Բաքուն հույս ունի, որ տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը վերաբերող կոնկրետ փաստաթուղթ կներկայացվի փոխվարչապետերի առաջիկա հանդիպմանը։ Տեղեկությունը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն էր հայտնել։
Նկատենք, որ տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ՝ հայ-ադրբեջանա-ռուսական հանձնաժողովում համանախագահող Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը երեկ Իտարտասի հետ զրույցում խոսել է սպասվող հանդիպումից եւ հայտնել, որ այն հաջորդ շաբաթ Մոսկվայում է տեղի ունենալու, բայց փաստաթղթի մասին ոչինչ չի ասել։
«Այդ հանդիպման կոնկրետ օրն այս պահին համաձայնեցվում է։ Իսկ հանդիպման օրակարգում ներառված են տրանսպորտային ու տնտեսական կապերի բացման վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ձեռք բերած համաձայնությունների կյանքի կոչմանը վերաբերող հարցեր»,- ռուսաստանյան ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտարարել էր նա։
Բաքուն նաև շարունակում է պնդել, թե Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների մակարդակով ձեռք է բերվել «Զանգեզուրի միջանցք» բացելու պայմանավորվածությունը։ Իսկ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ասում էր, թե Բաքվի պատկերացումն իրականություն չի դառնում։
Ադրբեջանը նաեւ արդեն ժամկետներ է նշում, որ մինչև մյուս տարի դեպի Հայաստանի սահման ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհների շինարարությունը կավարտեն, մինչդեռ հայկական կողմը այս հարցում եւս լուռ է։ Այսինքն, ադրբեջանական կողմը շարունակում է լուրջ հայտարարություններ անել, սակայն Հայաստանում նրանց արձագանքող չկա։
Ն.Հ.