Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առջև, և ուրեմն՝ ի գործ. Թագուհի Թովմասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սոցցանցի իր էջում գրում է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,
Շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության տոնի առթիվ։
Ավելի քան մեկ դար առաջ՝ 1918 թվականին, հռչակվեց Հայաստանի առաջին հանրապետությունը, և դրվեց մեր անկախ պետականության առաջին հիմնաքարը, բայց, ցավոք, այսօր մեր գոյությունը կրկին վտանգված է, մենք կրկին պայքարում ենք հայրենիքի՝ Հայաստանի և Արցախի սահմանների անվտանգության ու ինքնիշխանության և երկու պետությունների հայության կյանքի իրավունքի համար։
Հայ ժողովուրդը Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի հերոսամարտերով ցույց տվեց, որ դժվարագույն պահին՝ ֆիզիկական ոչնչացման վտանգի շեմին, կարող է միավորվել և թշնամուն ցույց տալ, որ հայ ազգի գոյությունը հավերժ է և հազարամյակներով հաստատված։ Ուրեմն այսօր էլ մենք կարող ենք վերստին համախմբվել և պատմություն չունեցող թշնամուն ցույց տալ հայի անկոտրում կամքը։

Շնորհակալ ենք այն հայորդիներին, ում կյանքի ու պայքարի շնորհիվ մենք ունենք Հայաստանի և Արցախի հանրապետություններ։ Նրանք պայքարել են մեր՝ իմ և ձեր հայրենիք ունենալու իրավունքի համար․ հերթը մերն է։ Մենք պատասխանատու ենք մեր սերունդների առջև, և ուրեմն՝ ի գործ»։




Լրահոս