օգնական: Իսկ պետ Գագիկ Եգանյանն էլ «Օրինաց երկրի» անդամ էր, ուստի դժվար չէր համակուսակցի, կուսակցության փոխնախագահի եւ կրթության ու գիտության նախարարի որդուն ձեւականորեն նշանակել օգնական, աշխատավարձ տալ: Ուշագրավն այն է, որ մագիստրատուրայում սովորող «վունդերքինդը» հասցնում էր ամեն օր աշխատանքի գնալ միգրացիայի եւ փախստականների վարչություն, հետո ներկայանալ մագիստրատուրայի պարապմունքներին, օրվա մի զգալի մասը նվիրել կուսակցական պարտականությունների կատարմանը, մագիստրատուրան ավարտելուց հետո ընդունվել ասպիրանտուրա: Հայրը դեռ նախարար էր, ուստի պետք էր ամեն ինչ հասցնել: 2005-ի հոկտեմբերի 26-ից Սերգոն իր որդուն տեղավորեց «Հայխնայբանկ» ՓԲԸ-ում որպես իրավաբանական վարչության դատական վեճերի սպասարկման բաժնի գլխավոր մասնագետ: Դրանից հետո էլ վերանվանված նույն բանկում Սարգիս Երիցյանը դարձավ ներքին հսկողության վարչության ներքին աուդիտի բաժնի գլխավոր մասնագետ: 2007-ից էլ պայմանագրային հիմունքներով դասավանդում է Բրյուսովի անվան լեզվագիտական համալսարանում: Ինչպես շատ «նոմենկլատուրային բալիկներ», Սարգիս Երիցյանն էլ չի ծառայել բանակում: Դե, նա Հայաստանի բարձրագույն կրթության պատմության մեջ ամենաստաժավոր ասպիրանտներից է. ընդունվել է 2005-ին ու մինչեւ օրս չի պաշտպանել իր թեկնածուական ատենախոսությունը: Ախր ինչպե՞ս գրեր ու պաշտպաներ, երբ երիցյանական բալիկի ընդունակությունները խիստ սահմանափակ են, գիտելիքները` ծիծաղելիության աստիճան տարակուսելի: Երբ նա հայտնվում էր «Օրինաց երկրում» ու սկսում դատողություններ անել, «փիլիսոփայական մտքեր» արտահայտել, հավաքարարներն անգամ փռթկացնում ու հեռանում էին: Ժամանակ առաջ թերթերից մեկը գրել էր, որ Սարգիսն աշխատում է «ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատում որպես դատավորի օգնական, որտեղ, ասում են, որոշ դատավորների համար լավ սուրճ եփողի համբավ ունի»: Չստացված ասպիրանտը, դատարանում ու կառավարությանն առընթեր վարչությունում ընդամենն օգնականի պարտականություններ կատարած, իրավաբանական բավարար ստաժ ու փորձառություն չունեցող անձն ինչպե՞ս է դառնալու քաղաքացիական մասնագիտացմամբ դատավոր եւ ինչպե՞ս է վարելու դատական նիստերը: Այս հարցին մեզանում դատավորներին նշանակողները չեն պատասխանում: Կարեւորն այն է, որ հերթական «ոսկեզօծ բալիկին» նշանակեն բարձր վճարվող պաշտոնում, իսկ նրա հորն էլ դարձնեն պատգամավոր, որպեսզի խորհրդարանում իշխանության օգտին կոճակ սեղմողների թիվն ավելանա: Ուրիշ ոչինչ: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս