«Դիմադրության» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 30-ի առավոտյան իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել:
ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հայտարարեց. «Այսօրվանից սկսում ենք այցերը տարբեր պետական, գիտական, կրթական հաստատություններ շատ հստակ եւ ուղիղ պահանջով. Այն հայտարարության տեքսը, որ ընդունվել է այս հրապարակում, առաջիկա 4 օրերի ընթացքում, պետք է շատ թիրախավորված ու հասցեական այցելենք տարբեր պետական հիմնարկներ եւ բոլորը պարտավոր են այս փաստաթղթի վերաբերյալ հայտնեն իրենց դիրքորոշումը: Սա հստակ հնարավորություն է, որ բոլորը պետք է իրենց դիրքորոշումը հայտնեն այդ հայանպաստ փաստաթղթի եւ նվազագույն պահանջների մասին, որն այսօր դրված է սեղանին:
Հիմա երթով շարժվում ենք, կայցելենք տարբեր նախարարություններ, պետական գերատեսչություններ եւ մեր պատգամավորները հստակ կդնեն խնդիրը, կհասկանան՝ ով ով է, ով է կիսում այս պատասխանատվությունը ու ով ինչ դիրքորոշում ունի: Սա լավ հնարավորություն է շատ քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց տարանջատվելու Նիկոլից եւ չկրելու երկրի կործանման պատասխանատվությունը»:
Հովսեփ Հովսեփյան