ՖՈՏՈ. Ադրբեջանցի դիվերսանտներով «մտահոգ» ՀՖՖ նախագահն ա՞յժմ ինչ է մտածում. Գուլիևի խոստովանության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը, որ 2010 թվականին համահիմնադրել է «Անկախ լրագրողների ցանց» հասարակական կազմակերպությունը, որի կողմից էլ գործարկվող Epress.am կայքում մինչև 2018-ն աշխատել է որպես լրագրող և խմբագիր, ըստ երևույթին, լրագրողների հետ շփվելու ֆոբիա ունի: Բայց դրա մասին քիչ անց:
Մելիքբեկյանի ղեկավարած կայքը մշտապես խանդավառությամբ է լուսաբանել Հայաստանում ադրբեջանցի գերիների հետ կապված ամեն ինչ: Դրական քողի ներքո է նեկայացրել, անհանգստացել նրանց «խախտվող իրավունքներով»: Կայքն, օրինակ, առանձնահատուկ ջանասիրությամբ է լուսաբանել Քարվաճառում մի քանի հայ մարդու սպանած Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասքերովին:


2014 թվականի ամռանը, հիշեցնենք, ադրբեջանական դիվերսիոն խմբի անդամներ Դիլհամ Ասքերովը, Շահբազ Գուլիևն ու Հասան Հասանովը ներխուժել էին Արցախի Քարվաճառ քաղաք, սպանել էին Արցախի Հանրապետության քաղաքացի, 17-ամյա Սմբատ Ցականյանին, ՀՀ քաղաքացի, 42-ամյա մայոր Սարգիս Աբրահամյանին:
Իսկ տարիներ առաջ Epress.am-ը մեր հայրանկիցների կյանք խլած ադրբեջանցի հանցագործներին «ադրբեջանցի ձերբակալվածներ» բառակապակցությամբ էր դիմում «Կարմիր խաչի պատվիրակությունը հանդիպել է ձերբակալված ադրբեջանցիների հետ» վերտառությամբ հրապարակման մեջ:

Ադրբեջանցի դիվերսանտների մասին Մելքիբեկյանի՝ ժամանակին խմբագրած կայքը հաճախ է գրել: Նրանց դատավարության, կամ «Կարմիր խաչի» կողմից այցելությունների, ինչպես նաև՝ ադբրեջանից հնչող անհանգստությունների մասին շատ հրապարակումների կարելի է հանդիպել կայքում:

Հրապարակումներից մեկում էլ՝ «Իրավապաշտպանին դուր չեն եկել ադրբեջանցիների փակած աչքերը միայն», կայքի խմբագրակազմն անհանգտասացել է հայերին սպանած ադրբեջանցիների՝ դատավարության ժամանակ «իբրև թե» խախտվող իրավունքները:

«Ադրբեջանցի գերիների հետ կապված իրավիճակը փակուղային է․ Վանյան» վերնագրով հրապարակման մեջ էլ ՀՖՖ ղեկավարի խմբագրած կայքը Արցախն անվանում է «չճանաչված Լեռնային Ղարաբաղ»: Ի դեպ, կայքում երբեք չեք հանդիպի Արցախի Հանրապետություն եզրը, մշտապես կիրառվում է «Լեռնային Ղարաբաղը»:

Օրերս Ադրբեջան վերադարձած Գուլիևը, հայտարերել է, որ Քարվաճառում դիվերսիա են իրականացրել Բաքվի իշխանությունների անմիջական դրդմամբ ու հանձնարարությամբ: Այս հայտարարությունից հետո ArmLur.am-ը պարոն Մելքիբեկյանից փորձեց տեղեկանալ, թե այժմ ի՞նչ կարծիքի է ադրբեջանցի դիվերսանտների մասին: «Ինչ-որ բան փոխվե՞լ է, նրանց դիվերսանտ համարո՞ւմ եք, թե՞ դեռ մտահոգված եք նրանց՝ խախտվող իրավունքներով»,- ցանկանում էինք հարցնել Մելիքբեկյանին:

Մեր հարցերը սակայն այդպես էլ անպատասխան մնացին, քանի որ պարզվեց, որ ՀՖՖ-ում կենդանի շունչ չկա: Երկու օր շարունակ փորձեցինք կապ հաստատել ՀՖՖ նախագահի, նրա մամուլի քարտուղարի հետ, բայց ապարդյուն: Նրանք, ձեն ձենի տված, ո՛չ մեր հեռախոսազանգերին արձագանքեցին, ո՛չ էլ՝ հաղորդագրություններին: ՀՖՖ-ի կայքում նշված հեռախոսահամարով էլ զանգեցինք, բայց լսափողը վերցնող չեղավ:

Այսպիսով, պետք է արձանագրենք, որ ՀՖՖ-ն ավելի փակ կառույց է, քան անգամ ՊՆ-ն և ԱԱԾ-ն: Բայց նախկին լրագրող Արմեն Մելիքբեկյանը պարտավոր է պատասխանել մեր հարցերին:

Սևակ Վարդումյան




Լրահոս