Երեկ Ֆրանսիայի հրապարակում «Դիմադրության» հրավիրած հանրահավաքին հաջորդեց երթը։ «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանն ասաց, որ գոյացել է ջրբաժան և այն վերաբերում է հայկական պետականության կենսական շահերին։
«Ջրբաժանի մի կողմում արժանապատվություն և կարողություններ ունեցող մարդիկ են, ովքեր պատրաստ են հանուն պետականության զոհաբերել անձնական շահերը և լծվել նոր որակի պետության կերտման ծանր, բայց արժանապատիվ գործին։
Ջրբաժանի մյուս կողմում անվերջ մեզ խաբած, սեփական ժողովրդի օրակարգին ու պետական շահերին դավաճանած, պատերազմում պարտված իշխանական խունտան է, որը պատրաստ է զիջել ամեն ինչ։
Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսօր երթեր ու հանրահավաք չկան, սակայն երկուշաբթի առավոտյան խաղաղ անհնազանդության ակցիաները կշարունակվեն․«Երկուշաբթիից ուրբաթ պետք է կրկնապատկենք ուժերը, ավելի համախմբվենք ու հասցեական գնալու ենք դռնեդուռ, բոլորը պետք է դիրքորոշում հայտնեն, ու դրա վերջնաժամկետը հունիսի 3–ն է, մինչև հունիսի 3–ը պետք է բոլորն իրենց դիրքորոշումը հայտնեն։ Սա ջրբաժան է, պետք է հայտնեն իրենց դիրքորոշումը՝ քաղաքացիական հասարակությունները, կուսակցությունները, արտախորհրդարանական ուժերը։
Ինչ վերաբերում է անելիքներին, ապա երկուշաբթի օրվանից՝ ժամը 11։00–ից, մի քանի ուղղություններով մեր գործողությունները շարունակում ենք։ Բոլորը՝ սկսած խմբակցություններից, վերջացրած կառավարության անդմաներից, պետք է պատասխան տան, մենք պետք է հասկանանք, թե ով է ժողովրդի կողմ, ով՝ ժողովդրի դեմ․ նորից եմ ասում հունիսի 3–ը ջրբաժան է»։